«Մենք՝ գյուղում ապրող կանայք, կարծես թե արթնացանք»…
Հայաստանի Երիտասարդ Կանանց Ասոցացիա և ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունը «Կանանց սոցիալ տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագրի շրջանակում, օրերս մամլո ասուլիս էին կազմակերպել Ախթալա քաղաքում:
ՀԵԿԱ-ի նախագահ Լիլիթ Ասատրյանը ներկայացրեց ԶԼՄ ներկայացուցիչներին ծրագրի նպատակները, բաղադրիչներն ու ընթացիկ ձեռքբերումները:
«Կանանց սոցիալ տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրը իրականացվում է Լոռու մարզում, այն մեկնարկել է 2013-ին և կտևի մինչև 2016թ. ապրիլ ամիսը : Ծրագրի նպատակն է` նպաստել Լոռու մարզի կանանց սոցիալ տնտեսական կարողությունների զարգացմանը և դրանով հանդերձ նպաստել նաև համայնքների զարգացմանը», – ասաց Լիլիթ Ասատրյանը:
Նրա ներկայացմամբ, «Կանանց սոցիալ տնտեսական հզորացում Հայաստանում» ծրագիրն ունի մի քանի բաղադրիչներ: Դրանցից առաջինը համայնքների տեղական տնտեսական զարգացման բաղադրիչն է ,որի շրջանակում փորձ է կատարվել համայնքներում վեր հանել մրցակցային առավելություններն, իրականացնել համայնքների տնտեսական, սոցիալական ախտորոշումը, փորձել հասկանալ թե համայնքը ինչ հնարավորություն ունի զարգանալու և դրա հետ մեկտեղ այսօր ինչ հիմնախնդիրներ ունի: Ծրագրի այս բաղադրիչի իրականացման համար ՀԵԿԱ-ն որդեգրել է համախմբային (կլաստերային) մոտեցումը: Այն հնարավորություն է ընձեռում դիտարկել համայնքը ոչ թե որպես առանձին օղակ, այլ հարակից համայնքների զարգացման համատեքստում: «Այս պահին մենք ունենք 25 համայնք, որոնք ընդգրկված են ընդամենը երեք տեղական տնտեսական զարգացման ծրագրի մեջ», – ասաց նա:
Հաջորդ բաղադրիչը` կանանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացմանն է ուղղված, այն ձեռներեցության դասընթացներ է ենթադրում: Այդ դասընթացներում ներգրաված կանայք սովորում են բիզնես ծրագրեր մշակել ու ներկայացնել, ինչից հետո հնարավորություն են ունենում դրամաշնորհ ստանալ դրանք իրագործելու համար:
Այս պահին ձեռներեցության դասընթացին մասնակցում են Լոռու մարզի Ախթալայի համախմբի`Ախթալա, Շամլուղ, Թեղուտ, Մեծ Այրում համայնքների գործող և սկսնակ կին ձեռներեցներ, գյուղատնտեսներ, կանանց ֆորմալ և ոչ ֆորմալ խմբերի ներկայացուցիչներ: Դասընթացն անցկացվում է CEFE (Գիտելիքահեն Տնտեսության Կառուցում Ձեռնարկությունների Կայացման Ճանապարհով) մեթոդոլոգիայով և կտևի մեկ ամիս: Մենք զրուցեինք դասընթացների մասնակից մի քանի կանանց հետ: Նրնաք բոլորն էլ գոհ էին ծրագրին իրենց մասնակցությունից և շնորհակալ էին կազմակերպիչներին .
«Երեք անչափահաս երեխաների մայր եմ, շրջապատում թերահավատորեն էին մոտենում այս ամենին, հաճախ ասելով՝ « զահլեդ չունեմ, երեք երեխաները թողած ինչի հետևից ես ընկնում, կտեսնես ոչինչ չի լինի»: Սկզբում ես էլ էի թերահավատորեն մոտենում ծրագրին մտածում էի ինչ -ինչ , բայց ինձ «երգչուհի» հնարավոր չի դարձնել, բայց երբ ծրագիրը մեկնարկվեց, ընթացքում արդեն շոշափելի էին դրական արդյունքնը ու ես հասկացա, որ համայնքում իսկապես հնարավոր է տնտեսական վերելք ունենալ: Շնորհակալ եմ ՀԵԿԱ-ին և ծրագրի մյուս գործընկերներին», – ասում է Ասպրամ Ամիրջանյան Շնող համայնքից:
«Ծրագրի մուտքը Ախթալա ինձ համար մեծ ուրախություն էր: Լավ ապագա եմ տեսնում ծրագրի շրջանակում, համոզված եմ, որ անպայման մեր համայնքը կզարգանա: Մասնակցելով այս դասընթացներին, մեծ գրագիտություն և տեսական գիտելիքներ եմ ձեռք բերել, որոնք շուտով կկիրառեմ նաև գործնականում: Այժմ ունեմ իմ բինես ծրագիրը՝ ակնկալիքերով, հստակ ձևակերպված հեռանկարներով», – ասում է Արմենուհի Աղաբաբյանը Ախթալայից:
«Ծրագիրը իր դրական ազդեցությունն ունեցավ այն առումով , որ մենք՝ գյուղում ապրող կանայք կարծես թե արթնացանք, հասկացանք, որ տնային գործերից բացի կարելի է զբաղվել մեկ այլ աշխատանքով, որը կարող է դարձնել կնոջը առավել կրթված և միաժամանակ լրացուցիչ եկամուտ բերի ընտանիքին: Այս պահին ծրագիրն արդեն իսկ շատ մեծ արդյունք տվեց, քանի որ դասընթացի ընթացքում ծնվեցին այնպիսի գաղափարներ, որոնք հետագայում տնտեսության զարգացման հիմք կարող են դառնալ: Սա մեզ հնարավորություն կտա ոտքի կանգնել և զարգացնել մեր համայնքի տնտեսությունը», – ասում է Վարդուհի Դելիկյանը ք.Թեղուտից:
Նշենք, որ ՀԵԿԱ-ն այս տարի նշում է իր գործունևթյան 10-ամյակը: Այդ տարիների ընթացքում կազմակերպությունը կյանքի է կոչել բազմաթիվ ծրագրեր՝ ուղղված կանանց ինքնագնահատականի բարձրացմանը, նրանց հնարավորությունների ընդլայնմանը, ընտանիքների տնտեսական կայունացմանը և գործարար կնոջ կերպարի քարոզմանը :
Լիանա Սարգսյան
Կարդացեք նաև թեմայի շուրջ մեր կայքում.
ՀԵԿԱ-ն ներկայացրեց Ախթալայում կանանց սոցիալ-տնտեսական հզորացման իր մոդելը
Դիտումների քանակը` 4192