Նունե Մովսիսյան.«Որտեղ կա կամք, այնտեղ՝ ճանապարհ»

 

Նունե Մովսիսյանը Արագածոտնի մարզպետի տեղակալ է նշանակվել անցյալ տարի ամռանը: Մասնագիտությամբ մանկավարժ է, մի շարք պարգեւների է արժանացել այդ բնագավառում՝  2009-ին  ճանաչվել է «ՀՀ տարվա լավագույն հայոց պատմության ուսուցիչ», 2010 -ին արժանացել է ՀՀ Նախագահի շնորհակալագրի,  2012-ին դարձել է՝ «ՀՀ տարվա լավագույն տնօրեն», իսկ 2013-ին պարգեւատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով: Ամուսնացած է և ունի երեք զավակ: Կարծում է, որ երկրի կառավարման գործում կանայք կարող են հրաշալի կատարել իրենց գործը:

 

 

-Մանկավարժությունը և փոխմարզպետի աշխատանքը որքանո՞վ են համատեղելի:

-Մասնագիտությամբ պատմության, իրավագիտության ուսուցիչ եմ: Հոգեբանությունից և  հասարակագիտությունից  ունեցած իմ գիտելիքներն ու հմտությունները  մինչ փոխմարզպետի աշխատանքը ստանձնելը ինձ շատ օգնել են, իսկ այս նոր աշխատանքում՝ առավել ևս:

 

 

– 2013-ից  այդ պաշտոնին եք. հասցրել եք հարմարվե՞լ: Կին լինելը Ձեզ խանգարո՞ւմ է թե օգնում:

-2010-ից  Արագածոտնի մարզպետարանի աշխատակից եմ եղել՝ որպես դպրոցի տնօրեն: Այնպես որ, բոլորի հետ սիրով եմ աշխատել և այդպես էլ շարունակում եմ: Ինչ վերաբերում է կին լինելուն, կարծում եմ,  յուրաքանչյուր անձ թե՛ կին, թե՛ տղամարդ, ունեն իրենց նպատակները, գաղափարները, մոտեցումները: Ունեմ կյանքի կարգախոս. «Ամեն ինչի մեջ լավը տեսնել, լավը մտածել և լավը արարել»: Դա ինձ շատ է օգնում:

 

 

Ինչպե՞ս եք գնահատում կանանց ներգրավվածությունը մարզի և, առհասարակ, երկրի կառավարման գործընթացներում: 

– Խելացի, նպատակասլաց, գործարար կանայք շատ են Արագածոտնի մարզում: Եվ, առհասարակ, երկրի կառավարման գործում կանայք կարող են հրաշալի կատարել իրենց գործը: Դրա վառ ապացույցը 2 նախարար, 7 փոխնախարար, 2 փոխմարզպետ, Ազգային Ժողովի պատգամավոր կանանց գործունեությունն է: Հասարակական գործունեություն ծավալող կանանց դերը ևս նշանակալի է:

 

 

Դուք ամուսնացած եք, ունեք զավակներ: Ինչպես եք համատեղում ընտանիքն ու աշխատանքը: Կա տարածված տեսակետ, թե նման դեպքերում կամ ընտանիքն է տուժում, կամ՝ աշխատանքը:

– Ամուսնացած եմ, ունեմ հրաշալի ընտանիք, որտեղ դաստիարակվում են մեր 3 զավակները: Ինչպես իմ ծնողներն են ինձ դաստիարակել, այնպես էլ մենք ենք դաստիարակում մեր զավակներին՝ իբրև անհատականություններ, ովքեր հստակ պատկերացնում են իրենց դերն ու պարտականությունները ընտանիքում և հասարակության մեջ: Ճիշտ կազմակերպվող առօրյայից շահում է թե՛ ընտանիքը, թե՛ աշխատանքը:

 

 

– Ինչպիսի՞ն է աշխատանքում և աշխատանքից դուրս Նունե  Մովսիսյանը:

-Աշխատանքում պրպտող եմ. ձգտող, համագործակցող, նվիրված, շփման խնդիր չունեմ, որովհետև միշտ լավ մարդկանցով եմ շրջապատված եղել: Ընդհանրապես, բնույթով լավատես եմ:

 

 

– Ո՞րն է ձեր հաջողության գաղտնիքը: 

-Որտեղ կա կամք, այնտեղ՝ ճանապարհ. այս է ինձ առաջնորդող ուժը:                                                                                                  

 

                                                                                                   Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 5931

Գլխավոր էջ