Մեր տոնը միշտ մեզ հետ է…
Դժվար է ասել, ում մտքով անցավ երկարացնել Կանանց միջազգային օրվա հաճույքն ևս մեկ ամսով՝ մինչև ապրիլի 7-ը: Կանայք , պարզ է, դեմ չեն, թեպետ նրանք էլ չեն կարողանում բացատրել՝ կոնկրետ ի՞նչն ենք տոնում մեկ ամիս ու ինչ նպատակ է հետապնդում այսպես կոչված «կանանց միամսյակը»…
Երբ 1910-ին կին սոցիալիստների համագումարում Կլարա Ցետկինն առաջարկեց հիմնել կանանց օր, նա նկատի ուներ ամենևին էլ ոչ այն, ինչ մենք այսօր նշում ենք Մարտի 8-ին: Գաղափարը կանանց համերաշխությունն էր հավասար իրավունքների համար պայքարում: Ո՞վ կարող էր մտածել, որ հենց կանանց խրախուսական հավանությամբ բուն տոնի իմաստն ու էությունը կնենգափոխվի անհավասարությունն ամրագրող՝ կանանց թուլության մասին երկարաշունչ ելույթներով , «Մնացե՜ք նույնքան հմայիչ» կարգի կենացներով կամ սեքիստական բնույթի տափակ կատակներով:
Ըստ էության, մեր ընկալումներում Մարտի 8-ն շարւնակում է մնալ մի օր, երբ տղամարդիկ իրենց կանանց ու կին գործընկերներին ծաղիկներ են նվիրում, ոմանք էլ կատարում են տնային գործերը կանանց փոխարեն: Դրա պատճառները պետք է փնտրել հաղթանակած սոցիալիզմի երկրում, որտեղ, ինչպես պնդում էր պետական քարոզչությունը, կանանց և տղամարդկանց հավասարությունը իրականություն էր դարձել, և մնում էր միայն հարկ եղած ձևով այդ նվաճումը նշել: Խորհրդային երկիրն այլևս չկա, իսկ մենք սովորույթի ուժով շարունակում ենք նշել… Բացի այդ գարուն է, մեր կյանքում տոներն այնքան էլ շատ չեն, ուրեմն ինչո՞ւ չօգտագործել առիթը ավելորդ անգամ հաճոյախոսություներ շռայլելու…
Ասել, թե կանայք դրան ընդդիմանում են կամ նրանց համար տհաճ է լսել իրենց ուղղված հաճոյախոսություններ ու առավել ևս նվերներ ստանալ, կնշանակի մեղանչել ճշմարտության դեմ: Հավանաբար, կանանց կողմից արտահայտված հենց այս բարեհաճությունն էլ ոգևորեց հայրենի ջենտլմեններին է՜լ ավելի մեծ սխրանքի՝ նրանք հիմնեցին կանանց փառաբանելու միամսյակ:
Գուցե պետք էլ չէ խորը իմաստ փնտրել այս նախաձեռնության մեջ: Լավագույն դեպքում այն ուղղակի ասոցիացիաներ է առաջացնում անվտանգ երթևեկության միամսյակների հետ, որ պարբերաբար անցկացվում են պետավտոտեսչության կողմից ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման նպատակով:
Նույն տրամաբանությամբ կարելի է ենթադրել, որ կանանց միամսյակը նույնպես անցկացվում է կանխարգելիչ նպատակով՝ չեզոքացնելու գեղեցիկ սեռի իրավունքներ պահանջելու բոլոր մկրտումները, այս դեպքում կանանց շարժման կողմից: Թեպետ կանայք անհանգստության հիմքեր առանձնապես չեն էլ տալիս. նրանք, որպես կանոն, իրավունքների կամ խտրականության մասին չեն խոսում նույնիսկ դրա համար հատկացված օրերին, ասենք թե մարտի 8-ին:
Ոչ այդ օրը, ոչ էլ դրան հաջորդող միամսյակին ընդունված չէ հիշել կանանց գործազրկության ու աղքատության աճի, ամենացածր վարձատրվող աշխատանքներում կանանց աշխատուժի օգտագործման, ներկա և ապագա մայրերի համար իրական սոցիալական երաշխիքների բացակայության մասին: Ընդունված չէ խոսել այն խոչընդոտների մասին, որոնք պետք է հաղթահարի մանագիտության մեջ, բիզնեսում կամ քաղաքականության մեջ կարիերայի ձգտող կինը: Թվում է՝ հասարակությունը ենթագիտակցական մակարդակում համակերպվել է այն մտքի հետ, որ կին լինելը նշանակում է լինել քաղաքականությունից և ղեկավար լծակներից մեկուսացված կարգավիճակում:
Արդարության համար նշենք, որ այս տարվա մարտի 8-ը հաճելիորեն տարբերվեց նախորդներից: Համենայն դեպս, հանրային կյանքում որոշակի բալանս նկատվեց կանանց մեծարելու միջոցառումների և իրավունքների պահանջատիրությամբ ակցիաների միջև: Նույնիսկ պաշտոնական ուղերձներում էր հիշատակվում կանանց առաջընթացի անհրաժեշտության մասին թեզը: Դա նշանակում է, որ ինչ-որ բան մեր մտածողության մեջ այնուամենայնիվ փոխվում է: Ինչ վերաբերվում է միամսյակին, ապա այն ի սկզբանե իմաստավորման կարիք ուներ, այլապես ավտոտեսչության կողմից հայտարարվող միամսյակների հետ զւգահեռներն անխուսափելի են…
Թամարա Հովնաթանյան
Դիտումների քանակը` 3291