Ինչու՞ են մարզերում բնակվող կանայք շտապում Երևանում ծննդաբերել

 

Շրջայց մարզային ծննդատներով

 

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի նախաձեռնությամբ անցյալ շաբաթվա սկզբին մի խումբ լրագրողներ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը և Առողջապահության նախարարության  մայրական և վերարտադրողական բաժնի պետ Գայանե Ավագյանը շրջայց կատարեցին Արարատի, Արտաշատի, Վայքի և Գորիսի ծննդատներում` ծանոթանալու հաստատությունների պայմաններին և հասկանալու, թե ինչու՞ են մարզերում բնկվող  կանայք շտապում Երևանում  ծննդաբերել: Այլ կերպ ասած` հասկանալու ,  ինչպե՞ս է իրարագործվելու   Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի ծնունդների տեղայնացման վերաբերյալ հրամանը այն դեպքերում , երբ ծննդատները  չեն համապատասխանում  նվազագույն  չափանիշներին եւ վստահություն չեն ներշնչում ծննդաբերող կանանց մոտ:  

 

«Երբեք թույլ չէի տա, որ իմ կինը ծննդաբերեր այստեղ»

 

Առաջին կանգառը Արտաշատի ծննդատանն էր և առաջին իսկ հիասթափությունը` հաստատության շենքը վաղուց վերանորոգման կարիք ունի, ինչպես նաև գույքով ու որոշ սարքավորումներով համալրվելու` մահճակալները հին են, պալատները, որտեղ երկու-երեք օր անցկացնում են ծննդկանները, անհրապուրիչ իրենց մերկությամբ, միջանցքների պատերը դատարկ: Այս հանգամանքը , ի դեպ, նկատեց նաև  Գ.Ավագյանը, ընդգծելով, որ պատերին որևէ պաստառ չլինելը սխալ մոտեցում է և հետագայում, մյուս ծննդատներ այցելելիս ու պաստառներ տեսնելիս, անընդհատ հիշում այդ մասին: Ի վերջո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ նախարարությունը կզբաղվի այդ հարցով , հույսով ենք ոչ միայն Արտաշատի ծննդատան պատերին պաստռներ տեղադրելու իմաստով:

 

«Իրենց այսօրվա ֆինանսական միջոցներով  կահավորման  թարմացումներ ապահովելը բավականին բարդ է, այնպես որ պետք է գտնենք միջոցներ, ուղիներ, դիմենք համայնքին կամ միջազգային կազմակերպությունների, որ իրենց այդ հարցով աջակցեն»,-  ասաց    Գայանե Ավագյանը նա,  ավելացնելո, որ Առողջապահության նախարարությունն էլ կփորձի  բյուջեի վերանայում կատարել, պետք է լինեն տողեր, որոնք ուղղված կլինեն գույքի գնմանը, թեպետ ր միջոցները հիմնականում  ուղղված են աշխատավարձի բարձր ապահովմանը, բուժսարքավորումների և դեղանյութերի ապահովմանը

 

Պատգամավոր Թ.Պողոսյանը, ով հանդիսանում է հինգ երեխաների հայր, որոնցից երկուսի ծնունդներին էլ, ի դեպ, ներկա է եղել, ընդհանուր առմամբ դժգոհ էր այն տեսարանից, որ  առկա էր այստեղ: Ամեն ինչ սկսվեց չնչին մի նկատողությունից դեռևս բաժնի վարիչի աշխատասենյակում, երբ պարզվեց, որ ընտանիքի պլանավորման կաբինետում չկան պահպանակներ ու թեև պահպանակները ծննդատանը տրամադրվել են ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից, ոչ ոք այդպես էլ չկարողացավ մատնանշել, որտեղ են դրանք և ինչու մասնավորապես ընտանիքի պլանավորման կաբինետում դրանք բացակայում են: Նույն իրավիճակը նաև նորածինների ինտենսիվ բուժման կաբինետում էր, երբ բժշկուհին բարձրաձայնեց, թե ինչ-որ կարևոր սարք չունի, իսկ բաժնի վարիչն ու տնօրենը սկսեցին ապացուցել, որ իրենք ունեն այդ սարքը, այն ուղղակի ինչ-որ  այլ տեղում է.

