«Ես ունեմ մայրանալու իրավունք»
Մարտի 8-ին «Հույսի կամուրջ» և «Ագաթ» ՀԿ-ներն առնվազն երկու անակնկալ մատուցեցին իրենց շահառուներին: Առաջինը՝ հաշմանդամություն ունեցող կանանց և աջիկների համար նախատեսված բլոգն է՝ iԿին.am-ը , երկրորդը՝ «Ես ունեմ մայրանլու իրավունք» գիրքը: Շնորհանդեսը կայացավ Իմպերիում պլազայի «Մեդիա կենտրոնում», ասուլիսի բանախոսներն էին «Հույսի կամուրջ»-ի հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանն ու «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց ՀԿ ղեկավար Կարինե Գրիգորյանը:
Ikin.am-ը կմիավորի հաշմանդամություն ունեցող կանանց
Բլոգի խմբագիր Զառա Բաթոյանը համոզված է, որ ikin.am–ը հարթակ կդառնա համշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար՝ բարձրաձայնելու իրենց խնդիրները, կիսվելու և քննարկելու իրենց հուզող հարցերը, կոտրելու հաշմանդամության մասին բոլոր կարծրատիպերը: Մի խոսքով, կայքը թույլ չի տալու, որ հաշմանդամություն ունեցող կանայք մեկուսանան հասարակությունից:
– Եթե ասում ենք, որ գենդերային խտրականության պատճառով կանայք խոցելի են, ապա պետք է ճշտենք, որ հաշմանդամություն ունեցող կանայք՝ կրկնակի խոցելի են: Մենք նույնպես բախվում են կարծրատիպերի հետ, որոնք անհաղթահարելի պատնեշներ են հարուցում մեր առջև: Հուսամ, կայքը կհամախմբի հաշմանդամություն ունեցող կանանց, նրանց հնարավորություն կընձեռի արտահայտվելու, հետաքրքիր հարցերի պատասխանները ստանալու, ինչու չէ, ոգևորվելու հաջողության հասած այլ կանանց օրինակներով: Կայքն ունի մի շարք խորագրեր՝ «Իրական պատմություններ», «Հայտարարությւոներ», որտեղ զետեղված կլինեն օգտակար և հետաքրքիր տեղեկություններ հաշմանդամ կանանց համար…. Ի վերջո, բոլոր կանայք էլ երազում են ընտանիք, երեխաներ ունենալու, երջանիկ լինելու մասին: Հետաքրքրությունները նույնն են, ուղիներն են տարբեր, – ասում է Զառա Բաթոյանը, հրավիրելով այցելել հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների համար նախատեսված առաջին հայկական բլոգը:
«Մենք էլ սիրելու և սիրվելու իրավունք ունենք»:
«Ես ունեմ մայրանալու իրավունք» գիրքը թարգմանվել և հրատարակվել է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց կազմակերպության կողմից: Կազմակերպության նախագահ՝ Կարինե Գրիգորյանի ներկայացմամբ, գիրքը ուղեցույց է այն կանանց համար, ում հետաքրքրում են հաշմանդամություն ունեցող կանանց հղիության հետ կապված խնդիրները, կամ ինչպե՞ս կարող է հաշմանդամություն ունեցող կինը ինքնուրույն խնամել իր երեխաներին: Ցավոք, հաճախ հենց հաշմանդամություն ունեցող կանանց ընտանիքի անդամները նրանց հետ չեն խոսում ամուսնության, երեխա ունենալու մասին՝ մտածելով, որ միևնույնն է նա չի ամուսնանալու: Արդյունքում՝ այդ աղջիկները իրազեկված չեն լինում ամուսնական կյանքի, երեխա ունենալու հետ կապված մի շարք հարցերի մասին: Դա սխալ մոտեցում է. յուրաքանչյուր կին ունի սիրելու և սիրված լինելու, ընտանիք կազմելու և մայրանալու իրավունք:
