Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների` 2013-ին Հայաստանում ծնունդների թիվը կազմել է 41 770, ինչը 2012-ի համեմատ ավելի քիչ է  1.7 տոկոսով`  2012-ին ՀՀ-ում ծնվել էր 42 832 երեխա: Եթե համեմատենք  վերջին տարիների ցուցանիշները, ապա կտեսնենք, որ ծնունդները Հայաստանում գնալով նվազում են և սա, անշուշտ, մտահոգիչ փաստ է. այդպես, 2010-ին հանրապետությունում ծնվել էր 44 737, 2011-ին` 43 297 երեխա, ւ փաստորեն  վերջին երկու տարիների ցուցանիշները նունպես նվզման միտում ունեն:

 

 

Նույն ժամանակահատվածում մահվան ցուցանիշների  նվազում է արձանագրվել, նվազումը կազմել է 1.6 տոկոս` 2013-ին Հայաստանում մահացել է  27 165 մարդ,  ՝ 2012-ին՝ 27 514, իսկ 2011թ-ին`  28.030:  Որոշակի չափով այս դինամիկան կարելի է բացատրել բնակչության ընդհանուր թվի նվազմամբ, ըստ ԱՎԾ-ի` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ կազմել է 3 մլն 017.4 մարդ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող):

 

Դրա հետ մեկտեղ, 2013-ին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը. բնական հավելաճը (ծնունդների և մահերի տարբերությունը)   կազմել է 14 605 մարդ, թեպետ  բնական հավելաճի ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, կազմել է 4.8 տոկոս` 2012թ.հունվար-դեկտեմբերի 4.9 տոկոսի համեմատ:

 

Ամենից շատ ծնունդներ արձանագրվել է,  բնականաբար, Երևանում` 15 396, իսկ ահա մարզերում իրավիճակը, ինչպես ասում են, անմխիթար է: Ներկայացնենք պատկերը մարզ առ մարզ, որոնց շարքում ծնունդների իմաստով առաջատարն է Արարատը.

Արարատ`                 3 663  ծնունդ

Կոտայք`                   3 632  ծն.

Արմավիր`                3 614 ծն.

Շիրակ`                      3 535 ծն.

Գեղարքունիք`        3 190 ծն.

Լոռի`                         3 168  ծն.

Արագածոտն`          1 948  ծն.

Տավուշ`                     1 500  ծն.

Սյունիք`                    1 479  ծն.

Վայոց ձոր`               645     ծն.

 

Ամուսնություն-ամուսնալուծություն

 

Անցած տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 18 363 ամուսնություն, և այս ցուցանիշը ևս նվազում է արձանագրել` 2012-ին հանրապետությունում արձանագրվել էր ամուսնության 19 063 դեպք: Իսկ ահա 2011 և 2010-ին հանրապետությունում գրանցվել է, համապատասխանաբար, 19 706 և 17 984 ամուսնություն:

Ինչ վերաբերում է ամուսնալուծության դեպքերին, ապա դրանք  ևս ավելացել են` 2013-ին գրանցվել է 3 756 ամուսնալուծության դեպք և նախորդ տարվա համեմատ ավելացումը կազմել է 15.6 տոկոս` 2012թ-ին գրանցվել է 3250 ամուսնալուծության դեպք, ինչը նախորդ` 2011-ի համեմատ 1.9 տոկոսի աճ է արձանագրել:

 

Մանկական մահացություն

 

Ժողովրդագրական ցուցանիշների թվում կա մի գոհացուցիչ հանգամանք` մանկական ու մայրական մահացությունը Հայաստանում նվազում է: Այդպես, 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 463 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են  88.8 տոկոսը:

2013թ-ին  2012թ-ի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում 9.1 տոկոսով, իսկ մանկական մահացության գործակիցը, 1 000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 9.8 տոկոս` 2012թ. նույն ժամանակաշրջանի 10.8 տոկոսի դիմաց: Եթե դիտարկենք թվային պատկերը, ապա 2013թ-ին մահացել է մինչև 1 տարեկան 411 երեխա, 2012թ-ին` 458: Թե նախորդ 2012թ-ին, թե նաև 2013թ-ին մինչև 1 տարեկան մահացած երեխաների թվում գերակշռում են տղա երեխաները` 260 և 243 մահ համապատասխանաբար:

Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում 2013թ-ին գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, ինչի հետեւանքով  մայրական մահացության գործակիցը կազմել է 19.2 (100 000 կենդանի ծնվածի  հաշվով):

 

Ո՞ր անուններն են գերադասել ծնողները

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով 2013թ-ի ամփոփ վիճակագրությունը Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտարարեց, որ անցած տարի Հայաստանում ծնվել է 19 հազար 570 աղջիկ, որից 953-ին անվանել են Նարե, 823-ին՝  Մարի, 683-ին՝ Մանե, 678-ին՝ Միլիենա, իսկ 556-ին՝ Անի:

Ինչ վերաբերում է տղաներին, ապա 2013-ին ծնվել է 22 հազար 200 տղա և ծնողների համար ամենագերադասելի անունը եղել է կրկին Դավիթը` ծնողները 1410 տղա երեխայի տվել են հենց այս անունը: Երկրորդ տեղում Նարեկն է` 1163 նորածնի են տվել այս անունը, նաև նորաձև է Գոռ անունը` 693, Հայկը` 603, իսկ  600-ին անվանել են  Ալեքս:

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 5348

Գլխավոր էջ