Կին պատգամավորների ակտիվության գործակիցը շատ ավելի բարձր է, քան տղամարդկանց

Առաջիկա խորհրդարանական ընտրությունները լավ առիթ են՝ գնահատելու, թե անցնող գումարման տասը նստաշրջաններում ի՞նչ ակտիվություն են ցուցաբերել օրենսդիր մարմնի անդամները: Parliament Monitoring– ը   արդեն ներկայացրել է մի քանի տասնյակ պատգամավորների, ովքեր ոչ հարց են տվել, ոչ էլ ելույթ  ունեցել:  Կան նաև այնպիսիք, ովքեր երբևէ Ազգային Ժողովի շենք էլ ոտք չեն դրել: Նրանց գերակշռող մասը տղամարդիկ են:

 

Այսպես ԱԺ անցած տասը նստաշրջանների ընթացքում որևէ հարց չեն տվել ու ելույթ չեն ունեցել Սամվել Ալեքսանյանը, Աշոտ Աղաբաբյանը, Աշոտ Արսենյանը, Արկադի Համբարձումյանը, Հարություն Ղարագյուզյանը, Ռուբեն Հովսեփյանը, Միքայել Մանուկյանը, Գրիգորի Մարգարյանը, Արա Արամյանը, Արթուր Գևորգյանը, Նահապետ Գևորգյանը, Արմեն Ավետիսյանը, Դավիթ Քոչարյանը, Տաճատ Վարդապետյանը, Տիգրան Սարգսյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, Վահան Կարապետյանը, Կարո Կարապետյանը… Թվով 55-ն են 131 պատգամավորից : Ստացվում է  տղամարդ պատգամավորների 63 տոկոսը  «լռել» են ողջ գումարման ընթացքում  և միայն մնացած 37 տոկոսը ակտիվություն ցուցաբերել:

 

Կին պատգամավորների ակտիվության գործակիցը շատ ավելի բարձր է:  Ազգային ժողովում ընդգրկված կանանց 93 տոկոսը այս կամ այն կերպ ակտիվություն են ցուցաբերել: Parliament Monitoring-ի    տվյալների համաձայն ԱԺ 13 կին պատգամավորներից միայն մեկն է, որ ելույթ չի ունեցել, հարց չի տվել: Նա  ՀՀԿ  խմբակցության անդամ, մեծամասնականով ընտրված  Մարինե Մարաբյանն է: Նա նաև ամենաշատ բացակայած կինն է:  

 

Հիշեցնենք, որ Parliament Monitoring-ն ամփոփում է   5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների տվյալնեն  օրենսդրական նախաձեռնությունների, քվեարկությունների, բացակայությունների, հարցերի ու ելույթների վերաբերյալ: Վիճակագրությունը կազմվում է ԱԺ պաշտոնական կայքէջում ներկայացվող տվյալների մշակմամբ: Պատգամավորների բացակայությունների ցուցանիշն ընդհանուր է՝ առանց հարգելի և անհարգելի բացակայությունների տարբերակման:  

 

Ըստ այդ տվյալների, կանանցից համեմատաբար պասիվ են եղել ՀՀԿ խմբակցության անդամներ  Շուշան Պետրոսյանն ու Կարինե Պողոսյանը:

 

Առավել շատ ելույթ ունեցած 15 պատգամավորից երեքը կանայք են՝ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը, արդեն նախկին ժառանգական Զարուհի Փոստանջյանը:

 

Առավել շատ հարցեր բարձրացրած 15 պատգամավորների թվում էլ երեք կին կա՝ Հեղինե Բիշարյանը  , ՀՀԿ խմբակցությունից  Ռուզաննա Մուրադյանը, Նաիրա Զոհրաբյանը:

 

Քվեարկությանն առավել շատ չմասնակցած 15 պատգամավորների թվում կանայք չկան:

 

Առավել շատ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների թվում չորս կին կա՝ Էլինար Վարդանյան , Լյուդմիլա Սարգսյան, Նաիրա Զոհրաբյան, Հեղինե Բիշարյան:

 

Առավել շատ «դեմ» քվեարկած 15 պատգամավորներից մեկն է կին: Զարուհի Փոստանջյանը «դեմ» կոճակը սեղմել է 252 անգամ՝ այդ ցուցանիշով զիջելով Նիկոլ Փաշինյանին ու Ալեքսանդր Արզումանյանին:  Դրա հետ մեկտեղ  առավել շատ «կողմ» քվեարկած 15-յակի վերջին հորիզոնականում՝ 912 ցուցանիշով ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանն է:

 

Այսպիսով թվերը փաստում են,   ակտիվության տեսակետից   կին պատգամավորների   կազմն ավելի  արդյունավետ  է քան տղամարդկանց.  որհրդարանում   ընդամենը 10 տոկոսով ներկայացված կանայք ամենակտիվ  պատգամավորների թվում առնվազն  20 տոկոս են կազմում, իսկ որոշ դեպքերում ավելի շատ:    

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3117

Գլխավոր էջ