Նաիրա Նահապետյան. «Ավագանու ինստիտուտը կայացել է»

 

 Այսպիսի կարծիք հայտնեց Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցության ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Նաիրա Նահապետյանն՝ ամփոփելով ավագանու չորսամյա գործունեությունը : Նրա գնահատմամբ` ավագանու անդամի աշխատանքը ինչ-որ տեղ ստեղծագործական է, քանի որ  նպատակ ունի ոչ միայն վերհանել  Երեւանի բնակիչների  հոգսերն , այլեւ ուղիներ գտնել՝ քաղաքի ու քաղաքացիների խնդիրները լուծելու համար:

 

Նաիրա Նահապետյանը վստահ է, որ երեւանցիները  զգում են քաղաքում տեղի ունեցած փոփոխությունները: «Չորս տարվա ընթացքում երեք քաղաքապետ է փոխվել, ինչն աննախադեպ երեւույթ  էր, սակայն այդ պայմաններում էլ ավագանին կարողացավ լուրջ գործ կատարել.  2,5 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատում է կատարվել, նախկին 530հա կանաչապատ տարածքի փոխարեն այսօր ունենք 840հա կանաչապատ տարածք, մայրաքաղաքում շաբաթօրյակների ժամանակ տնկվել է 30,000 ծառ ու թուփ»,  – ասում է Նահապետյանը` հավելելով, որ սրանք կատարվածի աշխատանքի ընդամենը թվային արտահայտությունն է :

 

Նա համաձայն չէ, որ ավագանու ձայնը լսելի չէ: Նրա խոսքերով` քաղաքի ճարտարապետական խնդիրների վերաբերյալ իրենք էլ են ահազանգել: Նրա խոսքերով` իհարկե չի կարելի ասել, որ մայրաքաղաքը խնդիրներ չունի: Դրանք բազմաթիվ են, սակայն քաղաքապետարանը փորձում է լուծման ուղինե փնտրել: Աղբահանություն, բազմաբնակարան շենքերի վերելակների խնդիր, կանաչապատում եւ տրանսպորտային կոլապս: Սրանք այն լրջագույն հարցերն են, որոնք պետք է նաեւ նոր ձեւավորվելիք ավագանու անդամների ուշադրության կենտրոնում լինեն:

 

 

Այսօր արդեն հայտնի է, որ մայիսին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Կուսակցության ամբողջական ցուցակը դեռեւս հրապարակված չէ, սակայն Նաիրա Նահապետյանը չի բացառում, որ ինքն էլ ընդգրկված կլինի ցուցակում:

 

Նշենք, որ նախորդ ընտրությունների արդյունքներով՝ Երեւանի ավագանու կազմում 6 կին է ընդգրված, չորսը անցել էին ՀՀկ-ի ցուցակով, երկուսը՝ ԲՀԿ-ի:

 

Հասմիկ Հարությունյան

 

Դիտումների քանակը` 7513

Գլխավոր էջ