Ն. Զոհրաբյան. Մեծ ցանկության դեպքում կարելի էր չաշխատող մայրերի երեխաների համար նպաստի գումար գտնել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն Panorama.am-ին այն համոզմունքն հայտնեց, որ կառավարությունը մեծ ցանկության դեպքում կարող էր գտնել ֆինանսական միջոցներ` չաշխատող ծնողների պարագայում ևս մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու համար:
Հիշեցնենք, որ նախօրեին կառավարությունը նպատակահարմար չհամարեց ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացրած նախագծի ընդունումը, որով առաջարկվում էր մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ (ամսական 18 հազար դրամ) տրամադրել նաև չաշխատող ծնողների երեխաներին: Կառավարությունն իր որոշումը հիմնավորեց, որ պատգամավորների նախագծով առաջարկվող փոփոխությունը կառաջացնի մոտ 16 միլիարդ դրամի լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը, որը նախատեսված չէ ինչպես ՀՀ 2014թ. պետբյուջեի նախագծով, այնպես էլ ՀՀ 2014-2016թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով:
«Նախագծում բարձրացրած խնդիրը ես համարում եմ այնքան հիմնավոր և այնքան անհրաժեշտ: Կներեք, պետք է անկեղծորեն ասեմ, որ աշխատանք չունեցող մայրերի դեպքում նպաստ ստանալն ավելի կարևոր է: Եթե կառավարությունը մի քիչ ջանք գործադրեր, կարող էր այդուհանդերձ գումարներ հայթայթել դրա համար»,-Panorama.am-ին ասաց պատգամավորը:
Օրինագծի հեղինակները` Ն. Զոհրաբյանը, նույն խմբակցությունից Էլինար Վարդանյանն ու Միքայել Մելքումյանը նախագծի հիմավորման մեջ նշել էին, որ առաջարկվող օրենքի նախագծի ընդունումը կնպաստի ՀՀ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես, առ այն, որ մինչև երկու տարեկան երեխաների խնամքի նպաստի իրավունք կստանան նաև չաշխատող ծնողներից մեկը կամ խնամակալը՝ մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը: Բացի այց, օրենքի ներկայացվող փոփոխությամբ կբացառվի աշխատող և չաշխատող ծնողների միջև խտրականության որևէ դրսևորում, քանի որ վճարվող նպաստը ուղղվում է երեխայի խնամքին:
«Սա մեզ համար անչափ կարևոր հարց է, մենք պարբերաբար փորձելու ենք խնդիրը բարձրացնել և հասնել այն բանին, որ հաջորդ տարվա բյուջեում հարցը անպայմանորեն ներառվի: Բացարձակ անարդար է, որ նպաստ ստանում են միայն աշախատանք ունեցող մայրերը: Մենք այդ իրավունքի համար պայքարելու ենք»,-ասաց Ն. Զոհրաբյանը:
Աղբյուրը՝ Panorama.am
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար
Դիտումների քանակը` 3259