Gallup International: «Հայ կանանց 7 տոկոսը պատրաստ է ստանձնել նախագահի պաշտոնը»

 

«Պատկերացրեք մի  իրավիճակ, երբ ձեզ առաջարկում են ՀՀ նախագահի պաշտոնը. հաշվի առնելով ձեր գիտելիքները և կենսափորձը, դուք կհամաձայնե՞ք զբաղեցնել այդ պաշտոնը»:

 

 

Այս հարցը « Gallup International » հայաստանյան ընկերության մասնագետները պատահական սկզբունքով ուղղել են Երևանում ու տասը մարզերում ապրող 18 տարեկանից բարձր 1080 հայաստանցիների: Հարցումն անցկացվել է փետրվարի 2-5-ը, հարցման մասնակիցները 46 տոկոսը տղամարդիկ են, 54 տոկոսը` կանայք: Ընկերության ներկայացուցիչ Գայանե Դաջունցը   WomenNet.am-ի խնդրանքով ներկայացրեց մի քանի հարցերի պատասխանները՝ սեռի հատկանիշով տարբերակված:

 

 

Պարզվում է, որ հայ կանայք տղամարդկանց համեմատ այնքան էլ հակված չեն նախագահի պաշտոնը ստանձնելուն: Ըստ հարցման արդյունքների, երկրի ղեկավարի պաշտոնում «կհամաձայնվեին» հանդես գալ հարցված տղամարդկանց 12 տոկոսը, իսկ կանանց` 7 տոկոսը: Այս հարցում չկարողացան կողմնորոշվել հարցված տղամարդկանց 9 տոկոսը, իսկ կանանց  6 տոկոսը:   Նախագահի պաշտոնը զբաղեցնել չեն ցանկացել հարցված կանանց 86 տոկոսը, իսկ տղամարդկանց` 80 տոկոսը, դրանով իսկ փշրելով այն միֆը՝ իբր Հայաստանում ամեն օր զարթնում է առնվազն  3 միլիոն նախագահ:

 

 

Իսկ թե ինչու չեն ուզում նախագահ դառնալ,  հարց չի եղել, – նկատեց  Գայանե Դաջունցը, չցանականալով  ենթադրություններ անել հնարավոր պատճառների մասին: Անդրադառնալով այլ հարցերի պատասխաններին նա նկատեց, որ կանանց ու տղամարդկանց դիրքորորշումների միջև շատ մեծ տարբերություններ չեն նկատվել:

 

 

Օրինակ, ըստ հարցման արդյունքների, քաղաքականությամբ  չհետաքրքրվող   կանանց ու տղամարդկանց թիվը նույնն է: Հարցված կանանց ու տղամարդկանց 29 տոկոսը ընդհանրապես չի հետաքրքրվում քաղաքականությամբ, իսկ  25 տոկոսը՝ «ավելի շուտ հետաքրքրված չեմ» պատասխանն է ընտրել:

 

 

Գրեթե նույնն է նաեւ քաղաքականությամբ հետաքրքրվող կանանց ու  տղամարդկանց թիվը,  ընդ որում,  հարցված արական սեռի ներկայացուցիչների միայն 11 տոկոսը նշել է, որ շատ է հետաքրքրված քաղաքականությամբ, նույն պատասխանն ընտրել է իգական սեռի ներկայացուցիչների 8 տոկոսը: Իսկ  «Ավելի շուտ հետաքրքրված եմ» տարբերակն ընտրել են հարցված կանանց 28 տոկոսը, տղամարդկանց` 24: Հարցին դժվարացել են պատասխանել կանանց 9 տոկոսը, իսկ տղամարդկանց` 10 տոկոսը:

 

 

«Ո՞ւմ օգտին կքվեարկեին, եթե ընտրությունները կայանային այս կիրակի» հարցի դեպքում էլ կանանց ու տղամարդկանց պատասխանները քիչ են տարբերվում, այսպես կոչված «գենդերային խզումը»  2-3 տոկոսից չի անցնում:

 

 

«Ամենամեծ տարբերությունը նկատվել է միայն Պարույր Հայրիկյանի  դեպքում: Նրան կընտրեին հարցված տղամարդկանց 3, իսկ կանանց 6 տոկոսը: Ես դա մի փոքր բացատրում եմ նրա հետ կատարված միջադեպով, որը կանանց շրջանում կարեկցանքի զգացում կարող էր առաջացնել», – նշեց ընկերության ներկայացուցիչը:

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նկատմամբ հունվարի 31-ին մահափորձ էր կատարվել, ինչի հետևանքով թեկնածուն հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանով: Փետրվարի 11-ին նա դուրս գրվեց հիվանդանոցից:

 

 

Ըստ հարցման արդյունքների, կարեկցանքի զգացումը չի աշխատել Անդրիաս Ղուկասյանի դեպքում, ով հունվարի 21-ից հասադուլ է իրականացնում Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց: Հարցվածներից ոչ մեկը չի ցանկացել իր ձայնը տալ նրան, ինչպես նաեւ  ԼՂՀ նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանին: Տղամարդիկ ձայն չեն տա նաև «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանին , բայց նրա օգտին պատրաստ է քվեարկել կանանց 0.5 տոկոսը: Նշենք, որ այս թեկնածուն արդեն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դիմումը բավարարվել է, այսինքն քվեաթերթիկում Ա. Հարությունյանի անունը չի լինի:

 

 

Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, ապա նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանի օգտին կքվեարկի կանանց 69, տղամարդկանց `67 տոկոսը, Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին կքվեարկի կանանց 24, տղամարդկանց` 26 տոկոսը, Հրանտ Բագրատյանի օգտին` տղամարդկանց 3, կանանց 2 տոկոսը, Վարդան Սեդրակյանի օգտին` տղամարդկանց 1, կանանց 0.2 տոկոսը: Նկատենք, որ վերջինիս  կին համակրողների շարքերը պետք է որ կտրուկ նոսրացած լինեին  նրա ակնհայտ սեքսիստական բնույթի հայտարարություններից հետո:

Հ. Կարապետյան

Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Ո ՞ւմ և ինչու՞ են նախապատվություն տալիս կին ընտրողները

 

Gallup organization. «Ընտրություններին մասնակցելու մտադրությամբ կանայք ու տղամարդիկ գրեթե հավասար են»

 

Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 3405

Գլխավոր էջ