Կանայք եւ տղամարդիկ աշխատանքի շուկայում. թաքնված խտրականություն

Թեպետ ՀՀ Սահմանադրությունը, Աշխատանքային օրենսգիրքը և «Աշխատանքի պետական տեսչության մասին» օրենքը ամրագրում են հավասար աշխատանքի դիմաց հավասար վարձատրության սկզբունքը, արգելելով սեռի հատկանիշով տարաբաժանումը աշխատաշուկայում և զբաղվածության ոլորտում, սակայն, դե ֆակտո,  գոյություն ունի ուղղահայաց (կարիերայի աստիճանների ոչ հավասար մատչելիություն), այնպես էլ՝ հորիզոնական (ըստ մասնագիտությունների և սեկտորների) խտրականություն կանանց նկատմամբ:  Արդյունքում՝ հանրապետության մասշտաբով կանանց միջին ամսական զուտ  եկամուտը կազմում  է տղամարդկանց եկամտի 59%-ը, իսկ միջին ամսական աշխատավարձը՝ տղամարդկանց աշխատավարձի 64,4%-ը:

 

ՀՀ-ում նույնիսկ տնտեսության «կանացի» դեմք ունեցող ճյուղերում  (առողջապահություն, կրթություն, մշակույթ)  կանանց միջին աշխատավարձն էապես ցածր է տղամարդկանցից, չնայած նրան, որ կանանց կրթական ցենզը կամ  մասնագիտական որակավորումը նույնիսկ ավելի բարձր են:

 

Երկրի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում կանանց ներգրավվածության մակարդակը հակադարձ համեմատական է  ճյուղում  առկա աշխատավարձի մեծությանը:

 

Գենդերային խտրազատումը զբաղվածության ոլորտում ի հայտ է գալիս նաև` կախված սեփականության ձևից:  Տնտեսության պետական հատվածում, որտեղ աշխատավարձը մասնավորի համեմատ նկատելիորեն   ցածր է,  ավելի շատ կին է զբաղված, քան տղամարդ, թեև ղեկավար պաշտոնների մեծ մասը  դարձյալ զբաղեցնում են տղամարդիկ:

 

Եթե տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում մեծ դեր է խաղում միգրացիան, ապա կանանց զբաղվածության մեջ ոչ ֆորմալ զբաղվածությունը ( հատկապես գյուղատնտեսության ոլորտում),  որը բնութագրվում է   ցածր եվ ոչ վստահելի եկամուտներով, ծանր աշխատանքային պայմաններով, երկար աշխատաօրով, իրավական  եւ սոցիալակն ցածր  պաշտպանվածությամբ:

 

Եթե վարձու աշխատողների կարգավիճակում կանանց և տղամարդկանց մասնակցությունն էապես տարբեր չէ (47%-ը՝ կին, 53%-ը՝ տղամարդ), ապա  ինքնազբաղվածների, և հատկապես` գործատուների դեպքում  տղամարդկանց բաժինն արդեն 80%-ի է հասնում,  դրան հակառակ՝  ընտանիքի չվարձատրվող անդամների թվում շուրջ 2/3-ը կանայք են: Տնային տնտեսության մեջ կանանց անվարձահատույց գործունեությունը որևէ արժեքային գնահատական չի ստանում և չի ընկալվում որպես աշխատանք:

 

ՀՀ վիճագրական ծառայության կողմից  իրականացված   ժամանակի բյուջեի գենդերային վերլուծությունները բացահայտում են կանանց կրկնակի ծանրաբեռնվածության փաստը: Ըստ  արդյունքների  տղամարդիկ երեք անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում եկամտաբեր (վարձատրվող աշխատանք) գործունեության վրա, կանայք էլ հինգ անգամ ավելի շատ ժամանակ են ծախսում տնային տնտեսության և ընտանիքի անդամների խնամքի վրա (չվարձատրվող աշխատանք): Ընդհանուր առմամբ տղամարդիկ 30%-ով ավելի շատ ազատ ժամանակ ունեն, քան կանայք:

 

ՀՀ Ազգային  վիճակագրական ծառայության տվյալներով Հայաստանում իրական գործազրկության մակարդակը 2012թ. դրությամբ կազմում էր 17,2%:  Ընդ որում կանանց և տղամարդկանց գործազրկության մակարդակների (համապատասխանաբար՝ 52% և 48%) տարբերությունը մեծ չէ:  Դրա հետ մեկտեղ  պաշտոնապես գրանցված գործազուրկների թվում՝   ՀՀ Զբաղվածության պետական ծառայության տվյալներով  71%-ը՝ կանայք են:

 

Գործազրկության  գենդերային վերլուծությունը բացահայտում է, որ  40-ից բարձր  տարիքային խմբերի կանայք կրկնակի անգամ ավելի շատ են ենթակա գործազրկության և աղքատության մեջ հայտնվելու ռիսկին; Անհամեմատ բարձր է կանանց մասնաբաժինը (88%)  ընտանեկան հանգամանքների պատճառով գործազուրկ դարձածների թվում:   Մտահոգիչ է նաև մեկ տարուց ավելի գործազուրկի կարգավիճակ ունեցողների կազմում կանանց  բարձր մասնաբաժինը (ավելի քան 80%): Այդպիսի կանայք  երկարատև գործազրկության հետևանքով կորցնում  են որակավորումը և աշխատանքի տեղավորվելու համար ոչ միայն մասնագիտական ուսուցման, հաճախ նաև բարոյական և հոգեբանական աջակցության և վերականգնման կարիք ունեն:

 

Հայաստանյան աշխատաշուկայում կանանց առջև ծառացած խնդիրը ոչ միայն աշխատատեղերի մատչելիությունն է, այլև՝ խտրականությունը աշխատանքի ընդունվելիս, երբ նրանք, չնայած կրթվածության և որակավորման բարձր մակարդակին, լիովին կախված են գործատուի նախասիրություններից: Կանանց հետ  առանց իրավական հիմքերի մեծամասամբ կնքվում են կարճաժամկետ աշխատանքային պայմանագրեր, նրանք ավելի հաճախ են զբաղված լինում ոչ լրիվ աշխատանքային օրով,  տեղավորվում ժամանակավոր աշխատանքի, նրանց առաջին հերթին են ազատում աշխատանքից կամ կրճատում, մեծ մասամբ առանց հիմնավոր պատճառի:

 

Ըստ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի

հրապարակումների 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում. 

 

Իմացե՛ք ձեր աշախատանքային իրավունքները . փաստաբանների մայիսմեկյան ակցիա

 

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

 

Իսկ ձեզ հայտնի՞ է երջանիկ ընտանեկան կյանքի ամենակարևոր գործոնը

 

Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին

 

ԵԽԽՎ նոր բանաձևը կոչ է անում հավասար բաժանել պարտականությունները ընտանիքում

 

«Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել»…

 

«Մնում է մի հատ գոգնոց կապեմ ու վրեն գրեմ «Նինայի կնիկը»…

 

Կանայք աշխատանքի շուկայում. օրենսդրական փոփոխություններ

 

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

 

Հաջողված կարիերա թե՞ երջանիկ ընտանիք

 

Դիտումների քանակը` 6671

Գլխավոր էջ