Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …

Womennet.am-ը առաջիններից մեկը Հայսստանի լրատվական դաշտում արձագանքեց  մեր հանրապետությունում առկա  ցավալի խնդրին՝  պտղի սեռով պայմանավորված   աբորտներին: Ցավոք,  երեք  տարի առաջ  հրապարակված այս հոդվածը   չի կորցրել իր արդիականությունը: Առավել  եւս արժե հիշեցնել ամոթալի այդ  երեւույթի  մասին այսօր՝ Մայրության եւ գեղեցկության օրը, երբ երկրի տարբեր ամբիոններից  հպարտությամբ  հայտարարում ենք, որ մայրապաշտ ազգ ենք…

 

 

… «Կանանց կոնսուլտացիայում իմ հերթին սպասելիս հաճախ եմ նկատել, թե ինչպես մայրերը կամ գուցե սկեսուրները  զայրացած դուրս են բերում կաբինետից իրենց հեծկլտացող դուստրերին-հարսներին:  Սկզբում մտածում  էի`  երևի արգանդում գտնվող երեխայի մոտ  բարդ արատ են հայտնաբերել, և երիտասարդ  մայրը դրա համար է արտասվում: Սակայն որքան մեծ էր զարմանքս, երբ բուժքույրը պարզաբանեց. «Ուղղակի բժիշկը նրանց ասել է, որ աղջիկ են ունենալու, դրա համար էլ այդպիսի դեմքերով են դուրս գալիս»: Նման  ցնցում ապրեցի նաև այն ժամանակ,  երբ փողոցում ծանոթ մի կին հետաքրքրվեց` պարզե՞լ եմ  արդյոք սպասվող  երեխայի սեռը: Լսելով  իմ  հպարտ՝ «աղջիկ եմ ունենալու» պատասխանը՝ հիասթափված ծոր տվեց. «Ոչինչ, հաջորդը տղա կլինի»…  Իսկ եթե ոչ, մի՞թե դա ցավակցելու առիթ է» –  իր դիտարկումներով  է կիսվում  մեր ընթերցողուհիներից մեկը:

 

 

 

Հարց է ծագում. իսկ ի՞նչ կլինի, եթե  երրորդ կամ չորրորդ երեխան նույնպես աղջիկ լինի:  Նման դեպքերում է, որ  խորապես հիասթափված ամուսինը երբեմն  իրեն իրավունք է վերապահում ծննդատնից տուն  չտանել հերթական աղջիկ ունեցած կնոջը …

 

 

Ճիշտ է , ինչպես վկայում է բազմաթիվ ընտանիքների փորձը, հետագայում այդ նույն հայրերը ջերմորեն կապվում են հենց չսպասված աղջիկներին և հաճախ նույնիսկ նախընտրում են նրանց՝ բաղձալի արու զավակից:  Սակայն այսպիսի երջանիկ ավարտ ունենում են միայն այն  պատմությունները, որոնցում  ամուսինները չեն փորձում  տղա-աղջիկ երկընտրանքը լուծել ընտրողական  աբորտի միջոցով:

 

 

Իրականում մենք չենք էլ  գիտակցում իրավիճակի ողջ ցինիզմը. ընտանիքը որոշում է երեխա ունենալ, կինը գիտակցաբար հղիանում է, և երբ արդեն պտուղը համեմատաբար հասունացել է, որոշում է՝ արժանի՞ է արդյոք այդ երեխան լույս աշխարհ տեսնելու, թե՞ ոչ՝  առաջնորդվելով միայն սեռի սկզբունքով: Տղան արժանի է, աղջիկը՝ ոչ, նշանակում է՝ սպանենք: Բարի, մի նոր փորձ…Պարզվում է, մենք այնքան էլ չենք հեռացել այն բարբարոսներից, ովքեր սովորույթի  համաձայն ողջ-ողջ թաղում էին նորածիններին  լոկ  նրա համար, որ աղջիկը վատ նշան է…Այն տարբերությամբ, որ արդիական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իմանալ սեռը և «սպանության» գործողությունը կատարել վաղօրոք…

 

 

Բրիտանական հեղինակավոր The Economist հանդեսի կանխատեսումներով՝ մարդկության անդառնալի մայրամուտը կսկսվի այն ժամանակ, երբ երկրի վրա կանայք «վերջանան»: Գործընթացը սկիզբ կառնի արդեն III հազարամյակում և կավարտվի V-VI հազարամյակների սահմանագծին՝  երբ լույս աշխարհ կգա մարդկության պատմության մեջ վերջին աղջիկը: Նման  մարգարեություններին անգամ թերահավատությամբ վերաբերվելով՝ անհնար է չընդունել, որ աշխարհն արդեն հասցրել է մի քանի վճռական քայլ անել մարդկության համար կործանարար այդ ճանապարհին: Չինաստանում, օրինակ՝ ընտրողական  աբորտների հետևանքով տղամարդ բնակչության գերակշռությունն արդեն հասել է 40 մլն մարդու: Տեղացի սոցիոլոգների կանխատեսումներով՝ սա կբերի միասեռական հարաբերությունների ծաղկման, ամուսնական միգրացիայի կամ հարևան երկրներից հարսնացու փախցնելու երևույթներին: Տղամարդ բնակչության կրճատման մեկ արմատական միջոց ևս գոյություն ունի՝ պատերազմը:

