Հրանտ Բագրատյան. «Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես լրջորեն հենվել եմ կանանց աշխատանքի վրա»

 

Ի՞նչ կարծիք ունեք քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության, կառավարման համակարգում կանանց դերի մասին – այս ու այլ հարցերի շուրջ WomenNet.am զրուցել է ՀՀ նախագահի թեկնածու, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ ՝  Հրանտ Բագրատյանի հետ:

 

–       Կարծում եմ կանանց ներկայությունը  խորհրդարանում կամ կառավարության մեջ՝ դրանց գործունեությանը կհաղորդի  ավելի մեծ դինամիկա: Կանայք կստիպեն, որ տղամարդիկ զսպված լինեն, իրենց ներկայությամբ չծխեն եւ ավելի շատ աշխատեն, քան խոսեն, իսկ խոսելուց  գրագետ խոսեն:

Այսօր  Հայաստանում կանայք դեռ ճնշված են եւ դեռեւս  ընկալվում  են միայն որպես  օջախը պահպանողներ: Դա սխալ է, որովհետեւ կինը կարող է լինել ոչ միայն լավ խորհրդատու, այլեւ աջակից: Դուք կարող եք հետաքրրվել, տարիներ առաջ Կոնյակի գործարանում մեծամասնություն էին կազմում կանայք: Նրանք միջին հաշվով ավելի ազնիվ են, ավելի զգացմունքային, իսկ դա լավ հատկություն է: Կանայք ավելի ուղղամիտ են: Չգիտես ինչու, ընդունված է համարել, որ կանայք ավելի քիչ խելք ունենք, բայց դա այդպես չէ: Ինձ թվում է՝ վերջին 100 տարվա ընթացքում կանայք ավելի արագ են զարգացել, քան տղամարդիկ:

 

Որքան էլ շատերը չընդունեն, բայց փաստ է, որ կնոջ բեռն ավելի բարձր է: Որպես տեսակ կինն այսօր ավելի զարգացած է եւ կանայք տասնհինգ տոկոսով ավել են ապրում եւ ստացվում է, որ կանայք ավելի կատարյալ են, քան տղամարդիկ: Թող տղամարդիկ չնեղանան, բայց ես փաստն եմ ասում: Իհարկե գիտության մեջ տղամարդկանց դերը հսկայական է, բայց հիմա կանայք այդ շեմն էլ են հաղթահարում ու հիմա էլեկտրոնային նոր զարգացումներին, ժամանակակից տեխնոլոգիաներին ավելի արագ են տիրապետում, քան տղամարդիկ եւ օգտագործելով ժամանակակից գիտության նվաճումները համարյա թե հասան տղամարդկանց:

 

Ձեր նախընտրական ծրագրում այս հարցերին անդրադարձե՞լ եք:  

 

– Ես իմ նախընտրական ծրագրում առանձին կետ չեմ հատկացրել կանանց կամ հավասար հնարավորությունների եւ իրավունքների ապահովմանը, որովհետեւ դրա կարիքը չունեմ, որովհետեւ ես նախ իմ ընտանիքում, հետո աշխատավայրում ու հիմա էլ շտաբում, իմ ողջ կյանքի ընթացքում կողմ եմ եղել հավասարության, միշտ բարձր եմ գնահատել կանանց, նրանց ընդունակություններն: Իմ ամբողջ կյանքի ընթացքում ես լրջորեն հենվել եմ կանանց աշխատանքի վրա, ընդ որում ոչ միայն կատարողական, այլեւ ինտելեկտուալ: Սակայն հավելեմ, որ պաշտպանության ոլորտին վերաբերող իմ ծրագրում, ես հստակ առաջարկում եմ ստեղծել կանանց կամավոր գնդեր, ես վստահ եմ, որ նրանք պետք է իրենց ընդունակություններն ու ինտելեկտը ներկայացնեն բանակում: Ես համոզված եմ, որ հայկական բանակը այս պարագայում կշահի:

Հ.Հ. 

Դիտումների քանակը` 3407

Գլխավոր էջ