Մարսելա- Մարիա Նիկոդեմոս. «Հասարակությունը ևս պետք է հավատա, որ կինը կարող է»

 

WomenNet.am կայքի հարցերին պատասխանում է Հայաստանում Բրազիլիայի դեսպան՝ տիկին  Մարսելա- Մարիա Նիկոդեմոսը, ով  գտնում է, որ վերջին 30 տարիների ընթացքում իր երկրում նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել, կանանց դերը հասարակությունում բարձրացնելու ուղղությամբ:

 

 

–          Տիկին դեսպան,Բրազիլիայի  նախագահ Դիլմա Ռուսսեֆֆի անունը  վերջերս հիշատակվեց  աշխարհի ամենաարդյունավետ կառավարող  լիդերների շարքում : Ձեր կառավարարությունում  կա  նաև 10  կին նախարար: Կարելի՞է ասել, որ Բրազիլիայում լուծվել է գենդերային անհավասարության խնդիրը:

 

–          Դիլմա Ռուսսեֆֆի րնտրությունը նախագահի պաշտոնում`  դա արդեն մեծ քայլ է գենդերային խտրականության դեմ և մեծ պայքարի արդյունք: Տիկին Դիլմայի նախարարների կաբինետում կան տաս կին, չնայած մինչ  այդ էլ եղել են կանայք, ովքեր նույնպես ունեին  բարձր պաշտոններ օրենսդիր և գործադիր մարմիններում: Ունենք նաև  կին դատավորներ:

Դրա հետ մեկտեղ  չէի ասի, որ գենդերային հավասարության խնդիրը  Բրազիլիայում լուծված է:  Այսինքն դեռեւս պետք է   պայքարել, քայլեր ձերնարկել՝  դրան հասնելու համար: Կանայք պետք է պատշաճ ներկայացված լինեն ոչ միայն քաղաքականության, այլ նաև բիզնեսի և տնտեսության մեջ: Հասարակության մեջ էլ կնոջ դերը պետք է բարձրացվի: Բրազիլիայում այդ ուղղությամբ որոշակի քայլեր արվում են: Փոփոխությունները առավել նկատելի են,  հատկապես  եթե համեմատենք այն իրավիճակի հետ, որը առկա էր 30 տարի առաջ, երբ ես  նոր էի սկսում  իմ դիվավագիտական կարիերան:

 

– Ինչպե՞ս կգնահատեք կանանց ներկայացվածությունը  Բրազիլիայի   քաղաքական դաշտում  և  որոշումների ընդունման մակարդակում:

 

Բրազիլիայում դեռևս իշխում են տղամարդիկ: Իհարկե, որպես բացառություն կարելի է նշել կրթության ոլորտը, որտեղ կան բավական մեծ քանակությամբ կանայք, ավելի շատ քան այլ բնագավառներում: Սակայն բարձրաաստիճան պաշտոններում հիմնականում տղամարդիկ են, կանայք դեռ քիչ են: Կարեւորը, որ  Բրազիլայում  նկատվում է առաջընթաց այդ հարցում: Վերջին տարիների ընթացքում կանանց  մասնակցությունը քաղաքականությունում անշուշտ ավելացել է, բայց դեռ  չի կարելի ասել, որ գենդերային խտրականությունը վերացվել է: Բրազիլիան ունի  200 միլիոն բնակչություն և հնարավոր չէ խտրականությունը ամբողջովին վերացնել:  Հասարակությունը պայքարում է դրա համար:

 

 

Իսկ ո՞րն է , ըստ ձեզ, նախագահ  Դիլմա Ռուսսեֆֆի հաջողության գաղտնիքը:

 

