Գենդերային հավասարության մասին օրենքի պատճառով ՀԿ-ներին սպառնում են «տրաքացնել»

«Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լարա Ահարոնյանը երեկ դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իր ղեկավարած կազմակերպության դեմ որոշ մարդկանց կողմից արվող վիրավորանքները կոնկրետ սպառնալիքների են վերածվել: Դրա մասին է հայտնում է  Epress.am  անկախ լրագրողների ցանցը:

 

 

Epress.am-ի հետ զրույցում Ահարոնյանն ասել է, որ սպառնալիքները շատացել են գենդերային հավասարության մասին օրենքի հասարակական քննարկումներից հետո, քանի որ որոշ մարդիկ դեմ են այդ օրենքին և այն ասոցացնում են Կանանց ռեսուրսային կենտրոնի հետ:

 

Կենտրոնի ղեկավարը զավեշտալի է համարում այն փաստը, որ իրենց կազմակերպությունը թիրախ է դարձել, թեև չի մասնակցել օրենքի քննարկումներին: Ահարոնյանն ընդգծել է, որ, հավանաբար, կենտրոնի դեմ սպառնալիքները պայմանավորված են նրանով, որ իրենք շատ են զբաղվել կանանց նկատմամբ կիրառվող խտրականությունների հարցերով, ընտանեկան բռնության դատական գործերով և այլն:

 

Կանանց Ռեսուրսային կենտրոնի դեմ սպառնալիքները գրվել են ««ՈՉ «ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 57 Օրենքին» Facebook սոցիալական ցանցի խմբում, որի անդամները քննարկում են ՝ ովքեր են «գենդերային իրավունքների համար» պայքարողները, և էլեկտրոնային  ստորագրահավաք կազմակերպում օրենքի դեմ:

 

«Այս խումբը վախ ու ատելություն է տարածում՝ ինֆորմացիան մանիպուլացիայի ենթարկելով, զրպարտելով կազմակերպություններին: Նույնիսկ հորդորում են հարձակվել մեր և այլ կանանց կազմակերպությունների վրա, DIY ակումբի հարձակման նման: Երբ այդ սպառնալիքները շատ կոնկրետ դարձան, մենք տեղեկատվությունը հավաքեցինք ու ահաբեկությամբ զբաղվողների  անուն ազգանունները և տվյալներն ու տարանք Ոստիկանություն»,- ասել է Ահարոնյանը:

 

 

Ահարոնյանի փոխանցմամբ՝ ոստիկանությունում խոստացել են հնարավորինս շուտ բացահայտել սոցիալական ցանցում Կենտրոնի հասցեին հնչեցվող սպառնալիքների հեղինակներին:

 

 

Նմանատիպ սպառնալիքներ են ստացել նաև «Հայ Առաջադեմ Երիտասարդություն» ՀԿ-ի ներկայացուցիչները: Կազմակերպության փոխնախագահ Գրիգոր Երիցյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ արդեն մեկ շաբաթ է՝ իրենց վիրավորում են տարբեր էջերում և կազմակերպության մասին սուտ տեղեկություններ տարածում:

 

 

«Հիմա անդրադառնում են մեր այն ծրագրերին, որոնք, ասենք, մի տարի առաջ են եղել, ու սա պատահականություն չի կարող լինել: Մեր նկարները տարբեր էջերում են դնում, ասում են՝ սրանք հայ կոչվելու իրավունք չունեն և այլն: Վերջին հիստերիան էլ բարձացավ մեր Գենդերային հեռանկարները Եվրոպայում ծրագրի հայտարարությունից հետո, երբ Խաչիկ Ստամբոլցյանն այն որակեց միասեռականների հավաք: Դրանից հետո սնկի պես աճեցին տարբեր խմբեր, որտեղ քննարկում են տարբեր կազմակերպություններ վառելու հարցը կամ իրենց ծրագրերը բոյկոտելու»,- ասել է Գրիգոր Երիցյանը:

 

 

Նշենք, որ «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը հեղինակել են ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամներ Հեղինե Բիշարյանը և Հովհաննես Մարգարյանը: Այն ԱԺ-ի կողմից ընդունվել է այս տարվա մայիսի 20-ին:

 

Օրենքում, մասնավորապես, նշվում է, որ դրա խնդիրներն են ապահովել կանանց և տղամարդկանց`իրավունքների և   հնարավորությունների   իրական հավասարությունը, նրանց նկատմամբ հավասար վերաբերմունքը և խտրականության բացառումը:

 

 

Օրենքում «գենդեր»-ը սահմանվում է որպես տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց և տղամարդկանց միջև հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում: Համաձայն օրենքի, գենդերային խտրականություն է սեռի հատկանիշով անձանց իրավունքներն ու շահերը սահմանափակող ցանկացած տարբերակում, բացառում կամ նախապատվություն, որն ուղղված է կամ հանգեցնում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հասարակական կյանքի այլ ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավահավասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը:

 

 

Օրենքից դժգոհողները դեմ եմ «գենդեր» սահմանմանը, քանի, նրանց կարծիքով, դա կարող է բերել նույնասեռականության տարածմանը:

 

Աղբյուրը՝  Epress.am

Դիտումների քանակը` 3790

Գլխավոր էջ