Կանայք խուսափու՞մ են ավագանիներից
Այս տարվա առաջին ընտրությունները կկայանան մարտի 9-ին, երբ Հայաստանի մի շարք համայնքներում կընտրեն համայնքի ղեկավարներ և ավագանու անդամներ: Բնականաբար դեռ շուտ է խոսել թեկնածուների մասին, քանի որ նրանց գրանցման գործընթացը կմեկնարկի միայն փետրվարի սկզբին: Այնուամենայնիվ, որոշ թեկնածուներ արդեն հայտնել են իրենց մասնակցության եւ գալիք ընտրություններից իրենց ակնկալիքների մասին:
WomenNet.am-ի հետ զրույցում Տավուշի մարզի Դեբեդավան համայնքի գործող ղեկավար Վանյա Դամիրչյանը, ով պատրաստվում է պայքարել վերընտրվելու համար, տեղեկացրեց, որ համայնքի ավագանիում ներկայումս կին անդամ չունեն, բայց ինքը շատ է ուզում, որ կին լինի ավագանիում : Ու անգամ խոստացավ, որ ամենը կանի դրա համար.
«Ես շատ եմ ուզում, որ կանայք էլ ընգրկվեն…. տեսնեմ դպրոցի տնօրենը կհամաձայնվի, բայց պիտի համոզեմ: Ճիշտ է, քիչ հավանական է, բայց դե պետք ա նենց անեմ, որ գոնե հինգից երկուսը կին լինի»,- նշեց նա:
Բացի դպրոցի տնօրենից պարոն Դամիրչյանը նաև հույս ունի համոզել «էլեկտրոյի» աշխատակցուհուն, մի քանի տարբերակ էլ աչքի տակ ունի, բայց դեռ, ասում է, չի սկսել քննարկումները` տոներ էին: Ի դեպ, համայնքի ղեկավարի ցանկությունը հիմքեր ունի, մի քանի տարի առաջ, նախքան իր համայնքի ղեկավար ընտրվելը, Դեբեդավանի ավագանին կին անդամ ունեցել է…. բայց կանանց հետաքրքրությունը մարել է: Պատճառների մասին գյուղապետն իր տեսակետն ունի:
«Ինձ թվում է , որ գուցե կանայք չեն ուզում ավագանու անդամ ընտրվեն այն պատճառով, որ ավագանիում աշխատանքը չի վարձատրվում, միայն պարտականություններ են… վարձատրությունն է պակասում»,- պարզաբանեց իր կարծիքը Դեբեդավանի համայնքապետը:
Նրա խոսքով, կանայք նեղվում են, որ « իզուր տեղը գլուխները ցավացնում են, վատամարդ դառնում», դրա համար էլ խուսափում են.
«Օրինակ, որոշում էին կայացրել մանկապարտեզի աշխատանքը դադարեցնելու մասին, կռիվ-ղալմաղալ եղավ: Մեկի համար լավ է, մյուսին` վատ, էլի մի չորս-հինգ աշխատատեղ էր փակվեց: Մարդիկ էլ նեղվում են, տները կռիվ է ընկնում, դրա համար էլ գերադասում են հեռու մնան, քան թե առանց վարձատրվելու պարտականություն վերցնեն, մի բան էլ վատամարդ դառնան ավագանու կողմից կայացած որոշումների համար»,- պատմեց Վանյա Դամիրչյանը: Բայց այսքանի հետ մեկտեղ նա հույս ունի, որ մինչև ընտրությունները կհամոզի գոնե մի քանիսին, որպեսզի իր հաղթանակի դեպքում էլ արդեն կանանց հետ աշխատի.
«Կնոջ ներկայությունը շատ կարևոր է, կնոջ խելքը, հոտառությունը…. ոնց ասեմ` կին որ կա, մթնոլորտը լրիվ ուրիշ է, դրա համար շատ կուզեմ, որ կանայք լինեն ավագանիում: Տեսնենք»,- հավելեց նա իր խոսքը:
Նշենք, որ մարտի 9-ին ընտրություններ են սպասվում Տավուշի, Լոռու, Վայոց ձորի, Արմավիրի, Արարատի մի շարք համայնքներում:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 3187