Միգրացիայի խնդիրները ՝ գենդերային տեսանկյունից

 

Օրերս  ԵՊՀ տարածաշրջանային ինտեգրման և կոնֆլիկտաբանության կենտրոնում կազմակերպվել էր «Տղամարդկանց արտագաղթի ազդեցությունը կանանց վրա Հայաստանի գյուղական համայնքներում» վերնագրով քննարկում:

 

 

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող միջոցառման նպատակն էր հանրությանը ներկայացնել տղամարդկանց միգրացիայի և գյուղական համայնքներում կանանց վիճակի վերաբերյալ իրականացված երեք հետազոտությունների արդյունքները:

Օրվա բանախոսն էր ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի շրջանավարտ Արուսյակ Սևոյանը, ով ասպիրանտական ատենախոսությունը պաշտպանել է Արիզոնայի պետական համալսարանում, իսկ ներկայումս Հարավային Ավստրալիայի Ադելաիդայի համալսարանի Ավստրալիայի ազգաբնակչության և միգրացիայի հետազոտման կենտրոնում որպես հետազոտող է աշխատում:

Նախ հյուրին ներկայացրեց Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը, ով շնորհակալություն հայտնեց բանախոսին կարճ ժամանակով հայրենիքում գտնվելու ընթացքում համալսարանականների հետ հանդիպման հրավերն ընդունելու համար:

Արուսյակ Սևոյանը նշեց, որ միգրացիայի ազդեցություններն արտացոլող երեք տարբեր հետազոտություններն էլ կարևոր են այն առումով, որ ներկայացնում են արտագաղթող երկրի ներքին խնդիրները ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական և առողջական տեսանկյուններից:

Բանախոսն առաջինը խոսեց 2005 թ-ին ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողների հետ Արարատի և Տավուշի մարզերում իրականացրած «Միգրացիան, սոցիալական կապիտալը և վերարտադրողական առողջությունը և վարքը Հայաստանի գյուղական համայնքներում» հետազոտության մասին, որի արդյունքները ներկայացնում են միգրանտների և ոչ միգրանտների 18-45 տարեկան կանանց վերարտադրության վրա միգրացիայի ազդեցության տվյալները:

2007 թ-ին «Աշխատանքային միգրացիան և սեռավարակները Հայաստանում» հետազոտության մեջ արդեն ներգրավվել են կանանց նույն տարիքային խմբի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները:
Այս հետազոտություններն իրականացվել են նույն հարցաշարերով, ինչը հետազոտողներին թույլ է տվել տեղեկատվություն հավաքել գյուղական համայնքի մի քանի տասնյակ տնային տնտեսությունների վերաբերյալ. միգրանտը որ երկիր է մեկնել արտագնա աշխատանքի, ինչով է զբաղվել, ինչքան ժամանակ է մնացել արտասահմանում, որքան գումար է վաստակել, քանի երեխա ունի, գենդերային ինչ մթնոլորտում է ապրում, ինչ տեղեկություն ունի սեռավարակների մասին, հայտնվել է արդյոք նրանց շարքում, հակաբեղմնավորիչների օգտագործման հաճախականությունը և այլն:

Վերջում Արուսյակ Սևոյանը ներկայացրեց կրկին 2007 թ-ին իրականացրած «Ամուսնական հաղորդակցությունը և կանանց կողմից ՍՃՓՀ-ի (սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ) դեպքում բժշկական միջոցների կիրառումը տղամարդկանց աշխատանքային միգրացիայի համատեքստում» վերնագրով հոտազոտության տվյալները:

«Այս աշխատանքների նպատակն էր համեմատել միգրանտների կանանց վիճակը ոչ միգրանտների կանանց վիճակի հետ և համապատասխան վերլուծություն անել: Ընդհանրապես պետք է ասեմ, որ ԱՊՀ երկրների մասին նմանաբովանդակ տեղեկատվություն սոցիոլոգիական և վիճակագրական գրականության մեջ դժվար է գտնել, ուստի այս բոլոր տվյալները չափազանց կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանային մյուս երկրների սոցիալ-տնտեսական քաղաքականության և միգրացիայի ուղղությամբ տարվող ծրագրերի իրականացման համար»,- խոսքը եզրափակեց բանախոսը:

 

  ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոն

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 5513

Գլխավոր էջ