Բողոքի ցույց բռնաբարության գործով

Այսօր «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» բողոքի ակցիա անցկացրեց նախագահական նստավայրի եւ ՀՀ Գլխավոր Դատախազության շենքի  առջև՝ պահանջելով արդար  դատավարություն  բռնաբարությունից  տուժած 28-ամյա Հասմիկի /անունը փոխված է/  գործով: Կոալիցիան պահանջում է նաև գործում ներգրավված իրավապահ մարմինների ներկայացուցիչներին պատասխանատվության ենթարկել:

 

Ակցիայի մասնակիցները`  «Բռնաբարության զոհը չպետք է պատասխանատվություն կրի կատարվածի համար», «Անգործ ոստիկան՝ սեռական բռնության դեպքերի աճ», «Պահանջում ենք գործի անաչառ քննություն»  գրություններով   պաստառներ էին պարզել:

 

Հանձնելով   նախագահականի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժնում    տուժող Հասմիկի  փաստաբանի  դիմում բողոքը՝ ակցիայի մասնակիցները  շարժվեցին դեպի ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ պահանջեցին հանդիպում գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ: Դատախազությունում նրանց խոստացան մի քանի օրերի ընթացքում կազմակերպել հանդիպումը:

 

Այսօր նաև հայտնի դարձավ, որ  բռնաբարության գործով տուժող Հասմիկի փաստաբաններից Նոնա Գալստյանը ՀՀ վճռաբեկ դատարան է ուղարկել բողոք՝ ընդդեմ ՀՀ վերաքննիչ դատարանի այս տարվա մայիսի 21-ի որոշման:

Հիշեցնենք, որ, ըստ Հասմիկի հաղորդման , 2012թ-ի մայիսի 9-ին «Վալենսիա» հյուրանոցային համալիրում  նա ենթարկվել է ծեծի եւ բռնաբարվել 32-ամյա Արմենի կողմից (անունները փոխված են)։

 

Հետք-ը որոշակի մանրամասներ է ներկայացնում այս  գործի  ընթացքի  հետ կապված` նշելով, որ    ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում եւ Երեւանի քննչական վարչությունում բռնաբարության այս գործը մի քանի անգամ արդեն կարճվել է։  Հասմիկը դիմել է դատարան, որտեղ նրա պահանջը՝ քրեական գործը վերսկսելու մասին, բավարարվել է։ Ավան եւ Նոր Նորք, այնուհետեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններն իրենց որոշման մեջ արձանագրել են, որ նախաքննական մարմինն անտեսել է գործի հետ կապված մի շարք փաստեր եւ իրականացրել միակողմանի, ոչ օբյեկտիվ քննություն։ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը վերացրել է Երեւանի քննչական վարչության գործը կարճելու մասին որոշումը եւ պահանջել վերաբացել այն։

 

 

Այնուհետև Ոստիկանության Երեւանի քննչական վարչությունը՝ ի դեմս դատախազ Շուշանիկ Իսրայելյանի, բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ ընդդեմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի որոշման։ Վերաքննիչ դատարանը, դատավոր Գ. Մելիք-Սարգսյանի նախագահությամբ, 2014թ-ի մայիսի 21-ի որոշմամբ՝ բավարարել է դատախազի բողոքը։

 

 

«Հետքի» հետ զրույցում Հասմիկը պատմեց, որ քրեական գործի նախաքննության փուլում դատախազ Շուշանիկ Իսրայելյանը հանդիպել է իրեն եւ ասել, թե ինքն իզուր է փաստաբանի վրա գումար վատնում:  «Մեր հանդիպման ժամանակ ասաց, որ իզուր եմ փաստաբան վարձել։ Դրա փոխարեն՝ ավելի լավ է վստահեմ քննիչին, ընկերություն անեմ քննիչի հետ։ Այդպես ավելի լավ կլինի»,- պատմում է Հասմիկը։

 

 

Ի տարբերություն Հասմիկի՝ կասկածյալ Արմենը հետեւել է այս խորհրդին եւ ընկերական հարաբերություններ է ունեցել իր գործը քննող քննիչ Ա. Կավեյանի հետ, ինչի մասին վկայում են միմյանց ուղարկված sms հաղորդագրությունները…

 

Շարունակությունը   այստեղ.

 

Դիտումների քանակը` 3323

Գլխավոր էջ