Գարիկ Հայրապետյան. «Պտղի սեռը չհայտնելու մասին օրենքի նախագիծը ուղերձ է մեր հասարակությանը» …
Քննարկում Մեդիա Կենտրոնում
Սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների հետևանքով Հայաստանում տարեկան 1500 աղջիկ չի ծնվում: ՀՀ առողջապահության նախարարության հեղինակած օրինագիծը, որով մինչև 30 շաբաթական դառնալն արգելվելու է ծնողներին հայտնել ապագա երեխայի սեռը, անկախ հնարավոր կոռուպցիոն ռիսկերից, խնդիր ունի հասարակության միջից հանել «տղայակենտրոն» մոտեցումը: “Կգործի արդյոք այդ օրենքը”,- այս թեմային էր նվիրված Մեդիա Կենտրոնում այսօր կայացած ասուլիսը:
«Հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումն ավելի շատ սոցիալական խնդիր է, քան առողջապահական, պտղի սեռը չհայտնելու մասին օրենքի նախագիծը նախևառաջ ուղերձ է հասարակությանը և գալու է սատար կանգնելու այն կանանց, ովքեր ստիպված են լինում արհեստական ընդհատման դիմել՝ ընտանիքի անդամների ճնշմամբ»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» հայտարարեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը` ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնած օրենքի նախագծի վերաբերյալ քննարկմանը: Օրինագիծն առաջարկում է պտղի՝ մինչև 30 շաբաթական դառնալն արգելել բժիշկներին հայտնել ծնողներին ապագա երեխայի սեռը:
Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետ Կարինե Սարիբեկյանն ու Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Անուշ Սուքիասյանը:
Ասուլիսի ամբողջական տեսաձայնագրությունը դիտեք այստեղ:
«Երրորդ երեխայի դեպքում՝ 100 աղջկա համեմատությամբ ծնվում է 160 տղա, ինչը կատաստրոֆիկ թիվ է», – նշեց Կարինե Սարիբեկյանն` ավելացնելով, որ հայերը դեռ առաջնորդվում են «տան ծուխը չմարելու հոգեբանությամբ», երբ տղա երեխա ունենալը համարում են պարտադիր պայման: Ըստ բանախոսի` այս միտումներով մինչև 2060թ. Հայաստանը կկորցնի 100 հազար աղջիկ:
Անդրադառնալով միջազգային փորձին՝տիկին Սարիբեկյանը նշեց. «Հարավային Կորեայում արգելքը ենթադրում է քրեական պատասխանատվություն ինչպես բժշկի, այնպես էլ արհեստական ընդհատման դիմող կնոջ նկատմամբ, սակայն մեզ մոտ լինելու է միայն վարչական պատիժ՝ տուգանքի տեսքով»:
Բանախոսը համեմատեց նախկինում տղա երեխա չունեցող զույգերի հոգեբանությունը ժամանակակից զույգերի հոգեբանության հետ` նշելով, որ նախկինում «կինը ծննդաբերում էր մինչև հաղթական ավարտն, այսինքն մինչև որդի ունենալն, ինչը բարձրացնում էր երկրի ծնելիության ցուցանիշը»:
«Ապագա մայրերի ու հայրերի շրջանում պետք է արմատավորենք անհանդուրժողականություն սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման նկատմամբ», – ասում է Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Անուշ Սուքիասյանը:
Բանախոսն ընդգծեց, որ նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի Առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովում, և իրենց առաջարկներից մեկն է շեշտը դնել Հայաստանի հասարակությունում առկա կարծրատիպերի վերացման վրա:
ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության վարչության պետը չի բացառում, որ ծնողները կդիմեն տարատեսակ միջոցների ապագա երեխայի սեռն իմանալու համար, սակայն ըստ բանախոսի` դա կանի տասը զույգից մեկը:
«Ամենահիմնարարը պտղի կյանքի իրավունքն է: 30 շաբաթականից հետո ծնողները կարող են իմանալ երեխայի սեռը և մինչև ծնունդը կունենան 10 շաբաթ երեխայի ծնունդին նախապատրաստվելու համար», – հայտարարեց Կարինե Սարիբեկյանն` ի պատասխան մարդու տեղեկություն ստանալու իրավունքի մասին հնչած հարցին:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը նշեց, որ, միայն այս օրենքով հնարավոր չի լինի պայքարել սեռով պայմանավորված ընհատումների դեմ, և պետք է մշակել գործողությունների երկարաժամկետ փաթեթ:
Նշենք, որ նախագծի համար հիմք է ծառայել «Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» հետազոտությունը, որը կատարվել է 2012-2013 թթ.՝ ՀՀ առողջապահության նախարարության, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի համագործակցությամբ:
Քննարկումը նախաձեռնել էր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը՝ «Մեդիա կենտրոնի» հետ համագործակցությամբ:
Աղբյուրը` Մեդիա Կենտրոն
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք
Դիտումների քանակը` 3772