– Գիրքը ներառում է տեղեկություններ սեռական դաստիարակության, առողջություն մասին: Գիրքը զերծ է բժշկական տերմինաբանությունից և յուրաքանչյուր կին, ով անգամ չունի կթություն, հասանելի տեղեկատվություն կգտնի այստեղ իրեն հուզող հարցերի վերաբերյալ: Սա նաև ուղերձ է բոլորին, որ տարբեր հաշմանդամություն ունեցող կանայք կարող են և իրավունք ունեն ապրել առողջ սեռական կյանքով, հղիանալ և լինել հոգատար մայրեր,- նշում է «Ագաթ» կազմակերպության հոգեբան՝ Քրիստինե Անանյանը:
Արևիկը «Հույսի կամուջ» -ի ակտիվիստներից է: Նա նույնպես ունի հաշմանդամություն և այն համարձակներից է, ով իր սեփական օրինակով ամեն օր՝ սկսած ընտանիքից ջարդում է բազմաթիվ կարծրատիպեր:
– Մասնակցել եմ էքստրեմալ արշավների, լեռնագնացության, անգամ պարապլանով եմ թռչել, սակայն կա հաստատուն մի կարծրատիպ, որ դու չես կարող երեխա պահել: Եվ այս գիրքը դրանով է կարևոր, որ գուցե որոշ կանանց ավելի համարձակ կդարձնի: Խնդիրներից մյուսն էլ այն է, որ շատ ամուսնացած զույգեր, ովքեր ունեն հաշմանդամություն, բայց ինչ-ինչ խնդիրներով չեն կարող երեխա ունենալ, արգելքների են հանդիպում որդեգրման գործում: Մերժում ես ստանում ու էլի այն պատճառով, որ հաշմանդամություն ունես, կապ չունի հենաշարժողական, տեսողական, թե լսողական է խնդիրը: Նույնիսկ այն մարդը, ով լիարժեք աշխատունակ է, բայց խոսելու խդիր ունի, նույնպես խնդրի առջև է կանգնում, – ասում է Արևիկը:
Արևիկը նշում է, որ դեռ ամուսնության ու երեխաների մասին չի մտածում, բայց.
– Համոզված եմ, որ նույն խնդրի առջև ես էլ եմ կանգնելու՝ նախ ընտանիքիս կողմից, հետո նաև հասարկաության, բայց հուսամ, որ այդ կարծրատիպն էլ կկոտրվի…
«Մենք էլ սիրելու և սիրվելու իրավունք ունենք: Մեզ սիրեք մեր արժանիքների, ոչ թե սահմանափակումների համար», – գրքում զետեղված այս կոչը առավել քան ճգրիտ ձևով է արտահայտում հաշմանդամության խնդիրներով զբաղվող ՀԿ-ների գաղափարախոսությունը:
Լիլիթ Քոչինյան
Վիճակագրություն
2012-ին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) հրապարակած «Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում» զեկույցում նշվում `
- Հաշմանդամություն ունեցող աղջիկ երեխաներին համեմատաբար ավելի շատ են տանում մանկատուն, քան տղաներին: Հաշմանդամություն ունեցող տղաների և աղջիկների ընդհանուր հարաբերակցությունը 2:1 է, իսկ մանկատներում այն գրեթե հավասարվում է (5.5:4.5):
- Ընդհանուր առմամբ, մանկատներում գտնվող հաշմանդամություն ունեցող տղա երեխաներին ընտանիքի անդամներն այցելում են ավելի շատ և նրանք տուն են գնում ավելի հաճախ, քան աղջիկները:
- Հաշմանդամություն ունեցող աղջիկներն ավելի շատ են հակված դուրս մնալ դպրոցից, քան տղաները. սեռերի միջև տարբերություններն ավելի ակնհայտ են մարզային քաղաքներում:
- Հաշմանդամություն ունեցող տղաների 5%-ը և աղջիկների 7%-ը երբեք դուրս չի գալիս տանից կամ դուրս է գալիս միայն բժշկին այցելելու նպատակով:
Դիտումների քանակը` 5331