Շուշին պահող աղջիկը
Առաջին անգամ ես գնացի Շուշի յոթ տարի առաջ: Քաղաքն ավերված էր, տների կեսը` դատարկ: Որոշեցի ոտքով անցնել, տեսնել քաղաքը, հասկանալ մարդկանց, ովքեր անցել են պատերազմի միջով: Ղազանչեցոց փողոցից հետո զգացի պատերազմի շունչը` քանդված տներ, անտերությունից քարուքանդ շենքեր… Կարծես թե արդեն մոլորվել եմ, բայց չեմ վախենում. Մի բուռ քաղաքում մոլորվելը ո՞րն է:
Ծարավ եմ, աղբյուր եմ փնտրում: Հանկարծ կողքիս նկատում եմ 4 փոքրիկների` հնամաշ շորերով, ծակ կոշիկներով, աղջիկները` հավանաբար մոր պայուսակից թաքուն վերցրած շրթներկը քսած: Հարցնում եմ` աղբյուր կա՞ մոտերքում: Ասում են` կա, մեր տանը: Գնում եմ իմ տեսած առաջին շուշեցիների տուն:
Տիկին Լարիսայի ընտանիքն է` մեծ ու համերաշխ. 6 երեխա ունի, մեկն էլ մահացել է պատերազմի ժամանակ: Առաջին ամուսiնը անհետ կորած է: Ասում-խոսում ենք` պատերազմից, կանացի երջանկությունից ու ոչ կանացի տառապանքներից, որ բաժին են հասել այս կնոջը: Ասում է` Լուսինեիս ասեմ, քեզ ճանապարհի: Լուսինեն գալիս է հետս:
Ճանապարհին պատմում է` «Ես ազատագրված Շուշիում ծնված առաջին մարդն եմ»: Ժպտում է: Ես նույնիսկ չեմ փորձում ճշտել փաստերը, սիրուն լեգենդ է` ազատ Շուշիի ազատ աղջիկը: Պատմում է, որ երազանք ունի` երգչուհի պիտի դառնա ու աշխարհ պտտի, զինվոր եղբայրն էլ արձակուրդում է, օգնում է խորթ հորը տան պատը շարել: Շուշիում արդեն դիսկոտեկ կա, բայց ինքը երբեք չի եղել այնտեղ. Ամոթ է: Կյանքը Շուշիում բարդ է, ասում է, բայց գնալ չի պատրաստվում. «Որ բոլորս գնանք, ո՞ւմ տանք մեր տունը: Թուրքի՞ն: Իմ պապան էս քաղաքի համար կռվեց»:
Երեկոյան Լուսինեին ուղեկցում եմ տուն ու դուրս գալիս քաղաքից: Թվում է` թողել եմ Շուշին, ինչ-որ կարևոր բան, մարդու պատմություն, որի շարունակությունը շատ կարևոր է:
Սրանից հետո ամեն տարի գնում եմ Շուշի, բայց Լուսինեին չեմ տեսնում, ժամանակը չի հերիքում: Այս տարի հաստատ որոշել եմ` գնում եմ Լուսինեին գտնելու:
Ոտքով անցնում եմ նույն ծանոթ ճամփան, արդեն չեմ մոլորվում, անգիր գիտեմ քաղաքի բոլոր նեղ փողոցները: Մոտենում եմ Լուսինեենց տանը: Փոքրիկ պատշգամբում լվացք է անում: Միանգամից հիշում եմ` նույն լվացքի մեքենայից տատիկս ուներ` շատ տարիներ առաջ: Մտնում եմ բակ: Լուսինեն ինձ չի հիշում, բայց ժպտում է: Բարևում եմ, հիշեցնում` ով եմ: Տալիս եմ հին նկարները, որ երևակել եմ 7 տարի առաջ ու ուղիղ յոթ անգամ հետս տարել Շուշի ու հետ բերել Երևան:
Լուսինեն պատմում է` աշխարհ չի պտտել, բայց էլի երգում է` օրորոցային: Արդեն երկու երեխա ունի` տղա ու աղջիկ: Ամուսինը շուշեցի է, աշխատանք ունի, վատ-լավ ապրում են: Ասում է` երջանիկ է, քաղաքը վերակառուցվում է, կյանքը լավանում: Զինվոր եղբայրը էլի զինվոր է` արդեն սպա:
Հարցնում եմ` երազանքդ մոռացե՞լ ես: Պատասխանում է. «Ի՞նչ երազանք: Երգել կհասցնեմ դեռ: Հիմա Շուշին պահելու, էստեղ ապրելու ժամանակն է: Իմ ունեցածը երազանքից լավ է»:
Այս անգամ էլ թողնում եմ Շուշին ու հետ գալիս, բայց խիղճս հանգիստ է. Շուշին պինդ ձեռքերում է:
Անի Գորյան
P.S. Այսօր Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձն է: Այն սկիզբ առավ 1988-ի փետրվրի 20-ին, երբ ԼՂԻՄ մարզխորհուրդի նստաշրջանին ընդունվեց պատմական որոշումը ՝ մարզը Ադրբեջանի կազմից դուրս բերելու եւ Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու մասին… Շուշին ազատագրվեց դրանից չորս տարի անց միայն…
Դիտումների քանակը` 5631