Ներդրումներ հանուն երիտասարդության

Այս կարգախոսի ներքո է նշվում այս տարի Բնակչության համաշխարհային օրը

Հայաստանում 18-30 տարեկան երիտասարդները կազմում են ընդհանուր բնակչության շուրջ 27 տոկոսը: ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության 2013-2017 թվականների ռազմավարության դրույթների համաձայն` երիտասարդները հասարակության կարևոր ներուժն են, և նրանց պետք է ազատ, բազմակողմանի զարգացած, առողջ և պատասխանատու քաղաքացիներ դառնալու հնարավորություն ընձեռել:

 

Չնայած ծրագրի առաջնահերթություններից մեկը երիտասարդների զբաղվածության ապահովումն է, գործազրկությունը թիվ մեկ խնդիրն է երիտասարդության շրջանում, ի դեպ, ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ աշխարհում: 2013-ին հրապարակված ՄԱԿ-ի զարգացման ծրագրի «Երիտասարդների զբաղվածությունը Հայաստանում» զեկույցի տվյալներով` մեզանում 15-24 տարեկան երիտասարդների գործազրկության մակարդակը ավելի քան 40 տոկոս է, ինչը մոտ 2,5 անգամ բարձր է միջին մակարդակից: Ընդ որում, կանանց շրջանում այն ավելի բարձր է, քան տղամարդկանց: Ի դեպ, զեկույցը մշակվել է Հազարամյակի զարգացման նպատակների արագացման գործընթացի շրջանակներում:

 

Մեկ այլ` Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) «Զբաղվածության գլոբալ միտումները -2013» զեկույցի համաձայն` ԱՊՀ-ում մինչև 2017 թվականը երիտասարդ տղամարդկանց գործազրկության մակարդակը կկազմի 17,7%, իսկ երիտասարդ կանանցը` 18,3%: Ըստ զեկույցի` երիտասարդների գործազրկության ամենաբարձր մակարդակը Հայաստանում է` 39,1%:

 

Յուրաքանչյուր տարի ՀՀ աշխատաշուկա են մտնում շուրջ 21 հազար բարձրագույն կրթություն և 10 հազար նախնական և միջին մասնագիտական կրթություն ունեցող երիտասարդներ: Սակայն ըստ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի»` մեր աշխատաշուկայի և մասնագիտական կրթական համակարգի միջև առկա է շատ մեծ անհամապատասխանություն: Մասնավորապես, իրենց մասնագիտությամբ չեն աշխատում բարձրագույն կրթությամբ երիտասարդների 42,7%-ը և միջին մասնագիտական կրթությամբ երիտասարդների 66,0%-ը:

 

Բացի աշխատատեղերի բացակայությունից և գործազրկությունից, երիտասարդները կանգնում են բազում այլ խնդիրների առջև, որոնց թվում կրթության անհասանելիությունն է, բնակարանի բացակայությունը, առողջապահական ծառայությունների, այդ թվում, վերարտադրողական առողջության հետ կապված ծառայությունների մատչելիությունը… Այս ամենի հետևանքով ` երիտասարդների շրջանում բարձր են միգրացիոն տրամադրվածությունները: Երիտասարդները շատ ավելի ծանր են տանում սոցիալական անարդարության դրսևորումները: Փորձագետների գնահատականներով` պետության աջակցությունը երիտասարդների հիմնախնդիրներին բավարար չէ, թեպետ մի շարք նպատակային ծրագրեր են մշակվում և իրականացվում, բայց ոչ այնքան արդյունավետ:

 

