«Կինը, որ Սիպիլ կստորագրե, պարծանքն է իր սեռին»
– սա Գրիգոր Զոհրապի գնահատականն է, ով, ի դեպ, հայտնի էր իբրև կնոջ և տղամարդու հավասարության ու կանանց կրթության հակառակորդ:
Գրող, մանկավարժ, հրապարակախոս և հասարակական գործիչ Զապել Խանջյան-Ասատուրը (գրական կեղծանունը՝ Սիպիլ) այն սակավաթիվ կանանցից է, որ իր կենդանության օրոք գնահատվեց ըստ արժանվույն: Ժամանակակիցները գովաբանում էին նրա գրական տաղանդը, ստեղծագործություններն ընդգրկվում էին դասագրքերում, թարգմանվում այլ լեզուներով, նրա հասցեին ջերմ տողեր էին շռայլում թե՛ արևմտահայ և թե՛ արևելահայ մտավորականության ներկայացուցիչներ: 1933 թ. Պոլսում, Կահիրեում ու Ալեքսանդրիայում, Փարիզում ու Ֆիլիպեում (Պլովդիվ) մեծ շուքով տոնվեց նրա 70-ամյա հոբելյանը: Մեկ տարի անց նա վախճանվեց, սակայն կանանց ողջ սերնդի հիշողության մեջ մնաց որպես չգերազանցված իդեալ՝ անսահման հմայիչ, նրբաճաշակ, անթերի անաղարտ խոսքով, ազնիվ, վեհանձն և զարմանալիորեն տաղանդավոր Սիպիլ:
Զապել Խանջյանը ծնվել է 1863 թ. հոկտեմբերի 8-ին Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է մադամ Կարյուսի ֆրանսիական դպրոցում, որն ավարտել է 1870 թ., ապա սովորել Սբ. Խաչ վարժարանում և Սկյուտարի ճեմարանում: Նրա կյանքի այս շրջանին մի դրվագ ճակատագրական նշանակություն է ունենում նրա կյանքում: Նրանց տան նախկին ծառան՝ Հակոբ աղբարը, մեկնում է իր ծննդավայր՝ Քղի և, վերադառնալով անճանաչելիորեն փոխված՝ ցնցոտիների մեջ, Զապելին է պատմում իր համագյուղացիների ծայրահեղ չքավորության, տգիտության ու անօգնականության մասին. «…Աչքիս առաջեն չի հեռանար թափորը թշվառ տղոց՝ բոկոտն, անլվա, գիսախռիվ, գունատ, հիվանդ, անխնամ,- գրում է Զապելը իր նամակներից մեկում այդ պատմության տպավորության տակ: – Քանի-քանի անգամներ երգած եմ իմ հոգիիս բոլոր թափովը Եփրատի ծաղկավետ ափերը, Շավարշանի բուրումնագեղ շուշանները իմ սկսնակի ձախավեր տաղերուս մեջ, և սակայն երբեք չեմ խորհած հոն ապրող տարաբախտ ժողովուրդին վրա: Մեզի սովորեցուցած են շատ մը քաջերու անունները, անոնց պատկերները եթերաճեմ ճաճանչի մը մեջ ամպածրար՝ հայրենիքի սուրբ իդեալն է մեզի համար անմատույց, պաշտելի…: Իսկ Հակոբ աղբարնե՞րը, որոնք հողին վրա կապրին և ոտանավոր ուղերձներե ավելի լուրջ և հիմնավոր դաստիարակության մը պետք ունին իբրև մարդ ապրելու համար: Մենք ոչինչ գիտենք անոնց մասին»: Հենց այս դեպքից հետո է, որ Զապել Խանջյանը հրավիրում է իր դասընկերուհիներին և նրանց հայտնում «Ազգանվեր հայուհյաց ընկերություն» ստեղծելու իր մտադրության մասին, որը բոլոր հայաբնակ գավառներում իգական դպրոցներ հիմնելու նպատակ ուներ:
