«Ես արժանի չեմ բռնաբարված լինելու»

Բրազիլացի լրագրող Նանա Քուերիոզը նախաձեռնել է «Ես արժանի չեմ բռնաբարված լինելու» շարժումը, որով նա հակադրվում է հասարակական կարծիքին, որի համաձայն՝ «եթե կինը այնպիսի հագուստ է կրում, որը ցույց է տալիս իր մարմինը, ապա նա արժանի է բռնաբարված լինելու»:

 

Մարտի 27-ին պետության կողմից հիմնադրված տնտեսական ուսումնասիրությունների ինստիտուտը հրապարակել է իր կողմից իրականացված հարցումների արդյունքները, համաձայն որի՝ հարցվածների 65.5 տոկոսը համաձայն են, որ եթե կինը փողոց դուրս գալիս ամբողջովին չի ծածկում իր մարմինը, ապա նա արժանի է բռնաբարության: Հարցմանը մասնակցել են 212 քաղաքներում բնակվող 3810 բրազիլացիներ, որոնց 66 տոկոսը կանայք են:

 

Երիտասարդ լրագրող Նանա Քուերիոզը ուսումնասիրության հրապարակման հաջորդ օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում նախաձեռնեց «Ես արժանի չեմ բռնաբարված լինելու» շարժումը, որին միացել են բազմաթիվ կանայք՝ հրապարակելով իրենց լուսանկարները՝ «Ես արժանի չեմ բռնաբարված լինելու» գրությամբ: Կանանց մեծամասնությունը լուսանկարներում գոտկատեղից վերեւ մերկ են (կուրծքը ծածկած վիճակում), դրանով նրանք ցանկանում են ընդգծել, որ անկախ նրանից, թե իրենք ինչպես են հագնված, ոչ ոք իրավունք չունի բռնության ենթարկելու իրենց եւ ոչ ոք արժանի չէ բռնաբարված լինելու:

Համացանցում Նանայի նախաձեռնությունը արժանացել է ինչպես դրական արձագանքների, այնպես էլ ագրեսիայի եւ սպառնալիքների: Երիտասարդ լրագրողը բազմաթիվ սպառնալիքներ է ստանում «Ֆեյսբուքում», որոշ տղամարդիկ նրան բռնաբարելու ցանկություն են հայտնում, իսկ կանայք կարծում են, որ նա արժանի է նման վերաբերմունքի:

 

Ստեղծված իրավիճակի շուրջ «WomenNet»-ը փորձեց կապ հաստատել մեկ այլ բրազիլացի երիտասարդ լրագրողի հետ, ով եւս միացել է նախաձեռնությանը: Թաիսա Սգանզեռլան մեզ հետ զրույցում նշեց, որ իրավիճակը բավականին լարված է, այնպես որ Նանան ստիպված է եղել դիմել ոստիկանություն. «Մի տղամարդ նույնիսկ այնքան չափն անցավ, որ լուսանկար էր հրապարակել Նանայի էջում, որտեղ նա գրություն ուներ ձեռքին՝ «Ես արդեն բռնաբարել եմ ու էլի կբռնաբարեմ»: Նանան սպառնալիքներով լի նամակները ոստիկանությանն է հանձնել»:

 

Ու թեեւ Բրազիլիայի կին նախագահ Դիլմա Ռուսեֆը եւս «Թվիթեր»-ի իր էջում իր աջակցությունն է հայտնել Նանայի նախաձեռնությանը, Թաիսան, սակայն, չի հավատում, թե ոստիկանությունը պատշաճ կարձագանքի ստեղված իրավիճակին, քանի որ նախկինում բռնության ենթարկված կանանցից շատերը համապատասխան աջակցություն չեն ստացել իրավապահ մարմինների կողմից:

 

Լրագրողի կարծիքով՝ թեեւ երկրում որոշակի առաջընթաց գրանցվել է կանանց իրավունքների եւ ազատությունների ապահովման ուղղությամբ, այնուամենայնիվ, այսօր բրազիլացի կանայք բավարար պաշտպանված չեն. «Մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու: Բրազիլացի տղամարդիկ կանանց երկու տեսակի են բաժանում. կանայք, ում հետ կարելի է ամուսնանալ եւ կանայք, ում հետ կարելի է անկողին մտնել: Նրանց կարծիքով՝ վերջիններս որեւէ հարգանքի արժանի չեն եւ նրանք կարող են վարվել այդ կանանց հետ ինչպես կամենան: Եթե կինը երեկույթների է մասնակցում, ալկոհոլ է օգտագործում եւ ազատ հագուստ է կրում, ապա տղամարդիկ իրենց իրավունք են վերապահում բռնանալ նրանց»,- ասում է Թաիսա Սգանզեռլան:

 

Վերջերս Բրազիլիայում մեկ այլ ուսումնասիրություն էր անցկացվել ինտերնետի միջոցով, որի արդյունքներից պարզ դարձավ, որ հարցմանը մասնակցած կանանց 89 տոկոսը գոնե մեկ անգամ փողոցում արժանացել է տղամարդկանց սուլոցների.  «Սա էլ նոր միտում է, որ տղամարդիկ սուլում են կնոջ հետեւից, ով միայնակ է դուրս եկել փողոց: Նման վերաբերմունքի արժանացած կանանց 98 տոկոսը նշել է, որ դա իրենց դուր չի գալիս: Տղամարդկանց կարծիքով՝ միայնակ փողոց դուրս եկող կինը հասանելի է իրենց համար եւ նրանք կարող են ասել նրան ինչ ցանկանան: Հասարակությունը փոխվում է, կանայք մեծամասնություն են կազմում աշխատաշուկայում, սակայն տղամարդկանց առօրյա վարքագիծը նույնն է մնում»,- նշում է բրազիլուհին:

 

Արման Ղարիբյան

 

Դիտումների քանակը` 4264

Գլխավոր էջ