Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի պատվերով՝ Փարիզի Բնակչության և զարգացման կենտրոնի Զարգացման հետազոտական ինստիտուտը ներկայացնող դոկտոր Քրիստոֆ Գիլմոտոյի կողմից 2011-12թթ-ին իրականացվել է մի հետազոտություն` «Նորածինների սեռերի անհամամասնությունը Հայաստանում. ժողովրդագրական տվյալներ և վերլուծություն», որը ակնհայտ ցույց է տալիս, թե ինչպիսի սպառնալի միտումների է հասնում Հայաստանում սեռով պայմանավորված աբորտների հիմնախնդիրը: Հետազոտության արդյունքները ներկայացվեցին այսօր, ներկա էր նաև իրականացնող դոկտոր Գիլմոտոն, ով նաև անցած տարի Հայաստանում էր:
1990-ականներից սկսած Հայաստանում շեղվել է նորածինների հարաբերակցությունը, մասնավորապես` 2012 թ-ին այդ հարաբերակցությունը կազմել է 114 տղա 100 աղջկա դիմաց, մինչդեռ բնականոն է համարվում 102-ից 106 տղա`100 աղջկա դիմաց հարաբերակցությունը: Ավելին` ընտանիքներում երրորդ երեխայի դեպքում այդ հարաբերակցությունն ուղղակի ահռելի տարբերություն է տալիս` 160 տղա 100 աղջկա դիմաց. մասնագետների պնդմամբ` սա ժողովրդագրական լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար:
Դոկտոր Գիլմոտոյի խոսքով, հարաբերկացությունը բարձր է նաև Լեռնային Ղարաբաղում` այնտեղ ծնվող 111-112 տղայի դիմաց ծնվում է 100 աղջիկ.
«Այս ցուցանիշը մի փոքր ցածր է Ադրբեջանից և հետաքրքիր է նրանով, որ հանրապետության տարածքը փոքր է, բայց այն, փաստորեն, համալրված է ժամանակակից սարքավորումներով»,- հայտարարեց դոկտոր Գիլմոտոն:
Բանախոսը նշեց` եթե շարունակվի աղջիկների ծնունդը խափանելու գնով տղաներ ունենալու արատավոր երևույթը, ապա Հայաստանը մինչև 2060թ-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր, իսկ երկրի բնակչությունը կնվազի հավելյալ 80 հազար մարդով (սա ներկայում Հայաստանի 2 տարվա ծնունդների թիվն է): 1996թ-ից հետո ծնվածների մեջ տղաների ավելցուկը կազմում է 39 հազար .
«Եթե այս միտումը չկասեցվի, ապա ամուսնական ամենաակտիվ տարիքի` 20-39 տարեկան տղամարդկանց մի մասը շուտով սկսելու է ընտանիք կազմելու դժվարություններ ունենալ և կին չգտնելով մեկնել երկրից` այդպիսով խթանելով արտագաղթը: Բացի այս, սա նաև այլ խնդիրներ առաջ կքաշի»,- նշեց Ք.Գիլմոտոն:
Օտարերկրյա մասնագետի խոսքով, սա այն խնդիրը չէ, որ հնարավոր լինի լուծել մի րոպեում ու ինչ-որ կոնկրետ հրամանագրով.