«…Աշխատիմք, որպեսզի պարտավոր չմնամք ազգին և մարդկության, աշխատիմք, որպեսզի մեր գավառացի քույրերը լույս առնուն, աշխատիմք, որպեսզի իգական սեռը մարդկության մեջ տեղ մի բռնե… Շատեր կըսեն և պիտի ըսեն, թե չեք կրնար հաջողիլ, սակայն ո՞ր մեծ գործ առաջին փորձով հաջողած է. եթե մեք չհաջողիմք, գեթ հիմը դրած կըլլամք և ուրիշ մը կկատարելագործե զայն…», – այսպիսի կոչով հանդես եկավ 16-ամյա Զապել Խանջյանն «Ազգանվեր հայուհյաց ընկերության» երկրորդ նիստում:
Սիպիլը հասարակական ասպարեզ ոտք դրեց 17 տարեկան հասակում և մինչև կյանքի վերջը ակտիվորեն զբաղվեց դրանով՝ այն զուգակցելով ընտանեկան հոգսերի ու գրողի բեղուն ստեղծագործական աշխատանքի հետ: Ուշագրավ մանրամասներ այն մասին, թե ինչպես էր դա նրան հաջողվում, մենք հայտնաբերեցինք այդ շրջանի մամուլում: «Հայրենիք» թերթի թղթակիցը, պատմելով այն մասին, թե ինչպես է Սիպիլն անձամբ գնացել տասնյակ հաստատություններ և գրասենյակներ՝ Ազգանվեր հայուհյաց ընկերության կազմակերպվելիք բարեգործական պարահանդեսի տոմսակները վաճառելու համար, գրում է. «Վերջին պահուն գնաց աչքե անցնել Նոր թատրոնին արդուզարդը, հաջողություն մաղթեց իր ընկերուհիներուն և թատրոնեն դուրս ելավ: Գիշերը, երբ ամեն ոք կպարեր, կխոսվռտեր, կզվարճանար, Սիպիլ իր փոքրիկ աղջկանը ձյունաթույր անկողնին զայն քնացնելու կաշխատեր»:
Սիպիլը 19 տարեկան հասակում ամուսնանում է փաստաբան Կարապետ Տոնելյանի հետ, մեկնում գավառներ և զբաղվում ուսուցչությամբ: Հիմնում է օրիորդաց դպրոցներ և միաժամանակ աշխատակցում Պոլսի հայկական մամուլին, որտեղ տպագրվում են նրա մանկավարժական և գրականագիտական հոդվածները: 1891 թ. լույս է տեսնում նրա «Աղջկան մը սիրտը» վեպը, որում մարմնավորում է լուսավորության գաղափարները և, շարունակելով Սրբուհի Տյուսաբի ավանդույթները, փորձում նորովի գնահատել կնոջ դերը հասարակության մեջ: Այս վեպը, ինչպես նաև Սիպիլի մյուս գրական երկերը, լինեն բանաստեղծություններ թե արձակ, հասարակական լայն արձագանք է գտնում:
1901 թ.` ամուսնու մահից հետո, ամուսնանում է գրականագետ Հրանտ Ասատուրի հետ, որը անգնահատելի բարոյական աջակցություն է ցույց տալիս նրան թե՛ հասարակական գործերում և թե՛ գրական-ստեղծագործական ու մանկավարժական ոլորտներում: Պոլսում նա հայոց լեզու և գրականություն է դասավանդում և նրա սաների թվում են ճանաչված գիտնական Սիրարփի Տեր-Ներսիսյանը, հրապարակախոս, «Ծաղիկ» և «Հայ կին» հանդեսների խմբագիր Հայկանուշ Մառքը, դաշնակահարուհի Աղավնի Մեսրոպյանը, դերասաններ Արուս Ոսկանյանը, Վահրամ Փափազյանը, թարգմանչուհի Սիրվարդ Կլուլպենկյանը, մանկագիր Ադրինե Տատրյանը և այլք: «Պոլսո մեջ ոչ մեկ ուսուցիչ կրնա պարծենալ, որ իր անձին ու գործին օրինակով կաղապարած է սերունդ մը կամ դարձած է տեսակ մը իդեալ»: «Սիպիլի մեջ մանկավարժն ու տեսաբանը, հոգեբանն ու մեթոդիստը միահյուսված էին: Նա շարքային դասուսույց չէր… Նա անընդհատ որոնում էր նորը, թարմն ու օգտակարը և դրանով էլ տարբերվում նախորդ և ժամանակակից շատ մանկավարժներից». սրանք նրա մանկավարժական տաղանդի մասին արձագանքներից են: