ԵԽԽՎ նոր բանաձևը կոչ է անում հավասար բաժանել պարտականությունները ընտանիքում
ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանի ընթացքում ( հունվարի 21-25 -ը ) ընդունվեց #1921 իսպանացի պատգամավոր Կարմեն Կինտանիլյայի հեղինակած բանաձևը. ՛՛Գենդերային հավասարությունը, անձնական և աշխատանքային կյանքի համադրումը, պարտականությունների բաժանումը ընտանիքում՛՛:
Իր բացման խոսքում զեկուցող Կարմեն Կինտանիլյան ընդգծեց.
– Մեզ անհրաժեշտ է օրենսդրություն, որը կապահովի ծնողների համար արձակուրդ ստանալու և երեխաների մասին հոգ տանելու հավասար հնարավորություններ, ճկուն գրաֆիկ աշխատանքը և տնային պարտավորությունները համադրելու համար: Իմ զեկույցը նախատեսում է յուրատեսակ մոտեցում հավասարության սկզբունքներին, համատեղ գործունեություն և օգնություն ընտանիքին: Մենք պետք է որոշենք, թե ինչ է պետք անել մեր խորհրդարաններում: Սա լուրջ աշխատանք է, որը պահանջում է օրենսդրության և մտածելակերպի փոփոխություն, մենք պետք է փոխենք դրույթները օրենսդրության մեջ, ինչն էլ ի վերջո կհանգեցնի մտածելակերպի փոփոխության: Խոսքը գնում է երեխաների և տարեց մարդկանց խնամքի մասին, չէ որ տանը կատարված աշխատանքը նույնպես աշխատանքն է: Տնային աշխատանքը ընդհանուր պարտականություն է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, հենց դա էլ ապահովում է գենդերային հավասարությունը 21-րդ դարում: Շատ հաճախ մենք տարանջատում ենք անձնական կյանքը աշխատանքից, սակայն նրանք սերտորեն կապված են իրար հետ, ինչպես նաև կապված են տղամարդկանց և կանանց հետաքրքրությունների հետ, մենք շարունակ խոսում ենք հավասարության ձգտելու մասին, չնայած որ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու առաջընթաց ունենալու համար:
Ներկայացնեմ որոշ թվեր Եվրոպայում կյանքի որակի վերաբերյալ: Հետազոտությունը ցույց է տվել, որ տնային աշխատանքում կանանց և տղամարդկանց ներգրավվածության մասնաբաժինը կտրուկ տարբերվում է, և միջինը եվրոպական երկրներում 80 % կանայք ներգրավված են տնային գործերում, իսկ տղամարդիկ կազմում են 45 %: Ամբողջ Եվրոպայում հավասարությունը տատանվում է ընտանեկան հոգսերը կիսող առնվազն 17 % տղամարդկանցից (Թուրքիայում) մինչև 70 % (Շվեդիայում): Չնայած այն հանգամանքին, որ ներկայումս կանայք ունեն լիարժեք հավասարություն, այնուամենայնիվ նրանք շարունակում են կատարել ընտանեկան պարտականությունների առյուծի բաժինը:
Մոլդովացի պատգամավոր Կորինա Ֆուսուն իր հերթին նշեց, որ զեկույցը ստիպում է մեզ մտածել տղամարդկանց և կանանց իրական հեգսերի մասին, այն մասին, թե ինչպես հասնել հավասարակշռության աշխատանքի և անձնական կյանքի միջև.
– Այստեղ խոսքը գնում է տղամարդկանց և կանանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու մասին: Կնոջ դերը ժամանակակից կյանքում և երեխաների դաստիարակության մեջ փոխվում է: Շատ հաճախ ընտանիքում կոնֆլիկտներ են առաջանում հենց հավասարության բացակայության պատճառով: Մենք խոսում ենք ավանդական դերերի և նրանց վերաիմաստավորման մասին:
Պատգամավոր Էլմիրա Կովաչը Սերբիայից իր ելույթում նշեց, որ չափազանց կարևոր է այն հարցը, թե ինչպես համատեղել անձնական կյանքը և աշխատանքը.
