Նրան Ռեմբո էին ասում…
«Ինչ ասես չես սովորի ղարաբաղցիներից», – ժպիտով ասում է տիկին Սուսաննան` ափսեի մեջ լցնելով լոբով ու ընկույզով անուշաբույր ապուրը…և ռազմիկի կարգադրությամբ` չընդունելով և ոչ մի մերժում, սկսում ես համտեսել… Բաղադրատոմսի հարց ու փորձից էլ բռնկվում է մեր զրույցը Արցախյան պատերազմի մասնակից, մահապարտ Սուսաննա Գալստյանի հետ:
Փոքրիկ բնակարան, որը մեծ նորոգման կարիք ունի. մտածում ես, որ մարտական մեծ ուղի անցած այս կնոջ համար չէ, բայց և հյուրընկալ ու հյուասեր տիկին Սուսաննայի տան դռները միշտ բաց են հյուրերի համար:
Ահա այսպես, խմնամքով հարդարված սենյակում, ուր տիկին Սուսաննան զգուշորեն պահում է իր արխիվը` փաստաթղթեր, լուսանկարներ… մեզ տանում է հեռուն…
Սահմանների պաշտպանությունը տիկին Սուսաննան սկսել է դեռ Հայաստանից` Գոմք, Վանքաձոր… հետո ուղևորվել Ստեփանակերտ…
– Սկզբում հիվանդանոցում էի օգնում վիրավորներին, մասնագիտությամբ բուժքույր եմ, բայց հետո հասկացա, որ կարող եմ ավելի օգտակար լինել, եթե զինվորի կողքին լինեմ` հենց առաջին գծում…
Պատերազմական հիշողությունները հաճելիներից չեն, հիշելն էլ ու կրկին վերապրելը ծանր ու դժվար. հաղթանակը միայն մի կողմն է, իսկ բուժքույրի աչքը շատ բան է տեսել… վիրավորներ, գրադից հետո մասնատված մարմիններ…հարկ եղած դեպքում զենքից էլ է կրակել:
– 1992 -ն էր , զինամթերք էր պետք հասցնել: Քննարկում էին, թե ով կտանի, ասացի` ես: Բոլորը զարմացան, թե կինը՞ զինամթերք կտանի՞…Բայց ուղևորվեցինք` ես, վարորդը ու 18 տոննա զինամթերք: Բարեհաջող հասանք Վայք, բայց Սարավանում բուք էր, ոչ մի մեքենա չէր գնում: Ալյուրով բեռնված մի մեքենա էլ շրջվել էր: Վարորդն ասում է` հետ գնանք, իջի, …բայց հասկանում էի, որ կթալանեն, եթե մի քայլ հեռանամ մեքենայից, իսկ հետ գնալու մասին խոսք լինել չէր կարող… այդպես էլ գիշերը լուսացրինք… հիշում եմ ոնց էի շունչս պահել, զգույշ էի շնչում, ախր, մեքենան եզրին էր կանգնած… որ հիշում եմ, հիմա եմ վախենում, բայց այդ պահին Աստծո տված ուժը, ձգտումը ամեն ինչ մոռացնում էր…,- խոստովանում է տիկին Սուսաննան, ով ի վերջո տեղ է հացնում զինամթերքը, իսկ ահա նրան դիմավորած քաղաքապետը, տեսնելով նրան, զարմացած հարցնում է. « Ի՞նչ է մի տղամարդ չկար»…
Տիկին Սուսաննայի մեջ եղած ավյունն ու խանդավառությունը մինչ օրս էլ չի մարել, անգամ տան գործերն անելիս:
– Ջերմուկում եմ մեծացել: Հորս հետ որսի էի գնում, որսորդական հրացանին ու դանակին տիրապետելը նրանից եմ սովորել: Տան մեծն եմ, 5-7 տարեկանից անտառ էինք գնում, փայտ կտրում, բերում, – պատմում է տիկին Սուսաննան և ժպիտով հիշում նաև դպրոցական տարիները, թե ինպես էր ծեծում իր դասընկերուհիներին նեղացնող տղաներին:
– Հայրենսիրությունն էլ հայրիկիցս է գալիս: Նա հայրենական մեծ պատերազմի մասնակից է, հաճախ էր պատմում կռվի տարիներից…
Պատահական չէ, երևի թե այն, որ այս ընտանիքից 9 հոգի մասնակցել են Արցախյան պատերազմին` Տիկին Սուսաննան, նրա երկու որդիները, երեք եղբայները և երկու եղբոր որդիները:
Պատերազմի տարիներին էր նաև, որ տիկին Սուսաննան վաճառում է Երևանում իր բնակարանը և գումարը տրամադրում Ստեփանակերտում պատսպարված երեխաների խնամքի ծասերին:
Սուսաննա Գալստյանը կռվել է «Արծիվ» գումարտակում, բայց ինչպես ինքն է ասում, ինքը եղել է այտեղ, որտեղ իր օգնության կարիքն է զգացվել: Իր հախուռն խառնվածքի ու դիպուկ կրակելու համար էլ, նրան Ռեմբո մականունն էին տվել…Երկու անգամ զինամթերք է տեղափոխել, եղել է ամենաթեժ կետերում, վիրավորվել է Սարսանգի ջրամբարի տարածքի ազատագրման ժամանակ:
Այսօր էլ, առօրյա հոգսերն են տիկին Սուսաննայի կռիվը, որը սակայն այս մեծ մարտիկի համար իրականում մանրուքներ են: Նրա ցանկություններից մեկը իր զինվորական ճանապահով անցնելն է, լուսանկարելը ու մի գիրք ստեղծելը: Ցովոք, սակայն, այս փոքրիկ ծախսերը իրական խնդիր են դարձել արցախյան հերոսամարտիկ մահպարտ- կնոջ համար:
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 6038