Սիպիլը նշանակալի ավանդ ունի նաև հայ մամուլի զարգացման գործում: Հրանտ Ասատուրի և Գրիգոր Զոհրապի հետ, նրանց խնդրանքին ընդառաջ գնալով, խմբագրել է «Մասիս» և ապա «Արևելք» օրաթերթերը, միաժամանակ հանդես է եկել բազմաբնույթ հրապարակախոսական հոդվածներով: «Մեր երեքեն կազմված խմբագրական մարմնին մեջ մեծ ուժ մըն էր Սիպիլ, որ իր տաղանդին ամենեն առույգ ու կորովի շրջանին հասած էր այն ատեն: Միշտ պատրաստ էր հոդված մը, քերթված մը, նորավեպ մը գրելու: Դասերը, դասագիրքերու պատրաստությունը մեկ կողմեն, գրականությունը մյուս կողմեն, տան հոգերն ալ ասոնց ամենուն վրա: Բայց հոգնիլ չէր գիտեր. միշտ ժպիտ մը ուներ դեմքին վրա, միշտ զվարթ էր, միշտ անձնվեր, միշտ բարյացակամ ամենուն հանդեպ: …Օրվան կինն էր Սիպիլ գրականության մեջ, ու բանաստեղծ կնոջ քով հրապարակագիր կինը ի հայտ կու գար»,- հիշում է Հ.Ասատուրը:
Սիպիլի հրապարակախոսության առանցքը ազգապահպանությունն է, երիտասարդ սերնդի, հատկապես աղջիկների կրթությունն ու դաստիարակությունը և կանանց հարցերը` սկսած խոհանոցից ու նորաձևությունից մինչև քաղաքական իրավունքները: Նրա հոդվածների մի մասն ամփոփված է «Կիսադեմքերը առանց քողի» և «Կիսադեմքերը քողին ետևեն» շարքերում, որոնք ժամանակի մտավորականների ու հասարակական գործիչների` Սրբուհի Տյուսաբի, Արշակուհի Թեոդիկի, Գայանե Հովհաննիսյան-Մատակյանի, Հայկանուշ Մառքի, Եղիա Տեմիրճիպաշյանի, Գրիգոր Չիլինկիրյանի, Ռեթեոս Պերպերյանի և այլոց դիմանկարների հարուստ պատկերասրահ են ներկայացնում:
Սիպիլը կարևոր նշանակություն էր տալիս թարգմանական արվեստին, համաշխարհային գոհարների հայացմանը` մատուցելով բարձրարվեստ թարգմանություններ (Պոլ Վեռլեն, Լըկոնտ դը Լիլ, Լամարթին, Անատոլ Ֆրանս և այլն), նաև հատուկ աշխատանք է տարել իր աշակերտների շրջանում թարգմանիչների նոր սերունդ պատրաստելու ուղղությամբ:
Իր «Ազգանվեր հայուհիք» հայտնի ճառի մեջ Սիպիլը հիացմունքով է խոսում հայ կանանց կորովի ու անձնազոհության մասին, զարմանքով նկատում, թե ինչպես արյունի ու տվայտանքների մեջ չեն ընկճվում ու պահում են ուսման ծարավը, դեռ ավելին` առաջ նետվում «օգնելու, պաշտպանելու, սփոփելու» համար: Եվ օրինակ բերելով անցյալի կանանց` դա համարում է հայ ժողովրդի ժառանգական հատկությունը: Նա հավանաբար գիտակցում էր, որ ինքն էլ այդ ժառանգականության փայլուն կրողն է, և հետագա սերունդների բանախոսները արժանի տեղ են տալու իրեն երախտավոր կանանց փաղանգում:
Անահիտ Հարությունյանի
«Երևելի տիկնանց դարը» գրքից
Կարդացեք այս թեմայի շուրջ հեղինակի այլ նյութերը մեր կայքում.
«Երևելի տիկնանց դարը»` գիրք, որը շատ ու շատ կարծրատիպեր է կոտրում
Կանանց հանդեսներ. մեր անցյալն ու սնգուրված ներկան
Հայկանուշ Մառք. «Պիտի կրենք մեր պատասխանատվությունը, պիտի ստեղծենք մեր իրավունքները»…
Սրբուհի Տյուսաբ. «Պարզապես Հայուհի մ’եմ»
Դիտումների քանակը` 7212