Նանա Բագրատյան. «Եթե ֆինանսների նախարարը կին լինի` բյուջեն ամեն ինչի համար էլ կհերիքի»
«Կանայք ստվերում չպետք է մնան, նրանք պետք է ներգրավված լինեն երկրի հասարակական կյանքում և քաղաքական գործընթացներում», – այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի տիկին`Նանա Բագրատյանը WomenNet –ի հետ զրույցում:
-Մի փոքր պատմեք Ձեր մասին, ընտանիքի մասին: Հետաքրքիր է իմանալ նաև պարոն Բագրատյանի հետ Ձեր ծանոթության մասին:
– Ավարտել եմ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, ուսման ընթացքում ծանոթացել եմ ապագա ամուսնուս հետ, քանի որ նա իմ դասախոսն էր: Նա մեզ քաղաքատնտեսություն էր դասավանդում։ Ես այդ առարկան … ատում էի։ Իսկ նա չհամաձայնվեց նույնիսկ «չորս» նշանակել, պահանջեց, որ գնամ սովորեմ։ Մի քանի օր հետո գնացի, որ վերահանձնեմ։ Բայց արդեն սիրահարվել էինք։ Արդյունքում, ընտանիք, երկու երեխա՝ տղա և աղջիկ…
– Եվ ինչպիսի՞ն է «Ազատություն» կուսակցության լիդերի ընտանիքը…
– Առհասարակ շատ լիբերալ ընտանիք են, բոլորն ունեն խոսքի ազատություն, ազատ ապրելու իրավունք, բայց որոշում ընդունողը ինքն է , վերջին խոսքը իրենն է…
– Սիրո՞ւմ եք Ձեր աշխատանքը:
-Աշխատում եմ Սլավոնական համալսարանում՝ դոցենտ եմ լրագրության ամբիոնում ։ Աշխատանքս շատ եմ սիրում։ Պաշտում եմ երիտասարդության հետ շփվել …
-Որպես կին, երբևիցե խտրականություն զգացե՞լ եք, արգելքներ, դժվարություններ հաղթահարե՞լ եք:
-Այո, պատահել է։ Իմ կարծիքով տղամարդիկ թերագնահատում են կանանց։ Նրանք հաճախ շատ մերկանտիլ վերաբերմունք ունեն մեր նկատմամբ…
-Ձեր գնահատմամբ` կանանց ներուժը Հայաստանում ադյունավե՞տ է օգտագործվում:
– Կարծում եմ,որ ոչ։ Մեր ղեկավարների մեջ կանայք քիչ են։ Եթե ԱԺ-ում գոնե 30%-ը կանայք լինեին, հիմա մեր վիճակն այլ կլիներ։ Նույնը կառավարությունում։ Ինչո՞ւ, օրինակ, ֆինանսների նախարարը կին չլինի։ Կինը խնայող է։ Կարծում եմ, եթե ֆինանսների նախարարը կին լինի` բյուջեն ամեն ինչի համար էլ կհերիքի։
-Հայաստանում կանանց վիճակը բարելավելու համար ի՞նչ դրույթներ է առաջարկում Հրանտ Բագրատյանը, և առհասարակ որպես նախագահի թեկնածու ի՞նչ վերաբերմունք ունի գենդերային հավասարությանը:
– Նա գտնում է, որ կինն ավելի արդյունավետ աշխատող ու կատարող է , որ կանայք, սովորաբար, ավելի քիչ են ներգրավված լինում կոռուպցիայի մեջ։ Գիտեմ նաև, որ նա կողմ է քվոտավորմանը՝ պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով: Օրինակ, Հայաստանում կա 51 քաղաքապետի տեղակալ և նրանց թվում ընդամենը 1 կին։ Բա ամոթ չէ՞ իրեն քաղաքակիրթ համարող երկրի համար: Նրա ծրագրում կետ կա, ըստ որի երեխայի խնամքի համար տրվող արձակուրդը կարելի է ձևակերպել նաև տղամարդկանց անունով։ Այսինքն, եթե կինն ավելի շատ է վաստակում, ապա ընտանիքը հնարավորություն ունի որոշում կայացնել, որ երեխային խնամքի հետ կապված արձակուրդի մեջ ավելի նպատակահարմար է, որ տղամարդը գտնվի: Ամուսինս նաև առաջարկում է բանակում կանանց գումարտակներ ստեղծվեն՝ կամավոր ծառայության սկզբունքով։
