«Մենք՝ գյուղում ապրող կանայք, կարծես թե արթնացանք»…

Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցացիա և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը «Կանանց սոցիալ տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում,  օրերս  մամլո ասուլիս էին կազմակերպել Ախթալա քաղաքում:  

 

ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց ԶԼՄ ներկայացուցիչներին ծրագրի նպատակները, բաղադրիչներն  ու ընթացիկ ձեռքբերումները:

 

«Կանանց սոցիալ տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը իրականացվում է  Լոռու մարզում, այն  մեկնարկել է  2013-ին և  կտևի մինչև 2016թ. ապրիլ ամիսը : Ծրագրի նպատակն է` նպաստել Լոռու մարզի կանանց սոցիալ տնտեսական կարողությունների  զարգացմանը և դրանով հանդերձ նպաստել նաև համայնքների զարգացմանը», – ասաց Լիլիթ Ասատրյանը:

 

Նրա ներկայացմամբ,  «Կանանց սոցիալ տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն ունի մի քանի  բաղադրիչներ: Դրանցից առաջինը համայնքների տեղական տնտեսական զարգացման բաղադրիչն է ,որի շրջանակում փորձ է կատարվել  համայնքներում վեր հանել մրցակցային առավելություններն, իրականացնել համայնքների  տնտեսական, սոցիալական ախտորոշումը, փորձել հասկանալ թե համայնքը ինչ հնարավորություն ունի զարգանալու և դրա հետ մեկտեղ այսօր ինչ հիմնախնդիրներ ունի: Ծրագրի այս բաղադրիչի իրականացման  համար ՀԵԿԱ-ն որդեգրել է համախմբային (կլաստերային) մոտեցումը:  Այն հնարավորություն է  ընձեռում դիտարկել  համայնքը ոչ թե որպես առանձին օղակ, այլ հարակից համայնքների զարգացման համատեքստում: «Այս պահին մենք ունենք 25 համայնք, որոնք ընդգրկված  են ընդամենը երեք տեղական տնտեսական զարգացման ծրագրի մեջ», – ասաց նա:

Հաջորդ բաղադրիչը`  կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանն է ուղղված, այն  ձեռներեցության դասընթացներ  է ենթադրում: Այդ   դասընթացներում ներգրաված  կանայք սովորում են բիզնես ծրագրեր մշակել ու  ներկայացնել, ինչից հետո   հնարավորություն են ունենում  դրամաշնորհ ստանալ  դրանք իրագործելու  համար:

 

Այս պահին ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Ախթալայի համախմբի`Ախթալա, Շամլուղ, Թեղուտ, Մեծ Այրում համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Դասընթացն անցկացվում է  CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով և  կտևի մեկ ամիս: Մենք զրուցեինք  դասընթացների մասնակից մի քանի կանանց հետ: Նրնաք բոլորն էլ գոհ էին ծրագրին իրենց մասնակցությունից և շնորհակալ էին  կազմակերպիչներին .

 

«Երեք անչափահաս երեխաների մայր եմ, շրջապատում թերահավատորեն էին մոտենում այս ամենին, հաճախ ասելով՝ « զահլեդ չունեմ, երեք երեխաները թողած ինչի հետևից ես ընկնում,  կտեսնես ոչինչ չի լինի»: Սկզբում ես էլ էի թերահավատորեն մոտենում ծրագրին մտածում էի ինչ -ինչ , բայց ինձ «երգչուհի» հնարավոր չի դարձնել, բայց երբ ծրագիրը մեկնարկվեց, ընթացքում արդեն շոշափելի էին դրական արդյունքնը ու ես  հասկացա, որ համայնքում իսկապես հնարավոր է   տնտեսական վերելք ունենալ:  Շնորհակալ եմ ՀԵԿԱ-ին և ծրագրի մյուս գործընկերներին», – ասում է  Ասպրամ Ամիրջանյան Շնող համայնքից:

 

«Ծրագրի մուտքը Ախթալա ինձ համար մեծ ուրախություն էր: Լավ  ապագա եմ տեսնում  ծրագրի շրջանակում, համոզված եմ, որ անպայման մեր համայնքը կզարգանա: Մասնակցելով այս դասընթացներին, մեծ գրագիտություն և տեսական գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնք շուտով կկիրառեմ նաև գործնականում: Այժմ ունեմ իմ բինես ծրագիրը՝ ակնկալիքերով, հստակ ձևակերպված հեռանկարներով», – ասում է  Արմենուհի Աղաբաբյանը Ախթալայից:

 

«Ծրագիրը իր դրական ազդեցությունն ունեցավ այն առումով , որ մենք՝ գյուղում ապրող կանայք կարծես թե արթնացանք, հասկացանք, որ  տնային գործերից  բացի կարելի է զբաղվել մեկ այլ աշխատանքով, որը կարող է դարձնել կնոջը առավել կրթված և միաժամանակ լրացուցիչ եկամուտ բերի ընտանիքին:  Այս պահին ծրագիրն արդեն իսկ  շատ մեծ արդյունք տվեց, քանի որ  դասընթացի ընթացքում ծնվեցին այնպիսի գաղափարներ, որոնք հետագայում տնտեսության զարգացման հիմք կարող են դառնալ: Սա մեզ հնարավորություն կտա ոտքի կանգնել և զարգացնել մեր համայնքի տնտեսությունը», – ասում է  Վարդուհի Դելիկյանը  ք.Թեղուտից:

 

 

Նշենք, որ ՀԵԿԱ-ն այս տարի նշում է իր գործունևթյան 10-ամյակը: Այդ տարիների ընթացքում կազմակերպությունը   կյանքի է կոչել բազմաթիվ  ծրագրեր՝ ուղղված կանանց ինքնագնահատականի  բարձրացմանը,  նրանց  հնարավորությունների ընդլայնմանը,  ընտանիքների տնտեսական կայունացմանը  և գործարար կնոջ կերպարի  քարոզմանը :

Լիանա Սարգսյան

 

Կարդացեք նաև թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

ՀԵԿԱ-ն ներկայացրեց Ախթալայում կանանց սոցիալ-տնտեսական հզորացման իր մոդելը

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 4191

Գլխավոր էջ