Համավճարի ներդրումով կունենանք որակյալ բուժօգնություն եւ կպայքարենք կոռուպցիայի դեմ . կարծում եմ ԱՆ պատասխանատուները
«Եթե նախկինում կար ստվեր ու մարդիկ ոչ պաշտոնապես էին վճարում պոլիկլինիկաներում այդ ծառայությունների դիմաց, հիմա սիմվոլիկ վճարներ են լինելու, որոնցից առաջացած գումարներն էլ կուղղվեն աշխատավարձին, պոլիկլինիկաների պայմանների բարելավմանը»,- այսպես է մեկնաբանում պոլիկլինիկաներում մարտի 1-ից ամբուլատոր ծառայությունների մի մասի վճարովի դառնալու փաստը` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը նախատեսում է մարտի 1-ից Երևանի պոլիկլինիկաներում սկսել պիլոտային ծրագիր, որի շրջանակներում ամբուլատոր ծառայությունների մի մասը կդառնա վճարովի, այսինքն` կգործի համավճարի սկզբունքը: Վճարովի կդառնան նաև հղիության ընթացքում առաջացած բարդություններից բուժումները: Եւ եթե պոլիկլինիկաներում հետազոտություններն ու անալիզները կարժենան 500-ից 1000 դրամ, հենց դա է փոխնախարարի բնորոշմամբ սիմվոլիկ գումարը, ապա հղիները հիվանդանոցային բուժման յուրաքանչյուր օրվա համար ստիպված կլինեն վճարել օրական 5000 դրամ:
Նշենք, որ փոփոխությունները նախատեսված են կառավարության դեկտեմբերի 26-ի որոշմամբ, որը կանոնակարգում է պետական պատվերի գործընթացը առողջապահության ոլորտում, եւ որը հնարավորություն է տալիս որոշակի ծառայությունների համար կիրառել համավճարի սկզբունքը։
Փոխնախարարի խոսքերով` նպատակը որոշակի զսպող և կանոնակարգող ֆունկցիայի իրականացումն է, քանի որ այս եղանակով փորձում են ստվերի դեմ պայքարել: Նա համոզված է , որ ի վերջո համավճարն օգուտ է տալու բուժվողներին, ոչ թե բուժհիմնարկներին: «Մենք չենք կարծում, որ սրա ներդրումով կտուժի բնակչության առողջությունը: Այդ ստվերայնության պայքարի արդյունքում ենք ունենալու որակյալ բուժօգնություն»,- ընդգծեց Վահան Պողոսյանը` հավելելով, որ հիմա այդ գումարները չեն կառավարվում և մնում են համակարգից դուրս, քանի որ մարդիկ բուժհիմնարկում վճարում են, բայց ո՞ւմ: Իսկ այս դեպքում, ըստ փոխնախարարի, վճարումները կատարվելու են միմիայն բուժհիմնարկի դրամարկղում, ոչ թե բուժաշխատողին:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ հավելեց, որ այդ համավճարը չի տարածվի կառավարության որոշմամբ սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց վրա, որոնց համար բուժօգնությունը կմնա մշտապես անվճար, բնականաբար, համավճար չեն տալու սոցանապահով խմբերում ընդգրկված կանայք: «Համավճարը չի տարածվի անհետաձգելի իրավիճակներում: Եթե կինը անհապաղ բուժօգնության կարիք ունի, որևէ մեկը չի խոսելու վճարի մասին մինչև նրա վիճակի կայունանալը: Այս համավճարի մոտեցումը ոչ թե մատչելիությունը սահմանափակելն է, այլ զսպման մեխանիզմ է, նաև նպատակ ունի հոսպիտալացման դեպքերի հիմնավորվածությունը բարձրացնել»,- ընդգծեց Կարինե Սարիբեկյանը:
Ավելացնենք, որ նույն ասուլիսի ժամանակ հայտնի դարձավ, որ Առողջապահության նախարարությունը մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարում է Կանանց առողջության պահպանման միամսյակ, որի շրջանակներում մայրաքաղաքի և մարզային բժշկական կազմակերպություններում կիրականացվեն կանանց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություն, հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում` նաև բուժում, այդ թվում վիրահատություններ կիրականացվեն:
Մ. Մարգարյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Մարտի 1-ից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան
«Ձեռքերդ հեռու հղիների գրպանից»․ նախաձեռնությունը բողոքում է նախարարության որոշման դեմ
«Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի», – հաղորդում է նախաարարությունը
Դիտումների քանակը` 4481