Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք …

Womennet.am-ը առաջիններից մեկը Հայսստանի լրատվական դաշտում արձագանքեց  մեր հանրապետությունում առկա  ցավալի խնդրին՝  պտղի սեռով պայմանավորված   աբորտներին: Ցավոք,  երեք  տարի առաջ  հրապարակված այս հոդվածը   չի կորցրել իր արդիականությունը: Առավել  եւս արժե հիշեցնել ամոթալի այդ  երեւույթի  մասին այսօր՝ Մայրության եւ գեղեցկության օրը, երբ երկրի տարբեր ամբիոններից  հպարտությամբ  հայտարարում ենք, որ մայրապաշտ ազգ ենք…

 

 

«Կանանց կոնսուլտացիայում իմ հերթին սպասելիս հաճախ եմ նկատել, թե ինչպես մայրերը կամ գուցե սկեսուրները  զայրացած դուրս են բերում կաբինետից իրենց հեծկլտացող դուստրերին-հարսներին:  Սկզբում մտածում  էի`  երևի արգանդում գտնվող երեխայի մոտ  բարդ արատ են հայտնաբերել, և երիտասարդ  մայրը դրա համար է արտասվում: Սակայն որքան մեծ էր զարմանքս, երբ բուժքույրը պարզաբանեց. «Ուղղակի բժիշկը նրանց ասել է, որ աղջիկ են ունենալու, դրա համար էլ այդպիսի դեմքերով են դուրս գալիս»: Նման  ցնցում ապրեցի նաև այն ժամանակ,  երբ փողոցում ծանոթ մի կին հետաքրքրվեց` պարզե՞լ եմ  արդյոք սպասվող  երեխայի սեռը: Լսելով  իմ  հպարտ՝ «աղջիկ եմ ունենալու» պատասխանը՝ հիասթափված ծոր տվեց. «Ոչինչ, հաջորդը տղա կլինի»…  Իսկ եթե ոչ, մի՞թե դա ցավակցելու առիթ է» –  իր դիտարկումներով  է կիսվում  մեր ընթերցողուհիներից մեկը:

 

 

 

Հարց է ծագում. իսկ ի՞նչ կլինի, եթե  երրորդ կամ չորրորդ երեխան նույնպես աղջիկ լինի:  Նման դեպքերում է, որ  խորապես հիասթափված ամուսինը երբեմն  իրեն իրավունք է վերապահում ծննդատնից տուն  չտանել հերթական աղջիկ ունեցած կնոջը …

 

 

Ճիշտ է , ինչպես վկայում է բազմաթիվ ընտանիքների փորձը, հետագայում այդ նույն հայրերը ջերմորեն կապվում են հենց չսպասված աղջիկներին և հաճախ նույնիսկ նախընտրում են նրանց՝ բաղձալի արու զավակից:  Սակայն այսպիսի երջանիկ ավարտ ունենում են միայն այն  պատմությունները, որոնցում  ամուսինները չեն փորձում  տղա-աղջիկ երկընտրանքը լուծել ընտրողական  աբորտի միջոցով:

 

 

Իրականում մենք չենք էլ  գիտակցում իրավիճակի ողջ ցինիզմը. ընտանիքը որոշում է երեխա ունենալ, կինը գիտակցաբար հղիանում է, և երբ արդեն պտուղը համեմատաբար հասունացել է, որոշում է՝ արժանի՞ է արդյոք այդ երեխան լույս աշխարհ տեսնելու, թե՞ ոչ՝  առաջնորդվելով միայն սեռի սկզբունքով: Տղան արժանի է, աղջիկը՝ ոչ, նշանակում է՝ սպանենք: Բարի, մի նոր փորձ…Պարզվում է, մենք այնքան էլ չենք հեռացել այն բարբարոսներից, ովքեր սովորույթի  համաձայն ողջ-ողջ թաղում էին նորածիններին  լոկ  նրա համար, որ աղջիկը վատ նշան է…Այն տարբերությամբ, որ արդիական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս իմանալ սեռը և «սպանության» գործողությունը կատարել վաղօրոք…

 

 

Բրիտանական հեղինակավոր The Economist հանդեսի կանխատեսումներով՝ մարդկության անդառնալի մայրամուտը կսկսվի այն ժամանակ, երբ երկրի վրա կանայք «վերջանան»: Գործընթացը սկիզբ կառնի արդեն III հազարամյակում և կավարտվի V-VI հազարամյակների սահմանագծին՝  երբ լույս աշխարհ կգա մարդկության պատմության մեջ վերջին աղջիկը: Նման  մարգարեություններին անգամ թերահավատությամբ վերաբերվելով՝ անհնար է չընդունել, որ աշխարհն արդեն հասցրել է մի քանի վճռական քայլ անել մարդկության համար կործանարար այդ ճանապարհին: Չինաստանում, օրինակ՝ ընտրողական  աբորտների հետևանքով տղամարդ բնակչության գերակշռությունն արդեն հասել է 40 մլն մարդու: Տեղացի սոցիոլոգների կանխատեսումներով՝ սա կբերի միասեռական հարաբերությունների ծաղկման, ամուսնական միգրացիայի կամ հարևան երկրներից հարսնացու փախցնելու երևույթներին: Տղամարդ բնակչության կրճատման մեկ արմատական միջոց ևս գոյություն ունի՝ պատերազմը:

