«Շատ բան է փոխվել իմ և իմ ընտանիքի կյանքում»…
Տավուշի մարզի Ակնաղբյուր համայնքում բնակվող տիկին Ալվարդի այս խոստովանությունը իրենց համայնքում Օքսֆամի կողմից իրականացված նախաձեռնությունների արդյունքում է արված: Դրանցից առնվազն երկուսի ՝ համայնքում ձևավորված սոցիալական ձեռնարկության և ջերմոցային տնտեսությանը կից ֆերմերային դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ բոլորովին վերջերս՝ հուլիսի 3-ին: Ներկա էին ՀՀ Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Ակնաղբյուրի համայնքապետ Կարեն Դոլմազյանը, բազմաթիվ այլ հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ Օքսֆամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Մարգարիտա Հակոբյանը՝ ներկայացնելով Ակնաղբյուր համայնքում ձևավորված սոցիալական ձեռնարկության և ֆերմերային դպրոցի առավելությունները:
Նրա խոսքով սոցիալական ձեռնարկության գաղափարը առավել քան արդիական է, քանի որ հնարավորություն է տալիս նվազեցնել գյուղական համայնքների սոցիալական խոցելիությունը կլիմայական փոփոխությունների հետևանքով առաջացած ռիսկերից, այդ թվում վերջերս գրանցված կարկտահարության դեպքերի վնասներից: Ակնաղբյուրում այդ նպատակների շրջանակում 900 քմ ընդհանուր տարածքով 3 ջերմոց են կառուցվել:
– Օքսֆամը Տավուշի մարզում աշխատում է երկար ժամանակ և ունի ռազմավարություն՝ նպաստել փոքր ֆերմերային տնտեսությունների և համայնքի տնտեսական զարգացմանը: Մեր խնդիրներից մեկն էլ այն է, որ նպաստենք սակավառեսուրս համայնքներում աղետների, գյուղատնտեսական ռիսկերի նվազեցմանը: Այս ջերմոցային տնտեսությունների ստեղծումն էլ ուղղված է այդ խնդիրների լուծմանը: Ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը սոցիալական ձեռնարկության գաղափարն է: Դա նշանակում է, որ ձեռնարկության շահագործումից գոյացած շահույթի մինչև 40% ուղղվելու է համայնքային սոցիալական խնդիրների և կարիքների լուծմանը: Կարծում եմ, սա նախադեպ կդառանա այլ համայնքների համար ևս,- ասաց Մարգարիտա Հակոբյանը:
Նա նաև նշեց, որ ջերմոցներում նոր տեխնոլոգիաներ են ներդրված.
– -Ջրակաթիլային ոռոգման, ինֆրակարմիր ջեռուցման համակրգեր են տեղադրված, ինչպես նաև նոր, ավելի դիմակայուն մշակաբույսեր: Այս ամենը հնարավորություն է տալիս ստանալ այլընտրանքային եկամուտ ու մեղմել կլիմայի ազդեցությունը մշակաբույսերի վրա:
Արված աշխատանքի արդյունքներին ծանոթացանք անմիջապես՝ ջերմոցներից մեկում.
– Երկու նոր սորտի պոմիդորներ ենք աճեցնում՝ մեկը շատ քաղցր է, մյուսը` մի քիչ թթվաշ: Լավ բերք է բռնել: Ամեն օր հերթափոխով գալիս ենք, ջրում, քաղհան անում, բոլորս համաձայնվել ենք, մեր տան բոստանի գործերին զուգահեռ, այստեղ էլ աշխատում, ջանք ենք թափում, որ արդյունք ունենանք,- արդեն կարմրին տվող լոլիկները ցույց տալով` պատմեց Ակնաղբյուր համայնքի բնակիչ Գայանե Պետրոսյանը, ով նաև «Սննդի ոլորտի կին հերոսներ» մրցանակաբաշխությունից էինք Ճանաչում: Նա մրցույթի հաղթողներից մեկն էր: Ունի նաև իր մեծ տնտեսությունը՝ թզի, դեղձի, եգիպտացորենի այգիներ, բայց սիրով միացել է Օքսֆամ կազմակերպության նախաձեռնություններից մեկին և այսօր համայնքի սոցիալական ձեռնարկատիրության 45 անդամներից մեկն է:
Համայնքում Օքսֆամ կազմակերպության շնորհիվ նաև ֆերմերային դպրոց է հիմնվել: Այն նպատակ ունի զարգացնելու փոքր ֆերմերների, այդ թվում կին ֆերմերների կարողությունները և գիտելիքները բանջարային մշակաբույսերի արտադրության, ինչպես նաև սածիլների և սերմերի վերարտադրության և հետագա վաճառքի ոլորտներում: Օքսֆամի կողմից վաղ հիմնադրած կոոպերատիվի անդամներին “Բիզնեսի աջակցման կենտրոնի” հետ համատեղ տրամադրվում են դասընթացներ կառավարման և հաշվետվողականության վերաբերյալ, ինչպես նաև աջակցություն բերքի սպառման հարցում:
Խոսելով ֆերմերային դպրոցի մասին Մարգարիտա Հակոբյանը ասաց.
