Ինչու՞ է կարճվել Մարո Գուլոյանի մահվան առիթով հարուցված գործը
20-ամյա Մարո Գուլոյանի ինքնասպանության գործով վարույթը կարճվել է. այլ կերպ ասած` երբ Մարոյի դուստրը մեծանա, նրան մոր մահվան մասին ներկայացնելու են պաշտոնական վարկածը, այն, որ երիտասարդ կինը 2012թ-ի հուլիսի 12-ին Առինջում ամուսնու տան լոգարանում ինքնասպան է եղել կախվելու միջոցով: Մարոն ոչ միայն այդ պահին ուներ 1.8 տարեկան դուստր, այլև պատրաստվում էր մայրանալ երկրորդ անգամ….
Հիշեցնենք, որ այս աղմկահարույց գործը անցած ամռանը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, ու իր վրա կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների ուշադրությունը գրավեց: Նրանց թվում նաև «Կանանց ռեսուրսային կենտրոնի», որի իրավաբանը դեպքից առ այսօր անցած տաս ամիսներին ներկայացրել է տուժող կողմի` Մարոյի հոր շահերը:
Օրերս կայացած մամլո ասուլիսում կենտրոնի իրավաբան Լուսինե Մինասյանը տեղեկացրեց, որ ապրիլի 22-ին Ոստիկանության ՔԳՎ Կոտայքի մարզի քննչական բաժանմունքը կարճեց խիստ կասկածելի այս ինքնասպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը, քանի որ` «հանցակազմը բացակայում է»: Իրավաբանը շեշտեց` բացակայում է ոչ թե հանցակազմը, ինչպես որ պատճառաբանվում է, այլ իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքն ու ամենակարևորը` մեղավորներին պատժելու ցանկությունը.
«Անցած տաս ամիսներին, ինչ ընթացել է քննությունը, բազմաթիվ փորձաքննություններ են նշանակվել, նաև մեր կողմից նշանակված և այդ ամենի արդյունքում բազմաթիվ հանգամանքներ են ի հայտ եկել: Օրինակ, դատաբժիշկը չի ֆիքսել բոլոր այն վնասվածքները, որոնք եղել են մարմնի վրա` պարանոցի, ոտքերի հատվածում և ունենք դրա ապացույցը: Մեր պահանջով նաև իրականացվել է արտաշիրիմում, որից հետո անցկացվել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Եվ որ ամենասարսափելին է` հենց Մարոյի եղբայրն էր ստիպված անձամբ քրոջը թաղած տեղից հանել»,- պատմեց Լուսինե Մինասյանը միևնույն ժամանակ ցուցադրելով այն լուսանկարները, որոնք ապացուցում են իր խոսքերը:
Մարոյի ամուսնությունը, մեղմ ասած, հաջող չի եղել. Գևորգը` ամուսինը, ոչ մի տեղ չի աշխատել, տան եղածն էլ «քամուն տվել», քանի որ տառապել է խաղամոլությամբ: Մարոյի մահից որոշ ժամանակ առաջ նա անգամ փորփել է համոզել Մարոյի եղբորը իր անունով վարկ ձևակերպել… Տանն անպակաս են եղել վիճաբանությունները, թերևս նաև ֆիզիկական բռնությունը երիտասարդ կնոջ նկատմամբ: Ըստ հարազատների խոսքերի` մահվանից 20 րոպե առաջ Մարոն զանգահարում է եղբորն ու ասում, թե ուզում է բաժանվել ամուսնուց և խնդրում, որպեսզի երեկոյան ծնողների հետ միասին գան իր ու երեխայի հետևից: Սակայն անմիջապես այդ հեռախոսազրույցից հետո Մարոյին լոգարանում կախված հայտնաբերում է ամուսնու հորեղբոր կինը` ինքնասպանություն գործելու համար Մարոն օգտագործել է խալաթի գոտին:
Վերջին հանգամանքի կապակցությամբ իրավաբանը ներկայացրեց մի շարք լուսանկարներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպիսի հետքեր են լինում կախվելու միջոցով ինքնասպանություն գործած դիակի վրա և միաժամանակ ցուցադրեց նաև Մարոյի հուղարկավորության լուսանկարներից, որոնցից հստակ երևում է, որ պարանոցին բացակայում է խալաթի գոտուց թողած հետքը: Փոխարենը կար այլ հետք, որն էլ հենց դատաբժիշկը չէր արձանագրել: Բացի այս, Մարոյի մարմնի վրա չկան նման ձևով կյանքից հեռանալուց բնորոշ այլ հետքեր` վերջույթների մաշկի գույնի սևացում, դեմքի գույնի սևացում, լեզվի դուրս գալ և այլն.
«Նշված հատկանիշներից ոչ մեկը Մարոյի մոտ չկար: Բացի այս նաև հիշեցնեմ, որ ի սկզբանե քրեական գործը հարուցվել էր ինքնասպանության հասցնելու վարկածով, որովհետև իբրև թե դրանից երկու օր առաջ խալի լվանալուց ամուսինը նրան չի օգնել: Բայց հետո այդ վարկածն էլ մեջտեղից դուրս եկավ: Ի դեպ նշեմ, որ այդ պարբերությունը` բացատրությամբ, վերցված է դատահոգեբանական փորձաքննությունից, որից, սակայն, վերցված չէ այն պարբերությունը, որը կասկածի տակ է առնում այն հանգամանքը, որ Մարոն ինքնասպանության է դիմել: Կասկածելի նաև, որովհետև Մարոն գրություն չի թողել, ինչը բնորոշ է նման դեպքերի համար և կամ գրություն եղել է, բայց այն ինչ-որ մեկի սրտով չի եղել ու այդ պատճառով էլ այն չենք գտել»,-նշեց Լուսինե Մինասյանը, ում համար շատ կասկածելի են նաև վկաների իրարամերժ ցուցմունքները, որտեղ տարբեր ժամեր են նշվում թե Մարոյին հայտնաբերելու, թե նրանք հիվանդանոց տեղափոխելու առումով, կասկածելի է նաև այն, թե ինչպես է Մարոյին գտած ազգականը նրան, իր իսկ խոսքերով, իջացրել, քանի որ համապատասխան փորձաքննության ժամանակ, որը անցկացվել է «Կանանց ռեսուրսային կենտրոնի» պահանջով և որի համար պատրաստվել է Մարոյի քաշով ու բոյով խրտվիլակ, նույն այդ կինը չի կարողացել դա անել:
Լ.ՄԻնասյանը տեղեկացրեց նաև, որ իրենք միջնորդել էին, որպեսզի գործի քննությունը տեղափոխվի Կոտայքի մարզից Երևան, քանի որ հայտնի է, որ ամուսինը` Գևորգ Գուլոյանը ԱԺ պատգամավոր Մուրադ Գուլոյանի ազգականն է, սակայն չեն հաջողել: Արդյունքում էլ գործի վարույթը կարճվել է.
«Թե ինչ է կատարվել իրականում Մարոյի հետ բացահայտելը շատ կարևոր է նաև այն իմաստով, որ Աստված մի արասցե, բայց, մեզանից յուրաքանչյուրը կարող է կանգնել նման իրավիճակի առաջ ու վստահ չլինել, որ իրավապահները հավուր պատշաճի կքննեն գործը»,- հայտարարեց նա ու նաև հավելեց, որ իրենք շարունակելու են պայքարը:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 4393