Լիլիթ Գալստյան. «Ցուցակում չլինելը իմ անձնական որոշումն է»
Այս մասին WomenNet.am-ին ասաց ՀՅԴ-անդամ, նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը` պատասխանելով մեր հարցին, թե ինչու նրա անունը չկա Երեւանի ավագանու ընտրությունների Դաշնակցության համամասնական ցուցակում: Նրա խոսքով, անշուշտ առաջարկ եղել է ու դաշնակցական ընկերները նույնիսկ շատ են պնդել, որ ցուցակում ընդգրկվի , բայց ինքը վերջնական որոշում է կայացրել` չլինել:
«Բայց իմ ցուցակում չլինելը ամենևին էլ չի նշանակում, որ ես կարելին չեմ անելու իմ թիմի հաղթանակի համար, աշխատելու եմ պլատֆորմի վերջնական մշակման վրա»,- նշեց Լիլիթ Գալստյանը:
Հարցին` իսկ կարող է կուզենայիք լինել «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի ներկայացրած ցանկում, առավել ևս, որ վերջին շրջանում իրեն շատ ենք տեսնում Ազատության հրապարակում ու մասնավորապես Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին, դաշնակցական գործիչն արձագանքեց.
«Րաֆֆին իմ 20 տարվա ընկերն է, մարդկայնորեն շատ եմ ցավում թե նրա, թե մեր ժողովրդի համար: Առհասարակ ստեղծված կացությունը շատ ծանր եմ տանում, իմ տեսակը չի կարող ժողովրդի և արդարության կողքին չլինել : Դրա հետ մեկտեղ ես ՀՅԴ անդամ եմ 22 տարի և եթե ներկայացված լինեի, ապա միայն Դաշնակցության ավագանու ցանկում: Կրկնում եմ` չլինելը միայն իմ անձնական որոշումն է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մամուլը ցուցակների վերաբերյալ կանխատեսումներ անելիս՝ ներառում էր Լիլիթ Գալստյանի անունը ՀՅԴ ընտրացուցակի առաջին եռյակում: Կային նաև խոսակցություններ, որ նախկին պատգամավորը կարող է լինի նաև «Ժառանգության» ցուցակում…
Նշենք, որ նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ՀՅԴ ցուցակում 65 հոգի է ընդգրկված, որոնցից 22 տոկոսը կանայք են:
Է.Մ.
Դիտումների քանակը` 5001