 

 

The Lancet բժշկական հրատարակության տվյալներով՝ վերջին 20 տարիների ընթացքում Հնդկաստանում սեռի հատկանիշով կատարվել է շուրջ 20 մլն աբորտ: Այս վտանգավոր երևույթի դեմ պայքարելով` հաճախ  օրենսդրորեն արգելում  են բժիշկներին երեխայի սեռի մասին տեղեկություն տալ: Ի պատասխան գրանցվում են դեպքեր, երբ  ամենահամառ ծնողները դիմում են վիրաբուժական միջամտությանը՝  այդ  եղանակով փոխելով արդեն իսկ ծնված երեխայի  սեռը և աղջկա փոխարեն ստանալով տղա:

 

 

ԵԽԽՎ-ի վերջերս  ընդունված բանաձևում՝  ընտրողական աբորտների տարածվածությամբ աչքի ընկնող չորս երկրների շարքում,  ավաղ« հայտնվել էր նաև Հայաստանը: Նշված  երկրներում (Ալբանիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) ծնվող աղջիկների և տղաների հարաբերակցությունը հասել է ժողովրդագրության համար վտանգավոր հաշվեկշռի՝ 112 տղա 100 աղջկա դիմաց՝ 105-ը 100-ի բնականոն հարաբերակցության դեպքում:

 

 

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ադրբեջանում վերջին 12 տարիներին միայն յուրաքանչյուր երրորդ նորածինն է աղջիկ: Ի հետևանս՝ 16 տղա և 6 աղջիկ. այսպիսին է այսօր սեռերի հարաբերակցությունը դպրոցներում՝ 1-6-րդ գրեթե բոլոր դասարաններում: Այս իմաստով համեմատաբար բարվոք է վիճակը Վրաստանում,  որտեղ հարաբերակցությունը 111-ը 100-ին է:

 

 

Հայաստանում այս տարվա ցուցանիշները վկայում են,  որ վտանգավոր միտումը խորանում է: Այսպես,  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2010-ի առաջին 5 ամիսներին մեր երկրում ծնվել են 8977 տղա և 7661 աղջիկ, այսինքն՝ հարաբերակցությունը կազմել է 117-ը 100-ի:

 

 

…Այսօր հետազոտության արդիական մեթոդները հնարավորություն են ընձեռում  ծնողները սեփական հայեցողությամբ լուծելու բնության կողմից կարգավորվող հարցը, ինչը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ երկրի ժողովրդագրության և նրա ապագայի համար:

 

 

 

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գեորգի Օկոևի խոսքով՝ առկա իրավիճակը լուրջ անհանգստության տեղիք է տալիս և պահանջում համապատասխան միջոցներ: «Հոգ տանելով այսօրվա ընտանիքի մասին՝ մենք չպետք է մոռանանք վաղվա օրվա ընտանիքի մասին: Ինչպիսի՞ն այն կլինի սեռերի նման հարաբերակցության, այն է` վերարտադրողական տարիքի տղամարդկանց ավելցուկի և  հարսնացուների սուր պակասի դեպքում: Ուստի կարծում եմ, որ անթույլատրելի է հայտնել երեխայի սեռի մասին  հղիության վաղ փուլերում, երբ հնարավոր է նրանից ազատվել», – ասում է նա:

 

 

 

«Ծնելիությունը ոչ մի պարագայում  չի կարող  կարգավորվել երեխայի  սեռի հատկանիշով», – համարում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը:

 

 

Այդուհանդերձ, բազմաթիվ բժիշկներ և պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ երեխայի սեռի մասին տեղեկատվության արգելքը կբերի կոռուպցիայի աճի, երբ ծնողները  կսկսեն միջոցներ հայթայթել բժիշկներից իրենց անհրաժեշտ տեղեկություններն կորզելու նպատակով: Փորձագետների գնահատմամբ` խնդրի լուծումը  ծնելիության խթանման և բազմազավակ ընտանիքների աջակցության հարթությունում է: Միաժամանակ, հարկ է բարձրացնել բնակչության իրազեկությունը աբորտների  վնասի և անընդունելիության մասին,  էլ չենք ասում ընտրողական աբորտների…

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Դիտումների քանակը` 4112

Գլխավոր էջ