– Եվրոպայի խորհրդի մեջ են մտնում և՛ ԵՄ անդամ-պետություններ, և՛ այնպիսիք, որոնք ընդգրկված չեն Եվրամիության կազմում, սակայն այս հարցերը հավասարապես կարևոր են բոլոր երկրների համար: Կանայք շատ մեծ դեր են խաղում երեխաների դաստիարակության հարցում, և նրանց չափազանց դժվար է վերադառնալ աշխատանքային ռեժիմին դեկրետից հետո: Երեխայի մասին մշտապես հոգ տանելու պարտականությունից կնոջը ազատելը ապահովում է այդ հավասարությունը: Օրինակ եթե երեխայի խնամքը տևում է 9 ամիս, ապա ամուսինն ու կինը կարող են փոխարինել իրար 3 ամիսը մեկ: Անձնական կլյանքի և աշխատանքի միջև հավասարություն հաստատելու տեսանկյունից երեխաների խնամքի համար տրվող արձակուրդը կարևոր է նաև այս հարցում անհավասարությունը վերացնելու համար:
Պատգամավոր Մենդես Բոտան Պորտուգալիայից նշեց, որ իր ելույթը նախատեսում է նախաձեռնել ընդգրկուն և արդյունավետ միջոցառումներ, օգնություն ցուցաբերելու ծառայություններ, հավասար ծնողական արձակուրդներ, ֆինանսական օգնություն և իրավական բարեփոխումներ.
– Ընտանեկան պարտականությունների հավասար բաժանումը ենթադրվում է՝ անմիջական ազդեցություն կգործի մարդկանց համոզմունքների վրա, ինչպես նաև նրանց հարաբերությունների վրա և՛ անձնական կյանքում, և՛ գործատուների հետ: Հետևաբար, սա թուլացնում է ստատուս-քվոն, որը հաստատվել է շատ վաղուց: Հազարավոր, ավելին՝ միլիոնավոր կանայք աշխարհում/ ընդունակ, անկախ, ստեղծագործ անհատներ/ անհամբեր սպասում են այն օրվան, թե երբ պետք է իրենց ողջ ներուժը օրինականացվի բարոյական թերությունների հետ մշտական պայքարի մեջ գտնվող աշխարհում:
Պատգամավոր Բերնադետտ Բուրզեն Ֆրանսիայից ընդգծեց, որ յուրաքանչյուր ռազմավարություն պետք է ճշգրտվի անձնական հանգամանքներով.
– Որպես քաղաքական գործիչներ մենք պետք է անենք ամեն մի հնարավոր բան գտնելու համար ադեկվատ տեխնիկական պատասխաններ այն հարցին, թե ինչպես կարող են կանայք համատեղել լիարժեք մասնագիտական գորշունեությունը և անձնական կյանքը:
Մենք գիտենք այն ճանապարհները, որոնք պետք է ուսումնասիրել, և պետք է հեղաշրջում առաջացնենք մտածելակերպի մեջ: Ես կիսում եմ զեկուցողի տեսակետը ընտանեկան պարտականությունների բաժանման վերաբերյալ: Ընտանեկան պարտականությունների նոր բաժանումը հանդիսանում է շատ կարևոր և որոշիչ գործոն: Եթե մենք կիսենք այս գաղափարը, մենք կկարողանանք դուրս գալ այն կարծրատիպի շրջանակից, որ կանայք ավելի քիչ արդյունավետ են որպես աշխատողներ քանի որ, որ նրանք ավելի ուշադիր են այն ամենի հանդեպ, ինչ կատարվում է տանը. օրինակ փոքր երեխան բրոնխիտ է, կամ դպրոցը փակ է: Մայրությունը այլևս չպետք է դիտարկվի որպես ընտրություն, որը ազդում է կարիերայի վրա, այնպես ինչպես երեխա չունենալը կնոջ համար չպետք է համարվի կարիերայում հաջողության հասնելու պայման:
Օքսանա Մուսայելյան,
Ստրասբուրգ-Երեւան
Դիտումների քանակը` 4655