Նևին Իլ. «Մենք այս խնդիրը նաև մեր երկրի ղեկավարության առջև ենք բարձրացնում »
Օրերս Երևանում անցկացվեց «Առևտրային և տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ և թուրք գործարար կանանց ֆորումը, որի նպատակն էր ծանոթացնել թուրք գործարար կանանց Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային և մաքսային համակարգին, ինչպես նաև քննարկել առկա խնդիրները գործարար կապերի խորացման ճանապարհին: Ֆորումի մասնակիցները, հատկապես Թուրքիայից ժամանածները, որպես լուծում պահանջող առաջնային խնդիր դիտարկեցին 1993թ-ից փակ հայ-թուրքական սահմանը, որը ըստ էության երկու հարևան երկրների միջև գործարար կապերի զարգացման հարցում լուրջ խոչընդոտ է հանդիսանում :
Մասնավորապես, Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նևին Իլը WomenNet.am- ի հետ զրույցում հետևյալ հարցադրումն առաջ քաշեց ՝ ֆորումը, երկկողմանի գործարար շփումները, ճանաչողական այցերը անշուշտ ողջունելի են, սակայն արդյո՞ք դրանք կարող են դրական արդյունքի բերել, քանի դեռ իրականության մեջ բախվում են փակ սահմանի հետ:
«Մենք կարծում ենք, որ այս շփումները արդյունավետ կլինեն, թեև փակ սահմանը լուրջ կասկածի տակ է դնում դրա հավանականությունը»,- ասաց կին գործարարը: Նա օրինակ բերեց` իրենց գործունեության տարածաշրջանը քրդական է` Քրդստան, որտեղ լուրջ խնդիրներ կան թուրք պետության հետ, սակայն վերջերս իրենց նկատմամբ այնպիսի քաղաքականություն է իրականացվում, որի մասին «անգամ չէինք էլ երազել»: Նրա խոսքով, Թուրքիան Մերձավոր Արևելքում լուրջ ուժ է և եթե ինքը ցանկանում է պահպանել իր այդ դիրքերը և մնալ նույն ուժեղ պետությունը ու ուժեղ գործոնը , ապա ստիպված է կարգավորել հարաբերությունները բոլոր հարևանների հետ.
«Դա միանգամից չի կարող տեղի ունենալ, բայց մենք, որպես քաղաքացիական հասարակություն , պետք է ստիպենք, որպեսզի քաղաքականությունը փոխվի և սահմանը բացվի: Ի վերջո, երեկ 5-6 ժամանոց ճանապարհը մենք անցել ենք 24 ժամում` Հայաստան գալու համար շրջելով ամբողջ Վրաստանը, մինչդեռ կարող էինք ընդամենը 5-6 ժամում լինել արդեն Երևանում»,- նշեց տիկին Իլն ու տեղեկացրեց, որ այս խնդիրները բարձրացվում են ոչ թե միայն Հայաստանում կամ հայ գործընկերների հետ հանդիպումներում, նույնը նաև ասվում է երկրի ղեկավարությանը.
«Մենք միշտ ասում ենք իշխանություններին, որ համատեղ գործունեությունը, շփումը հարևանների հետ նպաստելու է Թուրքիայի ուժեղացմանը: Իհարկե, պատմության մեջ մեծ սխալներ են տեղի ունեցել, բայց 21-րդ դարում ապրողներս մեղավոր չենք դրանց համար, բայց մենք նաև չենք փորձում դա մոռանալ: Այնպես որ ցանկանում եմ, որ բոլորս էլ ջանքեր գործադրենք այս իրավիճակը շտկելու համար»,- ընդգծեց նա:
«Դոքունքադ» միության նախագահից հետաքրքրվեցինք` բայց ինքը տեսնո՞ւմ է, որ Թուրքիան քայլեր է անում կամ ուզում է անել այդ ուղղությամբ, հատկապես որ Հայաստանը իր նախաձեռնությամբ ցույց տվեց, որ պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը` բացառելով ցանկացած նախապայման: «Թուրքիան ստիպված է այդ կամքը ունենալ»,- եղավ պատասխանը:
Նշենք, ֆորումը կազմակերպել էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը» (EDMC) և «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը: Այն համախմբել էր 25 հայ և 30 թուրք կին գործարարների, որոնցից շատերը կոնֆերենց դահլիճի հարակից տարածքում ներկայացրեցին նաև իրենց արտադրանքը` կոսմետիկա, խնամքի պարագաներ, ձեռագործ խալիներ, սփռոցներ, անգամ կաթնամթերք, կավե արտադրություն և այլն:
Ի դեպ, ցուցահանդեսի բացմանը մի հետաքրքիր դրվագի վկա դարձանք. երբ հայ կանանցից մեկն անզգուշությամբ կոտրեց թուրք գործընկերուհու կավե գեղեցիկ կճուճներից մեկը, դա միահամուռ ընդունվեց իբրև «չար ուժերի խափանում ու բռնած գործի հաջողություն»:
Էնզելա Մակարյան
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Թուրք կին գործարարները Երևանում. «Փակ սահմանը ճիշտ չէ»
Դիտումների քանակը` 3591