 

 

The Lancet բժշկական հրատարակության տվյալներով՝ վերջին 20 տարիների ընթացքում Հնդկաստանում սեռի հատկանիշով կատարվել է շուրջ 20 մլն աբորտ: Այս վտանգավոր երևույթի դեմ պայքարելով` հաճախ  օրենսդրորեն արգելում  են բժիշկներին երեխայի սեռի մասին տեղեկություն տալ: Ի պատասխան գրանցվում են դեպքեր, երբ  ամենահամառ ծնողները դիմում են վիրաբուժական միջամտությանը՝  այդ  եղանակով փոխելով արդեն իսկ ծնված երեխայի  սեռը և աղջկա փոխարեն ստանալով տղա:

 

 

ԵԽԽՎ-ի վերջերս  ընդունված բանաձևում՝  ընտրողական աբորտների տարածվածությամբ աչքի ընկնող չորս երկրների շարքում,  ավաղ« հայտնվել էր նաև Հայաստանը: Նշված  երկրներում (Ալբանիա, Ադրբեջան, Վրաստան, Հայաստան) ծնվող աղջիկների և տղաների հարաբերակցությունը հասել է ժողովրդագրության համար վտանգավոր հաշվեկշռի՝ 112 տղա 100 աղջկա դիմաց՝ 105-ը 100-ի բնականոն հարաբերակցության դեպքում:

 

 

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ Ադրբեջանում վերջին 12 տարիներին միայն յուրաքանչյուր երրորդ նորածինն է աղջիկ: Ի հետևանս՝ 16 տղա և 6 աղջիկ. այսպիսին է այսօր սեռերի հարաբերակցությունը դպրոցներում՝ 1-6-րդ գրեթե բոլոր դասարաններում: Այս իմաստով համեմատաբար բարվոք է վիճակը Վրաստանում,  որտեղ հարաբերակցությունը 111-ը 100-ին է:

 

 

Հայաստանում այս տարվա ցուցանիշները վկայում են,  որ վտանգավոր միտումը խորանում է: Այսպես,  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2010-ի առաջին 5 ամիսներին մեր երկրում ծնվել են 8977 տղա և 7661 աղջիկ, այսինքն՝ հարաբերակցությունը կազմել է 117-ը 100-ի:

 

 

…Այսօր հետազոտության արդիական մեթոդները հնարավորություն են ընձեռում  ծնողները սեփական հայեցողությամբ լուծելու բնության կողմից կարգավորվող հարցը, ինչը կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ երկրի ժողովրդագրության և նրա ապագայի համար:

 

 

 

Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի ղեկավար, պրոֆեսոր Գեորգի Օկոևի խոսքով՝ առկա իրավիճակը լուրջ անհանգստության տեղիք է տալիս և պահանջում համապատասխան միջոցներ: «Հոգ տանելով այսօրվա ընտանիքի մասին՝ մենք չպետք է մոռանանք վաղվա օրվա ընտանիքի մասին: Ինչպիսի՞ն այն կլինի սեռերի նման հարաբերակցության, այն է` վերարտադրողական տարիքի տղամարդկանց ավելցուկի և  հարսնացուների սուր պակասի դեպքում: Ուստի կարծում եմ, որ անթույլատրելի է հայտնել երեխայի սեռի մասին  հղիության վաղ փուլերում, երբ հնարավոր է նրանից ազատվել», – ասում է նա:

 

 

 

«Ծնելիությունը ոչ մի պարագայում  չի կարող  կարգավորվել երեխայի  սեռի հատկանիշով», – համարում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, ակադեմիկոս Ռազմիկ Աբրահամյանը:

 

 

Այդուհանդերձ, բազմաթիվ բժիշկներ և պաշտոնյաներ մտավախություն ունեն, որ երեխայի սեռի մասին տեղեկատվության արգելքը կբերի կոռուպցիայի աճի, երբ ծնողները  կսկսեն միջոցներ հայթայթել բժիշկներից իրենց անհրաժեշտ տեղեկություններն կորզելու նպատակով: Փորձագետների գնահատմամբ` խնդրի լուծումը  ծնելիության խթանման և բազմազավակ ընտանիքների աջակցության հարթությունում է: Միաժամանակ, հարկ է բարձրացնել բնակչության իրազեկությունը աբորտների  վնասի և անընդունելիության մասին,  էլ չենք ասում ընտրողական աբորտների…

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը

 

Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն

 

Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…

 

Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…

 

Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»

 

Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ

 

Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»

 

«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»

 

Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…

 

Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում

 

Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր

 

«Սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների տարածվածությունն ու պատճառները Հայաստանում» զեկույց

 

Դիտումների քանակը` 3760

Գլխավոր էջ