Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին տվյալների` 2013-ին Հայաստանում ծնունդների թիվը կազմել է 41 770, ինչը 2012-ի համեմատ ավելի քիչ է 1.7 տոկոսով` 2012-ին ՀՀ-ում ծնվել էր 42 832 երեխա: Եթե համեմատենք վերջին տարիների ցուցանիշները, ապա կտեսնենք, որ ծնունդները Հայաստանում գնալով նվազում են և սա, անշուշտ, մտահոգիչ փաստ է. այդպես, 2010-ին հանրապետությունում ծնվել էր 44 737, 2011-ին` 43 297 երեխա, ւ փաստորեն վերջին երկու տարիների ցուցանիշները նունպես նվզման միտում ունեն:
Նույն ժամանակահատվածում մահվան ցուցանիշների նվազում է արձանագրվել, նվազումը կազմել է 1.6 տոկոս` 2013-ին Հայաստանում մահացել է 27 165 մարդ, ՝ 2012-ին՝ 27 514, իսկ 2011թ-ին` 28.030: Որոշակի չափով այս դինամիկան կարելի է բացատրել բնակչության ընդհանուր թվի նվազմամբ, ըստ ԱՎԾ-ի` 2014թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշը, ընթացիկ հաշվառմամբ կազմել է 3 մլն 017.4 մարդ (2011թ. մարդահամարի հիմքով վարվող):
Դրա հետ մեկտեղ, 2013-ին ծնվածների թվաքանակը 1.5 անգամ գերազանցել է մահացության դեպքերը. բնական հավելաճը (ծնունդների և մահերի տարբերությունը) կազմել է 14 605 մարդ, թեպետ բնական հավելաճի ընդհանուր գործակիցը, 1 000 բնակչի հաշվով, կազմել է 4.8 տոկոս` 2012թ.հունվար-դեկտեմբերի 4.9 տոկոսի համեմատ:
Ամենից շատ ծնունդներ արձանագրվել է, բնականաբար, Երևանում` 15 396, իսկ ահա մարզերում իրավիճակը, ինչպես ասում են, անմխիթար է: Ներկայացնենք պատկերը մարզ առ մարզ, որոնց շարքում ծնունդների իմաստով առաջատարն է Արարատը.
Արարատ` 3 663 ծնունդ
Կոտայք` 3 632 ծն.
Արմավիր` 3 614 ծն.
Շիրակ` 3 535 ծն.
Գեղարքունիք` 3 190 ծն.
Լոռի` 3 168 ծն.
Արագածոտն` 1 948 ծն.
Տավուշ` 1 500 ծն.
Սյունիք` 1 479 ծն.
Վայոց ձոր` 645 ծն.
Ամուսնություն-ամուսնալուծություն
Անցած տարվա ընթացքում Հայաստանում գրանցվել է 18 363 ամուսնություն, և այս ցուցանիշը ևս նվազում է արձանագրել` 2012-ին հանրապետությունում արձանագրվել էր ամուսնության 19 063 դեպք: Իսկ ահա 2011 և 2010-ին հանրապետությունում գրանցվել է, համապատասխանաբար, 19 706 և 17 984 ամուսնություն:
Ինչ վերաբերում է ամուսնալուծության դեպքերին, ապա դրանք ևս ավելացել են` 2013-ին գրանցվել է 3 756 ամուսնալուծության դեպք և նախորդ տարվա համեմատ ավելացումը կազմել է 15.6 տոկոս` 2012թ-ին գրանցվել է 3250 ամուսնալուծության դեպք, ինչը նախորդ` 2011-ի համեմատ 1.9 տոկոսի աճ է արձանագրել:
Մանկական մահացություն
Ժողովրդագրական ցուցանիշների թվում կա մի գոհացուցիչ հանգամանք` մանկական ու մայրական մահացությունը Հայաստանում նվազում է: Այդպես, 2013թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում արձանագրվել է 0-4 տարեկան երեխաների մահվան 463 դեպք, որի կառուցվածքում մինչև 1 տարեկան երեխաների մահացության դեպքերը կազմել են 88.8 տոկոսը:
2013թ-ին 2012թ-ի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում 9.1 տոկոսով, իսկ մանկական մահացության գործակիցը, 1 000 կենդանի ծնվածի հաշվով, կազմել է 9.8 տոկոս` 2012թ. նույն ժամանակաշրջանի 10.8 տոկոսի դիմաց: Եթե դիտարկենք թվային պատկերը, ապա 2013թ-ին մահացել է մինչև 1 տարեկան 411 երեխա, 2012թ-ին` 458: Թե նախորդ 2012թ-ին, թե նաև 2013թ-ին մինչև 1 տարեկան մահացած երեխաների թվում գերակշռում են տղա երեխաները` 260 և 243 մահ համապատասխանաբար:
Հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և ետծննդյան ժամանակահատվածում 2013թ-ին գրանցվել է մայրական մահացության 8 դեպք, ինչի հետեւանքով մայրական մահացության գործակիցը կազմել է 19.2 (100 000 կենդանի ծնվածի հաշվով):
Ո՞ր անուններն են գերադասել ծնողները
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացնելով 2013թ-ի ամփոփ վիճակագրությունը Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը հայտարարեց, որ անցած տարի Հայաստանում ծնվել է 19 հազար 570 աղջիկ, որից 953-ին անվանել են Նարե, 823-ին՝ Մարի, 683-ին՝ Մանե, 678-ին՝ Միլիենա, իսկ 556-ին՝ Անի:
Ինչ վերաբերում է տղաներին, ապա 2013-ին ծնվել է 22 հազար 200 տղա և ծնողների համար ամենագերադասելի անունը եղել է կրկին Դավիթը` ծնողները 1410 տղա երեխայի տվել են հենց այս անունը: Երկրորդ տեղում Նարեկն է` 1163 նորածնի են տվել այս անունը, նաև նորաձև է Գոռ անունը` 693, Հայկը` 603, իսկ 600-ին անվանել են Ալեքս:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 5340