-Իսկ դուք անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում կանանց հասարակական կամ քաղաքական ակտիվությանը:
-Շատ դրական: Կարծում եմ, նրանք պետք է ավելի շատ ներգրավված լինեն երկրի քաղաքական գործընթացներում: Կանայք չպետք է ստվերում մնան: Ի՞նչու այսօրվա նախագահի թեկնածուների մեջ կին չպետք է լիներ։ Ճիշտ է, նա մրցակցելու էր ամուսնուս հետ, բայց միևնույնն է, ես ինձ հպարտ կզգայի։
-Կարծիք կա, որ ակտիվ գործունեությամբ զբաղվող կանանց ընտանիքը տուժում է: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը:
-Ինչ-որ չափով, իհարկե, տուժում է` հաշվի առնելով քաղաքականությամբ զբաղվող մարդկանց ծանրաբեռնվածությունը:
-Հե՞շտ է նախագահի թեկնածուի կին լինելը:
-Ոչ, շատ դժվար է: Հատկապես, երբ համատեղում ես աշխատանքը, ընտանեկան հարցերը և այս նախըտրական անցուդարձը:
– Դուք վարչապետի կին լինելու փորձ ունեք , իսկ ինչպե՞ս եք պատկերացնում ձեզ երկրի առաջին տիկնոջ դերում, ի՞նչ հիմնախնդիրների լուծմանը կօժանդակեք այդ դեպքում:
– Փորձը անշուշտ կարեւոր է, բայց նախագահի կին լինելը, կարծում եմ, շատ ավելի դժվար է ու ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում: Ինչ վերաբերվում է հիմնախնդիրներին, ապա առաջինը, ինչին ուշադրություն կդարձնեմ՝ ծանր հիվանդություններով տառապող երեխաների խնդիրն է։ Նրանցից ոչ մեկը չպետք է ֆինանսների բացակայության պատճառով առանց բուժման մնա։ Երկրորդը` ես կուզենայի, որ ավելի մեծ ուշադրություն դարձվեր միայնակ մայրերին, որոնք առանց ամուսինների են երեխա խնամում: Լրջագույն պրոբլեմ է նաև այն, որ արտագաղթում են, որպես կանոն, տղամարդիկ և երիտասարդ կանանց շատերն ամուսնանալու և մայրանալու հնարավորություն չունեն։
-Ձեր ամուսինը հայտնի քաղաքական գործիչ է, իսկ Ձեզ հետաքրքրո՞ւմ է քաղաքականությունը:
-Հետաքրքրում է, բայց մասամբ: Չէի ցանկանա մտնել քաղաքականության մեջ, սակայն դիտորդի դերում լինելը հետաքրքիր է: Եվ որպես դիտորդ կարող եմ ասել, որ հաճախ տղամարդիկ քաղաքականության մեջ ազնիվ չեն, իրենց պահում են «բանսարկու կանանցից» էլ վատ։
-Դուք կիսո՞ւմ եք Ձեր ամուսնու գաղափարները, թե, այնուամենայնիվ, կան հարցեր, որոնց վերաբերյալ ձեր կարծիքները չեն համընկնում:
-Ես, իհարկե կիսում եմ նրա գաղափարները, բայց միշտ չէ, որ մեր տեսակետները համընկնում են:
-Իսկ նա հետևո՞ւմ է Ձեր խոհուրդներին:
– Հետաքրքիր բնավորություն ունի՝ միշտ ուշադիր լսում է իմ խորհուրդները, սակայն շատ հաճախ վարվում է այնպես, ինչպես ինքն է ճիշտ գտնում…
Ա.Հակոբյան
Կարդացեք նաեւ մեր կայքում.
Արմինե Հովհաննիսյան. «Բարեգործությամբ զբաղվելու համար պարտադիր չէ առաջին տիկին դառնալ»
Ռիտա Սարգսյան. Հայաստանի առաջին տիկնոջ ոչ պաշտոնական դիմանկարը
Անահիտ Թարխանյան. «Դրսում ես մասնագետ եմ, ղեկավար, իսկ տանը՝ պարզապես սիրող մայր եմ, սիրող կին»:
Դիտումների քանակը` 6107