Անդրիաս Ղուկասյան. «Կան խնդիրներ, որոնց լուծումը պետք է անպայման իրականացնեն կանայք» …

 

Քարոզարշավի հենց սկզբից` հունվարի 21-ից հացադուլում գտնվող ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը չի պատրաստվում դադարեցնել բողոքի իր ակցիան: Նրա մոտ շուրջօրյա ծառայություն են իրականացնում շտապօգնության աշխատակիցները: Թեկնածուն պահանջում է վերջ տալ «շինծու ընտրություններին»:

Այսօր նախագահի թեկնածուն պատասխանեց WomenNet.am-ի մի քանի հարցի:

 

-Կինը պե՞տք է զբաղվի քաղաքականությամբ:

-Գիտե՞ք, քաղաքականությունը պրոֆեսիոնալ գործունեություն է: Եվ կանայք անպայման պետք է ներգրավված լինեն այդ գործունեության մեջ: Դա շատ կարևոր է, որովհետև…Ի՞նչ է քաղաքական գործունեությունը: Քաղաքական գործիչը դիմում է հանրությանը, որպեսզի ստանա նրա վստահությունը` հանրության համար ինչ-որ խնդիրներ լուծելու նպատակով: Բնականաբար, կան հանրության կողմից բարձրացված խնդիրներ, որոնց  լուծումը  անհրաժեշտ է, որ իրականացնեն կանայք:

 

 

Այսօր կանայք բավարար կերպո՞վ են ներկայացված քաղաքական դաշտում:

-Քաղաքական համակարգն այսօր այնպիսին է, որ կանայք անհրաժեշտ չափով ներկայացված չեն, բացի դրանից, նրանց ձայնը լսելի չէ: Իսկ նրանք, ովքեր կան, էական ազդեցություն չունեն: Դա կախված է կուսակցական համակարգի ճգնաժամի, անկման հետ: Ես գտնում եմ, որ միայն լուծարելով հակասահմանդրական գործունեություն ծավալող կուսակցությունները, մենք դաշտ կբացենք նորմալ քաղաքական ուժերի ձևավորման համար: Ես կարծում եմ, որ այդ դեպքում կանայք նույնպես ներգրավված կլինեն իրական քաղաքական գործընթացներում:

 

-Իշխանության ո՞ր ճյուղում են, ըստ ձեզ, կանանց ներկայությունը առավել շատ է պահանջված` գործադի՞ր, օրենսդի՞ր, դատակա՞ն…

-Ես չեմ բաժանում, և օրենսդիր, և գործադիր, և դատական: Ես գտնում եմ, որ պետական աշխատանքի հարցում չպետք է լինի ոչ մի խտրականություն` ոչ ռասայական, ոչ ոչ սոցիալական, ոչ գենդերային և որևէ այլ սկզբունքոբ: Խնդիրը ոչ միայն այն է, որ կանայք քիչ են ներգրավված քաղաքականության մեջ, այլև ազգային փոքրամասնությունները ներգրավված չեն…

 

Հ. Կարապետյան

 

Դիտումների քանակը` 3709

Գլխավոր էջ