Համայնքների խոշորացումը կբերի՞ ՏԻՄ-երում կանանց թվի ավելացմանը
Այս եւ համայնքների խոշորացման ծրագրի հետ կապված այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցում է Տարածքային կառավարման նախարարության Տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ, նշելով, որ պիլոտային ծրագրի մեկնարկը կտրվի արդեն այս տարի` վեց համայնքներում: Նախնական ընտրվել է փնջային մոդելը, օրինակ` առաջիկայում Դիլիջանի հետ միավորման կգնան վեց գյուղական համայնքներ…
–Պարոն Գիլոյան, համայնքների խոշորացման մասին վաղուց է խոսվում, բայց գործընթացի մեկնարկն այնքան էլ չեն ողջունում համայնքների ղեկավարները` պնդելով, որ այս բարեփոխումը կտանի դեպի համայնքների քայքայում, գործազրկության և վերջին հաշվով դրանց դատարկման: Ձեր կարծիքով, խնդիրն ինչում է, չե՞ն պատկերացնում իրավիճակն ամբողջությամբ, չե՞ն ուզում …
-Ես չէի ասի, որ խնդիրը նրանում է, որ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը: Այս բարեփոխման մասին իրազեկումը վաղուց ենք սկսել, դեռ 2008թ-ից, բայց համայնքի ղեկավարների հետ ավելի մոտ, ավելի մանրամասն քննարկումներ չենք արել: Կարծում եմ, երբ ծրագիրը նրանց ներկայացվի ամբողջովին, իր բոլոր դրույթներով ու հնարավոր արդյունքներով, ապա վերաբերմունքը կփոխվի: Բացի այս, դա նաև մեզ համար է կարևոր` լսել, հասկանալ նրանց փաստարկները, որովհետև այն մի քանի համայնքներում, որտեղ այս տարի փորձելու ենք պիլոտային իրագործել, դրանց ղեկավարների հետ երբ զրուցում ենք, որևէ խնդիր կամ ընդդիմություն նրանց կողմից չենք հանդիպում: Այդ համայնքի ղեկավարները պատրաստակամ են` հասկանալով, որ խոշորացումից միայն շահելու են, թե համայնքը, թե բնակիչը և որևէ խնդիր չկա:
Թեև իրավացի եք` համայնքի ղեկավարների կողմից քննադատություն հնչում է, թե այդ ճանապարհով համայնքները կքանդվեն, գործազրկություն կավելանա և այլն: Խնդիրը, կրկնում եմ, միայն նրանում է, որ նրանք այնքան էլ լավ ծանոթ չեն ծրագրին: Բացի այս չմոռանանք, որ գոյություն ունի նաև սուբյեկտիվ մոտեցում, չէ որ համայնքի ղեկավարները այդ դեպքում նաև լծակներ են կորցնում…
–Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հայտարարեց, որ համայնքների խոշորացումը հնարավորություն կտա կանանց թվի ավելացման ՏԻՄ–երում: Ինչո՞վ եք դա պայմանավորում, չէ որ եթե այսօր 915 համայնքում ունենք ընդամենը 19 համայնքի կին ղեկավար, ապա ո՞րն է այն երաշխիքը, որ համայնքների թվի նվազումը կբերի կանանց թվի ավելացմանը:
-Մենք մտածում ենք, որ խոշորացման պարագայում, նախ, ավագանու մրցակցային հնարավորություններն են աճելու և ամեն բնակավայր աշխատելու է իր համայնքի ավելի խելացի, կայացած ներկայացուցչին, այսպես ասած, գործուղել խոշոր համայնքում որպես ավագանու ներկայացուցիչ: Իսկ քանի որ մենք ունենք բավականին պատրաստված, կրթված ու գրագետ կանայք, ապա ես կարծում եմ, որ նրանք շանս կունենան իրենց թիվն ավելացնելու: Իսկ ներկայումս առկա ավագանու համակարգը այդքան էլ արդյունավետ չի աշխատում, որովհետև հատկապես փոքր համայնքներում ավագանու անդամները «նշանակվում են» համայնքի ղեկավարի կողմից, նրանք էլ գալիս ընտրվում են ավագանի: Մրցակցություն ընդհանրապես չկա, իսկ խոշորացման պարագայում քանի որ արդեն մի քանի բնակավայր է միավորված լինելու, արդեն մրցակցության արդյունքում շանս կառաջանա, որ կանայք ավելի կգնահատվեն:
Բացի դրանից, ներդրվելու է նաև համամասնական սկզբունքը, երբ կանայք հնարավորություն կստանան ընտրվել նաև կուսակցական ցուցակներով, իսկ Ընտրական օրենսգրքով, հիշում եք, ունենք ամրագրված պարտադիր 20 տոկոսանոց քվոտա: Ի դեպ, մենք մտածում ենք նաև, որ հնարավորություն տանք համամասնական ցուցակ ներկայացնել նաև քաղաքացիական նախաձեռնություններին, իսկ սա ավելի լայն հնարավորություններ է ընձեռում: Ամեն դեպքում մտածում ենք, որ մրցակցայինի դեպքում կանանց շանսերը կավելանան:
–Կոնկրետ ի՞նչ քվոտաների մասին է խոսքը:
-Խոսքը նրա մասին է, որ համայնքների խոշորացումից հետո համայնքային ավագանիում ամեն բնակավայրից պարտադիր առնվազն մեկ ավագանու անդամ լինի, որպեսզի բնակավայրի շահերը պաշտպանի: Թե դա կին կլինի, թե տղամարդ արդեն ընտրությունը ցույց կտա…
–Պարոն Գիլոյան, բայց քվոտաների հետ կապված մենք ունենք խնդիր, երբ կուսակցական ցուցակում ապահովվում է կանանց 20 տոկոս մասնակցությունը, բայց այն ամենևին էլ չի նշանակում, որ ընտրության արդյունքում 20 տոկոսը պահպանվում է: Երբեմն ունենում ենք լրիվ ուրիշ պատկեր:
-Այո, համաձայն եմ և եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա ճիշտ եք` կանայք քիչ կլինեն ներկայացված: Բայց կարծում եմ, որ նոր զարգացումները, նաև մեր հետագա ուսումնասիրություններն ու աշխատանքը կբերեն նաև այդ խնդրի շտկմանը:
–Պարոն Գիլոյան, այսօր ունենք 915 համայնք, խոշորացման արդյունքում քանի՞ համայնք ենք ունենալու:
-916-ից 866-ը գյուղական համայնքներ են, բայց այսօր դժվար է ասել, թե քանի համայնք է վերջնական դառնալու այս բարեփոխման արդյունքում: Կարող եմ ասել միայն, որ նախատեսում ենք փնջային մոտեցման դեպքում Հայաստանում ունենալ շուրջ 250 համայնք: Թեև եթե կանգ առնենք շրջանային մոդելի վրա, ապա նույնիսկ ավելի քիչ` 55-56 համայնք…
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք կարդալ ` Panorama.am
Դիտումների քանակը` 4016