–  Անշուշտ չեմ կարող ասել  Դիլմա Ռուսսեֆֆի  փոխարեն ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը , բայց իմ դիտարկմամբ  կարող եմ նշել, ինչպես է նա նախագահ դարձել` առաջին հերթին, իր կարգապահությամբ ու օրինապաշտությամբ:  Բացի դրանից, նա շատ նպատակասլաց և հստակ դիրքորոշում ունեցող կին է: Նա մեծ հավատքով և նվիրումով է կատարում ցանկացած  գործ, որի մեջ ներգրավված է՝  լինի  դա երկրի  ներսում թե դրսում:  Իրականում, կարծում եմ, որ առաջին հերթին պետք է հավատալ այն գործին, որով զբաղվում ես, բացի այդ  բոլոր հարցերում  պետք է  պահպանել կարգուկանոն: Հասարակությունը ևս պետք է հավատա, որ կինը կարող է հասնել մեծ բարձունքների, գնալ առաջ և հաղթահարել խոչընդոտները:

 

 

– Ձեր կարծիքով,  ինչպե՞ս  կարելի է կոտրել հասարակությունում ձևավորված կարծրատիպերը, որոնք խոչընդոտում են կանանց առաջխաղացումը քաղաքականությն մեջ:   

 

–  Վստահ եմ, որ հայ կանայք էլ  կարող են կոտրել կարծրատիպերը` վերջ  տալով տղամարդկանց գերիշխանությանը քաղաքականությունում: Կարծում եմ , կարգուկանոնը և նպատակասլացությունը կարող են օգնել այս հարցում, ինչպես նաև կանայք պետք է փոխեն իրենց մտածելակերպը, իրենց պահելաձևը, իսկ տղամարդիկ պետք է աջակցեն իրենց այդ հարցում, որ համատեղ հասնեն իրենց նպատակին` կառուցեն խտրականությունից զերծ հասարակություն: Միայն այդ դեպքում նրանք կարող են հասնել արդյունքի:

 

 

–  Ի՞նչ  գործոններ են օգնում  կանանց  ընդլայնելու իրենց հնարավորությունները` քաղաքականության մեջ բարձր պաշտոններ զբաղեցնելու հարցում:

 

– Կարևորը կրթությունն է` ինչքան շատ կրթված լինի կինը, այնքան մեծ է հավանականությունը, որ նա կզբաղեցնի ավելի բարձր պաշտոն: Կրթությունը մեծ դեր է խաղում քաղականությունում, տնեսությունում և այլ բնագավառներում, և գրեթե ամբողջ աշխարհում այդպիսի դրվածք է: Վստահ եմ, որ ինչպես Բրազիլիայում, այնպես էլ Հայաստանում, կրթված կանայք առաջ գնալու մեծ հնարավորություններ ունեն : Բրազիլիայում ավելի շատ կանայք են բարձրագույն կրթություն ստացել, քան տղամարդիկ, ինչպես նաև Հայաստանում: Կրթված կանայք անշուշտ  նպաստում եմ  հասարակության բարեկեցությանը, նաև ընտանեկան հարցերի կարգավորմանը:

 

 

–         Ձեր կարիերայի ընթացքում առնչվել ե՞ք գենդերային խտրականության դրսևորումների հետ:

 

– Իմ դիվանագիտական կարիերայի ընթացքում չեմ հանդիպել նման դեպքերին, սակայն եթե եղել են, ապա բավականին քիչ: Արտաքին գործերի նախարարությունում այսօր չկան խտրական գործելաոճեր,  որոնց  պատճառով կանայք իրենց վատ զգան:  Նախկինում այդպես էր` եթե կին ու տղամարդը դիվանագետ էին և նրանցից մեկը նշանակվում էր այլ երկիր ծառայության, ապա մյուսը պետք է թողներ իր դիվանագիտական աշխատանքը: Սակայն այս պահին դա վերացվել է: Ներկայումս Բրազիլիան այլ երկրների հետ ունի համաձայնագրեր, ըստ որոնց, եթե կինն և ամուսինը դիվանագետներ են և միասին մեկնում են ինչ-որ երկիր, ապա երկուսով կարող են աշխատել, և նրանց դիվանագիտական կարիերան չի ընդհատվի: Բրազիլիան սպասում է, որ Հայաստանի հետ էլ այդպիսի համաձայնություն  ձեռք բերվի: Մենք հասել ենք այն մակարդակի, որ մեր Արտաքին գործերի նախարարությունում վերացվել է կանանց նկատմամբ խտրականությունը:

