«Մինչև 6 ամսեկան հարկավոր է երեխային բացառապես կրծքով կերակրել»
Կրծքով սնուցումը խրախուսելու մասին օրենքը մտավ ԱԺ օրակարգ
Ազգային Ժողովի ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովը վերջապես առաջին ընթերցմամբ քննարկեց «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի նախագիծը և այն հանձնաժողովի դրական եզրակացությամբ մտավ ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգ: Կառավարության ներկայացրած այս նախագիծը մտավ ԱԺ օրակարգ լրամշակված տարբերակով` ավելի վաղ` փետրվարին, այն նստաշրջանի օրակարգում ընդգրկված արդեն եղել է:
Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» օրենքի հիմնական նպատակն է ապահովել մանուկների և վաղ տարիքի երեխաների առողջ և անվտանգ սնուցումը` կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի ու հարակից ապրանքների շրջանառության կարգավորման միջոցով:
Նպատակների թվում` խրախուսել և պաշտպանել կրծքով կերակրումը` որպես օպտիմալ և այլընտրանք չունեցող միջոց մանուկների և վաղ տարիքի երեխաների անվտանգ սնուցում ապահովելու համար, խրախուսել ու աջակցել ժամանակին և համապատասխան հավելյալ սնուցման ապահովումը, ինչպես նաև` խրախուսել ու աջակցել մայրերի, մանուկների և վաղ տարիքի երեխաների համար բարյացակամ միջավայրի ապահովումն առողջապահական կազմակերպություններում, հասարակական վայրերում և աշխատավայրերում:
WomenNet.am-ի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանը բարձրաձայնեց օրենքի հիմնական դրույթները.
«Առողջապահության համաշխարհային ասամբլեայի կողմից ընդունվել է կրծքով կերակրման խրախուսման վերաբերյալ գլոբալ ռազմավարություն, որը մշակվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից: Այդ ռազմավարության երեք հիմնական դրույթները արտացոլվել են մեր օրենքում` մինչև 6 ամսեկան բացառապես հարկավոր է երեխային կրծքով կերակրել, երեխան պետք է շարունակի կրծքով կերակրվել մինչև երկու տարեկան և անգամ երեք և 6 ամսեկանից սկսած երեխան պետք է ստանա հավելյալ սնունդ` շիլաներ և այլն: Սրանք են օրենքի հիմնական դրույթները»,- նշեց պաշտոնյան:
Նրա խոսքով, համաշխարհային վիճակագրությունը վկայում է, որ կանանց 90 տոկոսից ավելին կարող է իրենց երեխաներին կերակրել կրծքով, միայն 5 տոկոսի դեպքում է, որ կրծքի կաթը և կրծքով կերակրելը փոքրիկի համար հակացուցված է: Բայց, հասկանալի է, օրենքը չի կարող պարտադրող տրամաբանություն ունենալ, այլ ընդամենը միտված է խրախուսող միջավայրի ստեղծմանը:
Մեր հարցին ի պատասխան, թե արդյո՞ք օրենքը նախատեսել է այդ նպաստավոր պայմանների ստեղծումը հատկապես աշխատող կերակրող մայրերի համար, Կարինե Սարիբեկյանը նշեց, որ Աշխատանքային օրենսգրքի մեջ հստակ ամրագրված է, որ պետք է ստեղծվեն համապատասխան պայմաններ երեխային կրծքով կերակրելու համար կամ լրացուցիչ ժամանակ պետք է տրամադրվի, որպեսզի կինը կարողանա գնալ երեխային կրծքով կերակրել.
«Գործատուն որևէ կերպ իրավունք չունի կերակրող մորն արգելել, և դա ամրագրված է նաև օրենքում, այնպես որ մայրը, ցանկության դեպքում, կարող է երեխային բերել աշխատավայր և աշխատավայրում պայման ստեղծի փոքրիկին կերակրելու համար»,- տեղեկացրեց նա: Այլ խնդիր է, սակայն, որ Հայաստանը դեռ չի հասել այն մակարդակին, որ աշխատավայրերը կամ նույնիսկ հասարակական վայրերը համապատասխան սենյակներով ու պայմաններով ապահովված լինեն, որ հնարավոր լինի երեխայի կրծքով սնուցումը տանից դուրս:
Նշենք, որ ըստ օրենքի Հոդված 10-ի, որով կարգավորվում են Կրծքով կերակրում իրականացնող կանանց իրավունքները, ամրագրված է.
«Կրծքով կերակրում իրականացնող կինն իրավունք ունի` ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական, բժշկական կազմակերպություներում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրում իրականացնելու համար…»:
Մնում է հուսալ, որ օրենքի քննարկման ժամանակ պատգամավորները կբարձրաձայնեն այս խնդիրը` նախ, հասարակական վայրերի մակարդակով լուծելու նման պայմանների ապահովումը, հետո նաև աշխատավայրերում համապատասխան պայմաններ ստեղծել և կնոջը աշխատանքից չկտրվելու հնարավորություն ընձեռել:
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ մինչև վեց ամսականը բացարձակ կրծքով սնուցում իրականացնելու դեպքում տարեկան կարելի է փրկել 1.3 մլն երեխայի կյանք: Կրծքի կաթը գերադասելի է ցանկացած այլ սննդից, քանի որ այն պարունակում է անհրաժեշտ սնուցողական նյութեր, որոնք պաշտպանում են երեխային բազմաթիվ հիվանդություններից: Հետազոտությունները ցույց են տվել, որ կրծքով սնվող երեխաները շշով սնվողների համեմատ 25 ագամ ավելի քիչ խնդիրներ են ունենում. նվազում են ալերգիկ երևույթները, մաշկային հիվանդությունները, ասթման:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 4919