Այսպես, ՀՀ-ում արդեն մի քանի տարի գործում է «Երիտասարդ ընտանիքի մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը: Հիշեցնենք` ծրագրից կարող են օգտվել այն երիտասարդ ընտանիքները, որոնցում ամուսինների գումարային տարիքը չի գերազանցում 60-ը, ինչպես նաև երեխա ունեցող 18-30 տարեկան միայնակ ծնողները: Եվ դա այն դեպքում,  որ ընտանիք կազմող երիտասարդների տարիքային շեմն ակնհայտ ավելացել է, և այսօր ավելի հաճախ ամուսնանում են 25-30 տարեկանից հետո: Բացի  այդ, վարկ ստանալու համար անհրաժեշտ է վճարել բնակարանի արժեքի 30%-ը, ինչը բավական մեծ գումար է: Ամենահամեստ հաշվարկներով` վարկի մարման ամսական տոկոսադրույքը կազմում է 100-130 հազար դրամ: Այս պարագայում երիտասարդները պետք է առնվազն 300-400 հազար դրամ եկամուտ ստանան, որպեսզի կարողանան և՛ հագնվել, և՛ սնվել, և՛ կոմունալ վարձավճարներ մուծել, և՛ վարկ վճարել: Մինչդեռ Հայաստանում միջին անվանական աշխատավարձը մոտ 160 հազար դրամ է: Այս պարագայում առավել քան հասկանալի  էր երիտասարդների դժգոհությունը հավելյալ պարտադիր կուտակային կենսաթոշակային պահումների ներդրումից: Բնակարանային վարկերը տրամադրվում են առնվազն 10 տարի մարման ժամկետով: Ձեռք բերվող բնակարանի արժեքի առավելագույն չափը 16 մլն դրամ է, պետությունը վերաֆինանսավորում է տարեկան 300 վարկ:

 

Նշենք նաև, որ մինչ այԺմ. վերաֆինանսավորվել է 1520 վարկ, թեպետ ենթադրվում էր, որ այս ծրագրի պոտենցիալ  շահառուներ կհանդիսանան 6.000 երիտասարդ զույգեր:

 

Սոցիալ-տնտեսական հանգամանքներով է պայմանավորված նաև երիտասարդների ընտանիք կազմելու դիրքորոշումը: Այս հարցում  երիտասարդներից շատերը սկսում են առաջնորդվել ժամանակակից աշխարհում ընդունված հաջողակ կյանքի մոդելով, ըստ  որի մարդ պետք է ուսում ստանա, կարիերա ստեղծի, որոշակի հաջողությունների հասնի, այնուհետև միայն մտածի ընտանիք կազմելու մասին:

 

Ըստ «Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցի»` հայ երիտասարդների շրջանում ամուսնացած չեն 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, իսկ 30 տարեկաններից` յուրաքանչյուր 4-րդը:

 

25-30 տարեկանների խմբում առաջիկա 2 տարիներին չեն պատրաստվում ամուսնանալու աղջիկների 39%-ը և տղաների 27%-ը: Չամուսնանալու տնտեսական պատճառներն առավել բնորոշ են տղամարդկանց, իսկ մշակութային պատճառները` կանանց: Աղջիկների 25%-ը չամուսնանալու պատճառ է նշում սովորելը, 23%-ը` տարիքը, կարծում է, որ վաղ է, և 20%-ը նշում է, որ ընտրյալ չունի: Տղաների դեպքում` 18%-ը նշում է, որ վաղ է, 16%-ը` լավ աշխատանք և 14%-ը` փող չունի:

 

Եվս մեկ` անմիջականորեն երիտասարդ ընտանիքներին վերաբերող հանգամանք: ՀՀ վիճակագրական ծառայության տվյալներով` մեր հանրապետությունում նախադպրոցական տարիքի երեխաների միայն 21,6%-ն է մանկապարտեզ հաճախում, իսկ գյուղական համայնքներում` ընդամենը 10,5%-ը: Այս պաշտոնական թվերը ընդամենը փաստում են, թե որքան դժվար է երիտասարդ մայրերին համատեղել աշխատանքն ու ընտանիքը: Ընդ որում, այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում կնոջ չաշխատելու տարբերակը չի էլ դիտարկվում, այլապես երիտասարդ ամուսինները չեն կարողանա ո՛չ ընտանիքի գոյատևման հարցը լուծել, ո՛չ էլ մեկից ավելի երեխա ունենալ…

 

Ի՞նչ չափով են հայ երիտասարդները պատրաստ փոխել կյանքը: Ըստ զեկույցի` հայ երիտասարդների 53,1%-ը հետաքրքրված է երկրի ներքաղաքական կյանքով, սակայն հարցված երիտասարդների միայն 11,6%-ն է եղել որևէ կուսակցության կամ դրա երիտասարդական թևի անդամ: Երիտասարդների 76,2%-ը համարում է, որ Հայաստանում չկա այնպիսի կուսակցություն, որն արտահայտի իրենց շահերը: ՀՀ-ում գործում են 600 երիտասարդական հասարակական կազմակերպություններ, որոնցից, սակայն, 60-70-ն են ակտիվ:

 

 WomenNet.am

Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի

Դիտումների քանակը` 3798

Գլխավոր էջ