«Հայաստանում, ինչպես նաև մյուս բոլոր երկրներում, որտեղ առկա է այս խնդիրը, նորածինների սեռերի անհամամասնությունը խարսխված է տղա երեխայի գերապատվության վրա: Սա էլ, իր հերթին, խարսխված է ավանդույթների ու ժողովրդին բնորոշ արժեհամակարգի վրա: Այլ կերպ ասած, կառավարությունը չի կարող ինչ-որ հրամանագրով լուծել խնդիրը, քանի որ այստըեղ ավելի լուրջ ու խորքային աշխատանք է հարկավոր տանել` փոխելով հասարակության մտածելակերպը, վարքագծային մոդելները: Ես կարծում եմ, որ այս հարցում շատ կարևոր դերակատարում պետք է ունենա Հայաստանի քաղաքացիական հասարակությունը` կամաց-կամաց փոխելով արժեհամակարգը և մտածելակերպը»,- նշեց նա ու ավելացրեց, որ շատ դեպքերում հնչում է կարծիք, որ եթե պետությունը խրախուսի աղջիկ երեխաների ծնունդը` վճարելով ծնողներին, ապա խնդիրը հնարավոր կլինի լուծել, սակայն դա ամենևին էլ լուծում չէ և իր հերթին կբերի խտրականության տղա երեխաների նկատմամբ:
«Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, ինչպես նաև Ալբանիայում և մասամբ նաև Կոսովոյում սեռով պայմանավորված աբորտները` ընտանիքում տղա երեխայի գերապատվությունը ահագնացող միտում ունի: Ավելին` այս երկրները ուղղակիորեն կանգնած են ժողովրդագրական աղետի առջև: Իրավիճակը փոքր-ինչ այլ է Թուրքիայում, այս երկրում ծնելիությունը բավականին բարձր ցուցանիշի վրա է ու թեև այսօրվա դրությամբ անհանգստացնող միտում չկա, բայց ժամանակի ընթացքում հնարավոր է, որ խնդրին առնչվեն նաև այս պետությունում»,- իր խոսքում հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նա նաև նշեց, որ մեր հասարակության մեջ կնոջ դերը շատ ավելի նվազ է, քան տղամարդունը, իսկ ծնողները իրենց հույսերը ավելի շատ կապում են տղա երեխայի հետ, մտածելով, որ աղջիկը տանից գնացող է: Եվ հարկավոր փոխել հենց այդ կարծրատիպ դարձած մտածելակերպը, այլապես Հայաստանը տասնամյակ հետո արդեն լուրջ աղետի առջև կկանգնի: Գ.Հայրապետյանը մատնանշեց նաև, որ ՀՀ կառավարությունն արդեն որոշակի քայլեր վերջին տարիներին ձեռնարկել է, օրինակ, Հայաստանում առաջին անգամ ընդունվել է գենդերային հավասարության ռազմավարության մասին գործողությունների ծրագիրը, իսկ Ազգային Ժողովը քննարկում է «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասարությունների մասին» օրենքի նախագիծ: Բայց սա էլ բավարար չէ` հիմնական շեշտը պետք է դրվի մարդկանց մտածելակերպը փոխելու վրա:
Ըստ զեկույցի, վերոնշյալ հետևանքով կանխատեսումները հետևյալն են`
- Եթե հղիության սեռով պայմանավորված արհեստական ընդհատումների երևույթը շարունակվի, մինչև 2060 թ.-ը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 կին կամ պոտենցիալ ապագա մայր:
- Տարեկան չծնված նորածին աղջիկների թիվը մինչև 2060 թ. կհասնի 2000-ի:
Հետազոտության մեջ առկա են նաև որոշ փաստեր, որոնք հեղինակների գնահատմամբ հավելյալ սոցիոլոգիական և հոգեբանական հետազոտության կարիք ունեն: Դրանք են`
- Հայաստանում գոնե մեկ արու զավակ ունենալու ցանկությունն ավելի ուժեղ է, քան Հնդկաստանում ապագա օժիտի պատճառով աղջիկ չունենալու ցանկությունը: Այսինքն՝ Հայաստանում ոչ թե չեն ուզում աղջիկ ունենալ, այլ ուզում են ունենալ տղա։
- Տղա ունենալու շարունակական փորձերն, ի վերջո, հանգեցրել են նրան, որ հայաստանյան ընտանիքների մեծամասնությունում տղաները տարիքով ավելի փոքր են, քան աղջիկները:
Լիա Խոջոյան
Հետազոտությանը կարելի է ծանոթանալ այստեղ.
Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.
Գ.Հայրապետյան. «Կնոջ դերը մեր հասարակության մեջ շատ ավելի նվազ է, քան տղամարդու»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Նորածինների սեռերի խախտված համամասնությունը սպառնում է Հայաստանի ժողովրդագրությանը/ վիդեո
Դիտումների քանակը` 4614