– Դպրոցում ֆերմերները կուսուցանեն այն նոր տեխնոլոգիաները, որոնք կիրառվում են բանջարանային մշակաբույսերի արտադրությունում: Կծանոթանան նոր մշակաբույսերի հետ, որոնք առավել դիմակայուն են կլիմայի փոփոխություններին ու ավելի բարձրաժեք կուլտորաներ են: Համագործակցելով Գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի հետ՝ ստեղծել ենք նաև սածիլային ջերմոց, որպեսզի համայնքը ինքն աճեցնի սածլներ:
Միջոցառման մասնակիցները շրջեցին նաև ֆերմերային դպրոցին կից փորձարարական ջերմոցներում, ծանոթացան կատարված աշխատանքներին: Միջոցառմանը ներկա ՀՀ Շիրակի Մարզպետ Արմեն Ղուլարյանը և Գյուղատնտեսության փոխնախարար Գ. Պետրոյանը տպավորված էին տեսածով:
– Քիչ առաջ եղա ջերմոցներում, որտեղ ժամանակակից տեխնոլոգիաներով բավականին բարձր և արդյունավետ գյուղատնտեսություն է վարվում: Ես բարձր եմ գնահատում Օքսֆամի գործունեությունը այն առումով, որ նրա բոլոր գործողությունները, ծրագրերը որոնք իրականացվում են, համահունչ են ՀՀ կառավարության կողմից գյուղատնտեսության ոլորտում իրականցվող քաղաքակաությանը: Բարձրարժեք գյուղատնտեսության զարգացում՝ հատկապես հանրապետության հեռավոր տարածաշրջաններում, ինչպիսին Տավուշի մարզն է, որտեղ բանջարաբուծությունը մեծ զարգացում չի ունեցել անգամ՝ խորհրդային տարիներին: Գնահատելի է նաև նրանով, որ կառավարության կողմից գերակա խնդիր համարվող կոպերացիայի զարգացմանն է նաև համահունչ: Սրանով առաջին սաղմն է ստեղծվում, արդյունավետ աշխատելու առաջին հիմքերն արդեն դրվել են, ես համոզված եմ, այն կզարգանա ոչ միայն մարզի այլ համայնքներում, այլև լավ օրինակ կլինի այլ տարածաշրջանների համար ,- իր խոսքում նշեց փոխնախարարը:
Մեր զրուցակից կանայք ոգևորված էին նոր հեռանկարներով : Հայտնի է, որ Օքսֆամի բոլոր նախաձեռնությունների շրջանակում պահպանվում է գենդերային արդարության սկզբունքը , այնպես որ կանայք ու տղամարդիկ հավասար են օգտվում կազմակերպության կողմից ընձեռած տնտեսական հնարավորություններից: Բայց ջերմոցային տնտեսությունների դեպքում կանայք առաջին գծում են:
Տիկին Լարիսան Ակնաղբյուրի արդեն 48 տարվա բնակիչ է: Խոստովանում է, որ մեծ սիրով է ամեն օր գալիս ջերմոց ու մասնկցում աշխատանքներին.
– Տանը խնձորի, լավ թզի ծառեր ունեմ, բայց այստեղի աշխատանքներին էլ եմ մասնակցում: Լավ կոլեկտիվ է, մի ընտանիքի պես, հետաքրքիր է, երբ միասին, խմբով ենք աշխատանք անում,- նշում է Լարիսա Եգանյանը և հավելում, որ սոցիալական ծրագիրն հատկացված գումարը կցանկար, որ ուղղվեր համայնքային ճանապարհի, գիշերային լուսավորության կամ ոռոգման ջրի հարցերը լուծելուն:
Տիկին Էմմայի համար էլ կարևոր խնդիրը հակակարկտային կայանի տեղադրումն է.
– Եղել են դեպքեր, նաև անցյալ տարի, որ կարկուտը վնասել է մեր բերքը, իսկ հիմա, երբ ունենք այս ջերմոցը, ավելի հանգիստ ենք: Երեք ջերմոցներում աճեցնում ենք լոլիկ, վարունգ, լոբի, բիբար, բադրիջան: Օրինակ, մինչ այս մենք 3 հատիկ լոբու սերմով էինք շիթիլ անում, իսկ այստեղ իմացանք, որ ճիշտը՝ 1 հատիկ սերմ ցանելն է: Շատ ավելի լավ բերք ենք ստացել:
Տիկին Ալվարդը նույնպես կոպերատիվի ակտիվ անդամներից է:
– Հիմնադրման առաջին օրից այստեղ եմ եղել: Օքսֆամի շնորհիվ շատ բան է փոխվել իմ, իմ ընտանիքի կյանքում: Այսօր ես տանն էլ ունեմ ջերմոցներ՝ նույնպես Օքսֆամի շնորհիվ: Ցանում եմ սոխ և կանաչի՝ ձմռանը, վարունգ, պոմիդոր՝ ամռանը: Այս նոր ջերմոցներն էլ մեծ աջակցություն էր Ակնաղբյուրին: Ճիշտ է, այս տարի գուցե քիչ բերք ստանանք, որովհետև մի քիչ ուշացրել ենք ցանքը, բայց մյուս տարի, համոզված եմ, ավելի մեծ արդյունք կունենանք…
Նույն օրը Օքսֆամի և Տավուշի մարզպետարանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, իսկ դա նշանակում է, որ Ակնաղբյուրից բացի մարզի այլ համայնքների համար էր նոր հնարավորություններ կստեղծվեն: Համենայն դեպս, հուշագրի հետ կապված իր սպասելիքները մարզպետ Արմեն Ղուլարյանը այսպես ձեւակերպեց. «Ավելի շատ աշխատանք, ավելի մեծ արդյունավետություն»…
Լիլիթ Քոչինյան
Երևան- Ակնաղբյուր
Դիտումների քանակը` 6396