 

«Չեմ հասկանում, եթե  նորածինների հետ աշխատող բժիշկը դրա կարիքն ունի, ի՞նչ կապ ունի, թե որտեղ է այն, որ սենյակում կամ դարակում: Այս մարդու ձեռքի տակ պետք է լինի, սա ի՞նչ բան է»,- վրդովվեց ԱԺ պատգամավորը: Սակայն վրդովմունքը հասավ իր գագաթնակետին, երբ նա մտավ նորածինների պատվաստման համար փոքրիկ մի սենյակ ու ըստ տրամաբանության հույժ ստերիլ վիճակում պահպանվող սենյակի փոխարեն տեսավ մի պատկեր, երբ որտեղ կիսախարխուլ սեղանիկին առկա է Rakhsha մաքրող միջոց, հինավուրց  պղինձ և այլն: Ու թող Գայանե Ավագյանը փորձի արդարացնել սենյակի նշանակությունը այն նկատառմամբ, թե կարևորը պատվաստանյութերն են, որոնք պահվում են սառնարանում` Թ.Պողոսյանը ուղղակի դուրս թռավ այդ սենյակից ու խոստացավ, որ  հարցը կբարձրաձայնի որտեղ որ հարկն է.

 

«Ես որ մտա այստեղ, պարզ է երբեք թույլ չէի տա, որ իմ կինը ծննդաբերեր այստեղ, այստեղ ծառայություն ստանար… »,- հայտարարեց Թ.Պողոսյանը, ինչը, հասկանալի է, հարուցեց տնօրենի դժգոհությունը:

 

 

Արտաշատի ծննդատանը տարեկան ծնվում է շուրջ 600 երեխա : Կանանց կոնսուլտացիայում  հղիների հերթին մատնացույց անելով էպիդեմիոլոգը նշեց, որ նրանց մեծ մասը հետո կգնա ծննդաբերելու Երևան…. կամ գուցե և ցանկություն ունի, բայց այլևս չի կարողանա, բայց նախկինում այդպես է եղել` իրենց մոտ հետազոտվել են, հղիությունն անցկացրել, բայց գնացել ծննդաբերելու Երևան: Մայիսից այս կողմ, սա արդեն լրագրողներին ասաց  Բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հովհաննիսյաննը, շոշափելի տարբերություն չեն նկատել` քիչ ժամանակ է անցել, բայց հունիսին նախորդ ամիսների համեմատ 12 ծնունդ ավելին են ունեցել: Իսկ ահա ինչ վերաբերում է նախարարի հրամանին, Վ.Հովհաննիսյանն ասաց.

 

 

«Որպես տնօրեն այն կարծիքին են, որ հրամանը միանշանակ օգուտ մեր բժշկական կենտրոնին, բայց որպես քաղաքացի  համարում եմ, որ կինը պետք է ազատ ընտրություն ունենա  ծննդաբերելու՝ անկախ նրանից, թե որտեղ է գրանցված»: Այս ֆոնի վրա էլ հրաժեշտ տվեցինք Արտաշատի ծննդատանը, որպեսզի ականատեսը դառնանք, թե ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ ինչպիսի պայմաններով ծննդատում է գործում, որի առկայության դեպքում ,  պարզ է, որևէ մեկը չի էլ ցանկանա գնալ մայրաքաղաքում ծննդաբերել…. գուցե միայն քմահաճները:

 

Արարատից  Երևան գրեթե չեն գնում ծննդաբերելու

 

Արարատի ծննդատունը Արտաշատի հակապատկերն էր` որքան վատ էին պայմանները (խոսքը  ոչ թե բուժսպասարկման որակի մասին է, այլ շենքային պայմանների) մարզկենտրոն Արտաշատում, այնքան լավն էին դրանք Արարատում: Պատճառը թերևս այն է, որ բժշկական կենտրոնը վերանորոգվել է բոլորովին վերջերս` 2010թ-ին Համաշխարհային բանկի ֆինանսավորամամբ` հիվանդանոցների արդիականացման ծրագրով ու հագեցվել համապատասխանաբար.

