Դեռահաս աղջիկների հղիության խնդիրը աշխարհում և Հայաստանում
Հայաստանում ապրում են 15-19 տարեկան մոտ 112 հազար աղջիկներ: Աղջիկների այս տարիքային խմբի շրջանում հղիության ցուցանիշը 2,8 տոկոս է. յուրաքանչյուր 1000 անչափահաս աղջկանից մայրանում է 28-ը։ Այս մասին Բնակչության համաշխարհային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում ասաց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը։
Նրա խոսքով՝ աշխարհում յուրաքանչյուր 100 կնոջից 3-ը ծննդաբերում են դեռահասության շրջանում։ «Այս խնդիրը գալիս է նրանից, որ ժամանակին դեռահասներին չի տրվում համապատասխան կրթություն։ Հայաստանում ևս պետք է ուշադրություն դարձվի սեռական կրթությանը։ Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ սեռական ճիշտ կրթությունը նվազեցնում է դեռահասների շրջանում հղիության ցուցանիշները։ Դրա ապացույցը կարելի է տեսնել Մեծ Բրիտանիայի օրինակով, որտեղ սեռական դաստիարակությունը կրթական ծրագրերում ներառելուց հետո կրճատվեց անչափահաս հղիների թիվը»,- ասաց Հայրապետյանը։
ՀՀ առողջապահության նախարարության Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը կարևորում է աղջիկների ոչ միայն սեռական դաստիարակությունը այլ ընդհանրապես կրթություն ստանալու հանարավորությունը, ինչը ողջ աշխարհում դիտարկվում է որպես ծանրակշիռ գործոն է վաղ հղիությունից պաշտապանվելու համար:
Անդրադառնալով «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում անչափահասների հղիության դեպքերին նշում է , որ 90 տոկոսով դրանք վաղաժամ ամուսնացած աղջիկներ են:
«Հայաստանում, մասնավորապես, գյուղերում մենք գործ ունենք այն ավանդույթի հետ, որ աղջիկներն ամուսնանում են 17 տարեկանում: Այդ տեսանկյունից շատ կարևոր է խոսել նրանց կրթություն ստանալու հնարավորությունների մասին»,- ասաց Գայանե Ավագյանը:
Նրա խոսքերով` դեռահասության շրջանում մայրացած աղջիկները դեռ լիարժեք պատրաստ չեն իրականացնել երեխայի դաստիարակությունը: «Իհարկե, եթե դեռահասն արդեն մայր է դարձել, պետք է նրան ցանկանալ երջանիկ մայրություն, բայց նրանք լիարժեք մայր լինեն չեն կարող թե կենսաբանական, թե հոգեբանական և թե իրավական տեսանկյունից»,-հավելեց մասնագետը: Նրա տեղեկացմամբ` ՀՀ-ում 2000, 2005 և 2010 թվականներին իրականացված հետազոտություններ արդյունքների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ անչափահասների հղիության և ծնելիության ցուցանիշները նվազել են:
Անդրադառնալով անչափահասների կողմից հղիության ընդհատումներին` Գայանե Ավագյանը նշեց, որ արհեստական ընդհատումների դիմում են ամուսնացած և արդեն մեկ երեխա ունեցողները, ովքեր չեն կարողացել պլանավորել հղիությունը: «Բարեբախտաբար, տարեկան կտրվածքում հատուկենտ են չամուսնացած դեռահասների հղիության և արհեստական ընդհատման դիմելու դեպքերը»,- նշեց Գայանե Ավագյանը:
Մտահոգող վիճակագրություն
Աշխարհում ապրում են ավելի քան 600 մլն աղջիկներ (15-19 տարիքային խումբ)։ Այս տարիքային խմբի աղջիկների շրջանում մահվան առաջատար պատճառը հատկապես զարգացող երկրներում հղիության և ծննդաբերության բարդություններն են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ յուրաքանչյուր տարի 15-19 տարեկան 16 միլիոն աղջիկ է հղիանում, և ևս 2 միլիոնը՝ 15-ից ցածր տարիքի աղջիկներ: Ըստ վիճակագրության՝ աշխարհում յուրաքանչյուր 5-րդ աղջիկ ծննդաբերում է 18 տարին չլրացած:
Շատ ազգերի մոտ վաղ ամուսնությունը դեռահասների համար նորմա է համարվում: Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում աղջիկների ավելի քան 30 տոկոսն ամուսնանում է 18 տարեկանում, իսկ 14 տոկոսը՝ դեռ 15 տարին չլրացած: Աշխարհում ամեն երրորդ աղջկան բռնի կերպով ամուսնացրել են երեխա ժամանակ: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը ուշադրություն հրավիրելով այդ խնդրին նշում է, որ վաղ ամուսնությունները հաճախ բերում են վաղ հղիության, իսկ դա վտանգավոր է դեռևս չձևավորված օրգանիզմի համար:
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
Անչափահասների հղիության հարցը գլոբալ ուշադրություն է պահանջում
«16 տարեկան էի, երբ պարզեցի, որ հղի եմ»…
Այսօր առաջին անգամ նշվում է Աղջիկների միջազգային օրը/ վիդեո
Դիտումների քանակը` 7233