Նևին Իլ. «Մենք այս խնդիրը նաև մեր երկրի ղեկավարության առջև ենք բարձրացնում »

 

Օրերս Երևանում անցկացվեց «Առևտրային  և տնտեսական հարաբերությունների  հաստատում» թեմայով հայ և թուրք գործարար կանանց ֆորումը, որի նպատակն էր ծանոթացնել թուրք գործարար կանանց Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային և մաքսային համակարգին, ինչպես նաև քննարկել առկա խնդիրները գործարար կապերի խորացման ճանապարհին: Ֆորումի մասնակիցները, հատկապես Թուրքիայից ժամանածները,  որպես լուծում պահանջող առաջնային խնդիր դիտարկեցին  1993թ-ից փակ հայ-թուրքական սահմանը,  որը  ըստ էության երկու հարևան երկրների միջև գործարար կապերի զարգացման  հարցում լուրջ  խոչընդոտ է հանդիսանում :

 

Մասնավորապես,  Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նևին Իլը  WomenNet.am- ի  հետ զրույցում  հետևյալ հարցադրումն առաջ քաշեց ՝   ֆորումը, երկկողմանի  գործարար շփումները, ճանաչողական այցերը  անշուշտ  ողջունելի են, սակայն  արդյո՞ք դրանք կարող են դրական արդյունքի բերել, քանի դեռ իրականության մեջ բախվում են փակ սահմանի հետ:

 

«Մենք կարծում ենք, որ այս շփումները արդյունավետ կլինեն, թեև փակ սահմանը լուրջ կասկածի տակ է դնում դրա հավանականությունը»,- ասաց  կին գործարարը: Նա օրինակ բերեց` իրենց գործունեության տարածաշրջանը քրդական է` Քրդստան, որտեղ լուրջ խնդիրներ կան թուրք պետության հետ, սակայն վերջերս իրենց նկատմամբ այնպիսի քաղաքականություն է իրականացվում, որի մասին «անգամ չէինք էլ երազել»: Նրա խոսքով,  Թուրքիան Մերձավոր Արևելքում լուրջ ուժ է և եթե ինքը ցանկանում է պահպանել իր այդ դիրքերը և մնալ նույն ուժեղ պետությունը ու ուժեղ գործոնը , ապա ստիպված է  կարգավորել հարաբերությունները բոլոր հարևանների հետ.

 

«Դա միանգամից չի կարող տեղի ունենալ, բայց մենք, որպես քաղաքացիական հասարակություն , պետք է ստիպենք, որպեսզի քաղաքականությունը  փոխվի  և  սահմանը բացվի: Ի վերջո, երեկ 5-6 ժամանոց ճանապարհը մենք անցել ենք 24 ժամում` Հայաստան գալու համար շրջելով ամբողջ Վրաստանը, մինչդեռ կարող էինք ընդամենը 5-6 ժամում լինել արդեն Երևանում»,- նշեց տիկին Իլն ու տեղեկացրեց, որ այս խնդիրները բարձրացվում են ոչ թե միայն Հայաստանում կամ հայ գործընկերների հետ հանդիպումներում, նույնը նաև ասվում է երկրի  ղեկավարությանը.

 

«Մենք միշտ ասում ենք իշխանություններին, որ համատեղ գործունեությունը, շփումը հարևանների հետ նպաստելու է Թուրքիայի ուժեղացմանը:  Իհարկե, պատմության մեջ մեծ սխալներ են տեղի ունեցել, բայց 21-րդ դարում ապրողներս մեղավոր չենք դրանց  համար, բայց մենք նաև չենք փորձում դա մոռանալ: Այնպես որ ցանկանում եմ, որ բոլորս էլ ջանքեր գործադրենք այս իրավիճակը շտկելու համար»,- ընդգծեց նա:

 

«Դոքունքադ» միության նախագահից հետաքրքրվեցինք` բայց ինքը տեսնո՞ւմ է, որ Թուրքիան քայլեր է անում  կամ ուզում է անել այդ ուղղությամբ, հատկապես որ  Հայաստանը իր նախաձեռնությամբ  ցույց տվեց,  որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը` բացառելով ցանկացած նախապայման: «Թուրքիան ստիպված է այդ կամքը ունենալ»,- եղավ պատասխանը:

 

Նշենք, ֆորումը կազմակերպել էին ԱՄՆ Միջազգային զարգացման  գործակալության  «Ձեռնարկությունների  զարգացման  և շուկայի  մրցունակության  ծրագիրը» (EDMC)   և   «Կանանց  ֆորում»  հասարակական կազմակերպությունը: Այն համախմբել էր 25 հայ և 30 թուրք կին գործարարների, որոնցից շատերը կոնֆերենց դահլիճի հարակից տարածքում ներկայացրեցին նաև իրենց արտադրանքը` կոսմետիկա, խնամքի պարագաներ, ձեռագործ խալիներ, սփռոցներ, անգամ կաթնամթերք, կավե արտադրություն և այլն:

 

Ի դեպ,  ցուցահանդեսի բացմանը մի հետաքրքիր դրվագի վկա դարձանք.  երբ  հայ կանանցից մեկն անզգուշությամբ կոտրեց թուրք գործընկերուհու  կավե գեղեցիկ կճուճներից մեկը, դա  միահամուռ ընդունվեց իբրև «չար ուժերի խափանում ու բռնած գործի հաջողություն»:

Էնզելա Մակարյան

 

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

Թուրք կին գործարարները Երևանում. «Փակ սահմանը ճիշտ չէ»

 

 

 

Դիտումների քանակը` 3580

Գլխավոր էջ