Թամարա Գևորգյան. «Կատարվածը ոտնձգություն է յուրաքանչյուրիս հանդեպ»
«Երևույթը ինքնին սարսափելի է, այն ոտնձգություն է յուրաքանչյուր քաղաքացու, մեր անկախության և ուժեղ պետության հիմքերը խարխլելու հանդեպ», – ասաց WomenNet.am –իհետ զրույցում «Իրավունքի կենտրոն» հիմնադրամի նախագահ, կառավարման համակարգերի մասնագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Թամարա Գևորգյանը, մեկնաբանելով Պ. Հայրիկյանի նկատմամբ կատարված հանցագործությունը:
– Հայրիկյան անձը մեր ազատականության, ազատության ինքնորոշման համար պայքարող սիմվոլներից է, և եթե մենք այնքան հեռուն ենք գնացել՝ նենգության, ստորության մեջ և կարողանում ենք ոտնձգություն անել սիմվոլների հանդեպ, ապա հասարակ քաղաքացին, մարդը ՀՀ ում, ըստ էության, պաշտպանված չէ: Սա ցավ է բոլորիս համար: Անելիք և ասելիք շատ ունենք և մեր իշխանությունները, բոլոր այն ուժերը, ովքեր քաղաքականության մեջ են, պետք է համախմբվեն և պատասխան տան՝ օրենքի ամենայն խստությամբ: Հատկապես, այս պատասխանատու փուլում` ընտրությունների նախօրեին կատարվածը կարող է լուրջ խնդիր հանդիսանալ նաև արտագաղթի համար, որովհետև եթե մարդը պաշտպանված չէ իր երկրում, ապա ի՞նչ ապահով Հայաստանի, ի՞նչ արդար ու ուժեղ պետության մասին կարող ենք խոսել:
Այն ուղին, որ անցել և անցնում է Պարույր Հայրիկյանը խոսում է այն մասին, որ նա քաղաքական պատմության մեջ իր ուրույն տեղը զբաղեցնող անձ է, և չքաղաքականացնել այս պատահարը շատ դժվար է: Խոսքը չի գնում մի պատահական անցորդի կամ միջադեպի մասին և, կարծում եմ, կենցաղային որֆկել այս դեպքը, պարզապես լուրջ չէ: Ավելին, սա ապտակ է յուրաքանչյուրիս՝ սկսած ՀՀ նախագահից մինչև սովորական քաղաքացի :
Շատ ենք խոսում հայրենիքի ու հայրենասիրության մասին, բայց այն մթնոլորտը, որ տիրում է, քաղաքական այրերի կողմից հնչեցվող խոստումների արտահայտությունը չէ… Կանայք էլ այստեղ շատ հստակ ու խորքային անելիքներ ունեն: Ի վերջո, ի՞նչ զավակ ենք դասիարակում, իսկ պետության տեսանկյունից՝ ի՞նչ անելիքներ ունենք քաղաքական մշակույթը փոխելու գործում, քանի որ դրա մեղքը նաև մեր ուսերին է: Սա ևս մեկ մեսիջ էր բոլորիս, որ պետք է ոչ թե խոսենք, այլ գործենք: Որքանով կկարողանանք ճիշտ գնահատական տալ, բացահայտել և դատապարտել այս երևույթը, այնքանով հենց նույն իշխանությունները կստորագրեն հենց իրենց իսկ հնչեցրած բոլոր այդ լոզունգների, բառերի, ցանկությունների տակ: Քանի որ մենք խոսում ենք պետական այրերի մասին, ովքեր պատասխանատվություն են կրում յուրաքանյուր քաղաքացու համար, առավել ևս նախագահի թեկնածու անձի նկատմամբ:
Դիտումների քանակը` 5823