Թամարա Գևորգյան. « Կնոջը պետք է դիտարկել որպես անվտանգության երաշխավոր»

 

 «Իրավունքի կենտրոն» հիմնադրամի նախագահ, «Կին լիդերներ»  ֆորումի անդամ,  սոցապ նախկին փոխնախարար  Թամարա Գևորգյանի կարծիքով նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերում չկան  կանանց հիմնախնդիրներին վերաբերող  հստակ դրույթներ: «Չեն առանձնացվել այս խնդիրները, առանձին մոտեցումներ ու մեխանիզմներ չեն առաջարկվել», –  ասաց նա  WomenNet.am-ի հետ զրույցում:  

 

 

– Եթե կինը որևէ կերպ հիշատակվում է, ապա միայն ծնունդօգնության վերաբերող խնդրում: Այս դրույթը գործող նախագահի ծրագրում է ընդգրկված: Սակայն հետաքրքրականն այն է, որ միայն խոսվում է ծնունդօգնության միանվագ նպաստի մասին, որը տրվելու է երրորդ և չորրորդ երեխայի դեպքում: Չկան հստակ մեխանիզմներ, որոնք թույլ կտային պատկերացնել, թե առաջիկա հինգ  տարիների ընթացքում, ինչ միջոցառումներ են իրականցվելու երկրում ծնելիության մակարդակը բարելավելու ուղղությամբ: Հատկապես այն դեպքում, երբ մեր պետությունը լուրջ դեմոգրաֆիական խնդրի առջև է կանգնած, սա մեր գերակա ուղություններից մեկը պետք է լինի: Ծերացող ազգի պարագայում  չխոսել, չխորհել և հստակ մեխանիզմներ չառաջարկել առաջին իսկ երեխայի ծնվելու դեպքում, կարծում եմ սա մեծ բացթողում է:

 

 

Ուսումնասիրել եմ նաև մյուս թեկնածուների ծրագրերը և այնտեղ կանանց  հիմնախնդիրների մասին առանձին դրույթներ չեմ տեսել: Այս խնդիրը ես կդիտարկեի  ավելի խորքային, սա նշանակում է, որ մեր նախագահի թեկնածուները  չեն տիրապետում կամ չեն  կարծում , որ նման խնդիրներ  կան  մեզանում:

 

 

Մի կողմից մենք, որպես պետություն, հռչակել և ասում ենք, որ կարևոր են մեզ համար այս խնդիրները, վավերացրել ենք կոնվենցիաներ, պարտավորություններ ունենք իրավունքի տեսանկյունից, հայեցակարգ ենք ընդունել, որ պետք է կոնկրետ միջոցառումներ ձեռնարկվեն, որպեսզի կնոջ դերը բարձրանա հասարակության մեջ: Մյուս կողմից,  նախագահի թեկնածուների ծրագրերում նման խնդիր չի էլ հիշատակվում: Մինչդեռ եթե խոսում ենք պետության անվտանգության մասին, այստեղ նույնպես կնոջը պետք է դիտարկել որպես անվտանգության երաշխավոր: Եթե մենք կնոջն ուղղված  հստակ մոտեցումներ չենք ամրագրում, ապա մեր կանայք չեն մայրանում, չեն ուզում, վախենում են մեկից ավել երեխա ունենալուց… Եվ անկախ նրանից , ով վաղը կդառնա ՀՀ նախագահ, նա   պետք է հաշվի առնի այս հարցերը …

 

Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 6493

Գլխավոր էջ