 

 

Ըստ Ձեզ, հնարավո՞ր է համատեղել կարիերան  և ընտանիքը:

 

-Առանց կեղծ համեստութան պետք է ասեմ, որ ես դրա վառ օրինակն եմ` ունեմ  լավ ընտանիք և դիվանագիտական կարիերա: Իհարկե դա կապված է տարբեր գործոնների հետ, առաջին հեթին անձից: Ես բախտավոր եմ, ունեմ ինձ լավ հասկացող ամուսին, որը ինձ միշտ ուղեկցել է բոլոր այն երկրները, որտեղ ես աշխատել եմ, բացի դրանից իմ տղաները ևս եղել են իմ հետ, երբ նրանք փոքր էին: Հանրային կառավարման ասպարեզում  բավական ջանքեր պահանջվեցին,  որ դիվանագետ ամուսինները կարողանան համատեղ աշխատել, ինչը նպաստում է նաև ընտանիքի ամրությանը:

 

 

Մենք ունենք այդպիսի օրինակ` Հայաստանում Բրիտանիայի դեսպանատանը աշխատում են ամուսիններ, որոնք կատարում են դեսպանների պարտականությունները:

 

– Սա առաջին դեպքն է, որ զույգը աշխատում է դեսպանի մակարդակով, հնարավորություն է տրվել, որպեսզի նրանք կարողանան ճկուն ձևով փոխարինել մեկը մյուսին: Այդ հնարավորությունը նրանց ընդձեռել են Բրիտանիայի և Հայաստանի կառավարությունները: Իրականում, դա ոչ միայն լավ հնարավորություն է ընտանիքի և կարիերայի համար, այլ ֆանտաստիկ նախադեպ  է, որը կարող է օրինակ ծառայել ուրիշ երկրների համար:

 

 

Ինչպիսի՞ հատկություններ  են  պետք    կանանց  դիվանագիտական կարիերայի ընթացքում:

 

– Դա նույն է և կանանց, և տղամարդկանց համար, չկա ինչ-որ առանձնահատուկ մի բան: Կարող եմ նշել, ինչը ինձ օգնեց կանացի մտածելակերպը պահպանելու: Երբ սկսեցի իմ դիվանագիտական կարիերան, ես չփոխեցի իմ կնոջ մտածելակերպը և չմտածեցի տղամարդու պես: Դա երևի այն պատճառով էր, որ հենց առաջին հանձնարարությունը ինձ տվեցին կապված կանանց հետ`միջամերիկյան հանձնաժողովում ես պետք էի զբաղվեի կանանց հարցերով: Շատ կանայք զբաղվելով դիվանագիտությամբ փորձում են նմանվել տղամարդկանց: Սակայն դա պետք չէ անել` կինն պետք է մնա կին և աշխարհի հարստությունը  հենց  սեռերի միջև եղած  տարբերության մեջ է  և այն պետք է պահպանվի, քանի որ դա է, որ ինչ-որ բան է փոխում և ներդաշնակություն է հաստատում:  Այնպես որ եթե կանանյք կարողանան իրենց  ներաշխարհը ներդնել  քաղաքականությունում և այլ բնագավառներում, ապա մենք արդյունքի կհասնենք  ոչ միայն գենդերային հավասարության համար  պայքարում:  Ուրախ եմ, որ հենց կանանց նվիրված կայքին եմ տալիս հարցազրույց, ցանկանում, որ հայ կանայք իրենց ամուսինների հետ հասնեն իրենց նպատակներին  և միասին բարելավեն իրենց կյանքն ու երկիրը:

 

Զրույցը վարեց՝

Իլոնա Քամալյանը 

Դիտումների քանակը` 3594

Գլխավոր էջ