 

 

«Տարեկան ունենում ենք 280-330  ծնունդ: Հունիս ամսին տարբերություն չենք նկատել թվի կտրուկ ավելացման իմաստով, սակայն  հուլիսի կեսի համեմատ արդեն թիվը բարձր է, այնպես որ ամսվա վերջին բարձր ծնունդների թիվ կունենանք»,- լրագրողների հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրեն Արայիկ Սարդարյանը: Ինչ վերաբերում է այն հարցին, թե մինչև հրամանը ինչպիսին  էր հղիների արտահոսքը դեպի Երևան, տնօրենն ասաց, որ նման արտահոսք գրեթե չեն ունեցել. «Մեր մոտից Երևան գրեթե չեն գնում ծննդաբերելու… չգիտեմ դա ինչի հետ է կապված, բայց գնում են հատուկենտ մարդիկ, որոնք ոչ թե խնդրից դրդված են դա անում, այլ երևի թե հեղինակության»,- ասաց նա` ավելացնելով, որ տարեկան 7-10 նման դեպք է եղել, ոչ  ավելի ու նաև այն բարդություններոը, որոնցով հղիները ուղեգրվել են մայրաքաղաքի ծննդատներ:

 

Տնօրենը նաև հպարտությամբ նշեց, որ Արարատի ծննդատանն աշխատող մասնագետների միջին տարիքը 41 է, ինչը խոսուն փաստ է, որ նա ակտիվ համագործակցում է Բժշկական համալսարանի հետ և հնարավորություն տալիս երիտասարդ մասնագետներին այստեղ շարունակել ուսումը` հետագայում նաև մնալ աշխատելու: Հաստատությունն էլ ունի օնկոլոգի, հոգեբույժի և նեոնատոլոգի կարիք:

 

 

Ինչ վերաբերում է պալատների կահավորվածությանը , ապա Արտաշատի ծննդատան հակապատկերը նաև այս իմաստով էր ` պալատները ամբողջությամբ կահավորված էին, սեփական սանհանգույցով, ուրախ երանգներով և ամենքում անգամ հեռուստացույց կար:

 

Վայքի ծննդատան անսովոր լռությունը

 

Վայքի ծննդատանը շրջայցի մասնակիցներին դիմավորեց 2011թ-ի աշնանը ողջ հանրապետությունով մեկ սկանդալային համբավ ձեռք բերած Մետաքսյա Հովհաննիսյանը: Հիշեցնենք, 2011թ-ի օգոստոսին Վայքի հիվանդանոց էր տեղափոխվել մի կին, սակայն, ըստ մամուլի, բաժանմունքի վարիչ Մետաքսյա Հովհաննիսյանն ասել էր, որ ինքը չի կարող ծննդատուն գալ, քանի որ բուրդ է չփխում և կնոջը ծննդօգնություն ցույց կտա ժամեր անց՝ երեկոյան: Թե ինչով էր ավարտվել պատմությունը բոլորս հիշում ենք, Մ.Հովհաննիսյանն այսօր աշխատում է նույն ծննդատանը, սակայն արդեն բաժանմունքի  վարիչ չէ… ինչևէ:

 

 

Այցելության պահին Վայքի ծննդատանը քար լռություն էր, պալատների մեծ մասը դատարկ` ընդամենը մեկ ծննդկան կար, մյուսին էլ մեր այցելությունից առաջ դուրս էին գրել: Անսովոր լռություն էր նմանատիպ հաստատության համար, որտեղ պետք է երեխայի ձայնն անպակաս լինի…

 

«2012թ-ին ունեցել ենք 264 ծնունդ, որից 45-ը կեսարյան հատումով: Ինչ վերաբերում է արտահոսքին, ապա մեզ մոտ, ես հավաստիացնում եմ, երբեք նման բան չի եղել, որ հղին ցանկություն հայտնի գնա Երևան ծննդաբերի, եթե դրա ցուցումը չկա: Մարդիկ վստահում են և կլինիկային, և բժիշկներին: Ավելին` մեզմոտ են գալիս  հարևան շրջաններից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վայքի ծննդատան մանկաբարձագինեկոլոգիական  բաժանմունքի վարիչ Ռուզաննա Վարդանյանը:

