ՀԿ-ները հիասթափված են, բայց կպայքարեն «Ընտանեկան բռնության մասին» օրենքն ընդունելու համար
Հայաստանի կառավարությունը նպատակահարմար չի գտել հավանություն տալ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծին: Սա մեծ հիասթափություն է առաջացրել ընտանեկան բռնության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մոտ:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Կանանց հիմնահարցների բաժնի պետ Արմենուհի Թանաշյանը WomenNet.am-ին հայտնեց, որ կառավարությունը օրինագիծը մերժել է այդ տեսքով, «բայց շարունակելու է աշխատանքը այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու առումով: Այն մեխանիզմները, որոնք ներկայացված են այդ օրինագծում, հնարավորինս ներառվելու են Քրեական, Քրեադատավարական, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում»:
Հարցրեցինք` բավարարում է կառավարության այդ պատասխանը և չի՞ պատրաստվում նախարարությունը նույն օրենսդրական նախաձեռնությունը ներկայացնել կառավարությանը: Ա. Թանաշյանը պատասխանեց. «Կառավարությունը հստակ իր կողմնորոշումն ասել է, լիազոր մարմինը հանձնարարական է ստացել փոփոխություններ կատարել այլ օրենսդրական ակտերում: Մի քիչ անիմաստ է նույն նախաձեռնությամբ հանդես գալը»:
«Ընդդեմ կանանց նկատմամաբ բռնության» կոալիցիան սակայն մտադիր է չհանձնվել, պայքարի միջոցով հասնել «Ընտանեկան բռնության մասին» օրենքի` որպես առանձին իրավական ակտ ընդունելուն:
Երեկ կոալիցիայի կազմի մեջ մտող ՀԿ-ներից երեքի` «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահ Սուսաննա Վարդանյանը, «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի տնօրեն Լարա Ահարոնյանը, «Կանանց աջակցման կենտրոն»-ի տնօրեն Մարո Մաթոսյանը ՄԻՊ գրասենյակում հրավիրած ասուլիսի ընթացքում հրապարակեցին բաց նամակը` ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու վարչապետ Տիգրան Սարգսյանին: Նշենք, որ ասուլիսին մասնակցում էր նաև ՄԻՊ կանանց հարցերով խորհրդական Աննա Սաֆարյանը, ով ևս օրենքի ընդունումը անհրաժեշտություն է համարում:
«ՀՀ կառավարության որոշումն ապացուցում է, որ չկա հստակ պատկերացում ընտանեկան բռնության մասին, որովհետև գենդերային կամ ատելության հիմքով բռնությունները եզակի են և չեն տեղավորվում քրեական կամ քաղաքացիական պատասխանտվության շրջանակներում: Օրենքի նախագծի ընդունումը հետաձգելով, մենք կորցնում ենք շատ թանկարժեք ժամանակ և անմեղ մարդկանց բազմաթիվ կյանքեր, ինչպես նաև ծանրացվում է կառավարության վրա դրված բեռը, որովհետև ընտանեկան բռնությունը հանրային առողջության և տնտեսության հետ կապված լուրջ խնդիր է»,-ասված է երկրի առաջին ու երրորդ դեմքին ուղղված բաց նամակում:
Սուսաննա Վարդանյանն ընդգծեց, որ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծում որևէ պատժամիջոց չի սահմանվում, իսկ Քրեական օրենսգիրքը սահմանում է քրեական պատասխանատվություն, առաջարկում են, որ փոփոխությունները մաս-մաս կատարվեն տարբեր օրենսգրքերում:
«Եթե օրենքը մասնատվի, ապա կկորցնի իր դեմքն ու չի հասնի իր խնդիրներին»,-ասաց «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ նախագահը, բացատրելով, որ հիշկալ օրինագծի նպատակը ոչ թե բռնարարին պատժելն է, այլ ընտանեկան բռնությունների կանխարգելումը:
Լարա Ահարոնյանի խոսքով, թե մարզերում, թե Սփյուռքում գործող կազմակերպությունները պատրաստ են իրենց օգնել` նախագծին օրենքի ուժ տալու հարցում: Բաց նամակից հետո ՀԿ-ները նախաձեռնելու են ստորագրահավաք, իսկ արդեն մարտի 8-ի նախօրեին «Ոչ բռնությանը» կարգախոսով ակցիա են անցկացնելու կառավարության շենքի դիմաց:
Ս.Վարդանյանն ընդգծեց, որ սա պատահական օրինագիծ չէ, մշակվել է դեռ 2005 թվականին, դրանից հետո անցել վերամշակումների, փորձաքննությունների փուլը, ապա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից դրվել է շրջանառության մեջ, ավելին` նախագիծը գործող օրենսդրությանը համապատասխանացնելու համար ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով: Նախագծում էլ նշվում է, որ այն պետք է ընդունվի մինչև 2013 թվականը: ՀԿ-ները նշում են, որ Հայաստանը վավերացրել է Կանանց նկատմամաբ բոլոր տեսակի բռնությունների կոնվենցիան: «Մենք վճռականորեն կոչ ենք անում Կառավարությանը` հստակ քայլեր ձեռնարկել և հանձն առնել այն պարտականությունների իրականացումը, որոնք արտահայտված են վերջին տարիներին ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային տարբեր կոնվանցիաներում»,-նշեց Մարո Մաթոսյանը:
Ասուլիսի բանախոսներն ընդգծեցին նաև փաստը, որ բռնության ենթարկված կանայք շատ քիչ են դիմում իրավապահ մարմիններին, դիմելու դեպքում էլ նրանց ոչ պատշաճ վերաբերմունք է ցուցաբերվում: ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը նշեց, որ իրենց դիմումատուների բարձրացրած խնդիրների մեծ մասը վերաբերում է ոստիկանների արձագանքին:
«Ես անձամբ եղել եմ դիմումատուների հետ ոստիկանության բաժանմունքներում, անձամբ տեսել եմ ոստիկանների վերաբերմունքը: Շատ կարևոր է, որ ոստիկանները վերապատրաստված լինեն, տիրապետեն զոհերի հետ շփվելու հնարաքներին, քանի որ բռնության ենթարկվածները շատ ճնշված են լինում»,-ասաց Սաֆարյանն ու ընդգծեց, որ այս հարցում անելիքը միայն հասարակական կազմակերպություններինը չէ:
«Եթե օրենքը ընդունվեր, ոստիկաները պետք է անցնեին համապատասխան դասընթացներ` ո՞վ է ընտանեկան բռնության զոհը, ի՞նչ է բռնությունը, ինչպե՞ս պետք է օգնել զոհին` անկախ սեռից: Նախատեսվում է նաև դասընթացներ սոցիալական աշխատողների համար»,-ասաց Ս. Վարդանյանը, նախանձոց ավելացնելով, որ նման օրենք կա ու գործում է հարևան Թուրքիայում, Ադրբեջանում:
Հ. Կարապետյան
Կարդացեք նաեւ թեմայի ծուրջ մեր կայքում.
Անցյալ տարի ընտանեկան բռնության հետևանքով Հայաստանում 5 կին է մահացել
Կանանց ռեսուրսային կենտրոն . «Պետք է միասին պայքարենք»…
Ինչու՞ է ձգձգվում «Ընտանեկան բռնության մասին» օրենքի ընդունումը:
Դիտումների քանակը` 3760