 

Տարօրինակն այն էր, որ երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է աղմկահարույց այդ դեպքը ազդել հղիների արտահոսիք վրա, վարիչը մեզ  հավաստիացրեց, թե այն որևէ կերպ անդրադարձ չի ունեցել հոսքի վրա, հղիների թիվն էլ չի նվազել` վստահությունը, ասել է թե, մեծ է իրենց անվան նկատմամբ: Սակայն երբ ավելի ուշ նույն հարցը բարձրացրեց նաև ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գարիկ Հայրապետյանը, տիկինն ասաց, որ հոսքի նվազումը կարելի է տեսնել միայն այդ մի քանի ամսվա ծնունդների վիճակագրությունն ուսումնասիրելով, երբ հղիները չէին մտնում կլինիկա ու նաև լուրեր էին տարածվել, թե ծննդատունը գործունեություն այլևս չի ծավալում. «Բայց դա կարճ ժամանակ տևեց, քանի կար նման սին ինֆորմացիա»,- հավելեց նա:

 

 

Վերադառնալով ծնունդներին, Ռ.Վարդանյանը նշեց , որ եռապատկվել են հղիների պաթոլոգիաների դեպքերը, ինչը կապում է նախևառաջ էկոլոգիայի հետ: Իսկ երկրորդ պատճառը թերևս այն է, որ հիմա ծննդաբերում են հիմնականում դժվարի  90-ականների սերունդը, ինչն էլ իր վրա կրում է այդ տարիների դառը հետևանքները…

 

Նշենք, որ Վայքի ծննդատունը ևս հիմնովին վերանորոգվելու կարիք ունի, քանի որ վերանորոգում ասվածն այստեղ արվել է վերջին անգամ շուրջ երկու-երեք տասնամյակ առաջ` դռները հին են, պատերը կիսաքանդված, հատակը բետոնե….

 

Գորիսի ծննդատունը՝ «Մանկան բարեկամ»

 

 

Ինչ վերաբերում է Գորիսի ծննդատանը, ապա նշենք միայն, որ այն հանրապետության այն 8 ծննդատներից մեկն է , որոնք  ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից արժանացել են  «Մանկան բարեկամ» կոչմանը:  Նույնպես վերանորոգվել է Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, ինչը նկատելի է արդեն արտաքին տեսքից, համալրված է անհրաժեշտ սարքավորումներով, մասնագետների պակաս էլ չունի: Այնպես որ մինչև Երևան երկարժամյա ճանապարհ կտրել-անցնելու իմաստ հղիները չունեն:

 

Ըստ էության, մեր այցելած չորս ծննդատներից միայն երկուսն էին,  որ համապատասխանում էին ժամանակակից չափանիշներին եւ իրենց հագեցվածության մակարդակով   չէին զիջում մայրաքաղաքի լավագույն բուժհաստատություններին…

 

«Կարծում եմ նախարարի  որոշումը ժամանակից շուտ ընդունվեց, քանի որ անհրաժեշտ էր նախևառաջ բոլոր ծննդատները վերանորոգել, հագեցնել անհրաժեշտ  սարքավորումներով և մասնագետներով: Պարզ է, որ Արտաշատի կամ Վայքի ծննդատներում  ոչ ոք չի ցանկանա  ծննդաբերել, սրանով էլ բացատրվում է 30 տոկոս հղիների հոսքը մարզերից  Երևան: Բայց սպասենք մի քանի ամիս էլ ու հստակ կտեսնենք, թե ինչ արդյունք տվեց պարոն Դումանյանի տեղայնացման հրամանը»,- լրագրողների հետ զրույցում ամփոփելով շրջայցը ասաց Գ.Հայրապետյանը:
 

 Էնզելա Մակարյան

 

 

 

Կարդացեք նաեւ թեմյի շուրջ  մեր կայքում .

 

Կին պատգամավորները կարծում են, որ առաղջապահության նախարարի հրամանը ժամանակավրեպ է

Անվճար ծննդաբերություն՝ միայն ըստ բնակության վայրի / վիդեո

 

 

Դիտումների քանակը` 4790

Գլխավոր էջ