Նելլի Դուրյան. «Ոստիկան` դա իմ կոչումն է, իմ աշխատանքն է, իմ կյանքը …»
Հայաստանի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության երրորդ վարչության պետի տեղակալ, անչափահասների գծով բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը լրագրողների մշտական ուշադրության կենտրոնում է: Նախ, անչափահասների իրավախախտումների հետ կապված ցանկացած տեղեկատվություն միշտ կարելի է հենց իրենից ստանալ: Երկրորդը, նա այն եզակի պաշտոնյաններից է, որոնք սերտ համագործակցում են կանանց և երեխաների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ և դրական են ընկալվում բոլորի կողմից: Եվ վերջապես, համաձայնվեք, որ կին «իսկական գնդապետները» իրավապահ համակարգում հազվադեպ երևույթ են ոչ միայն Հայաստանում: Դժվար չէ արդյոք կնոջ համար աշխատել այդ համակարգում, և առհասարակ ինչ խնդիրների հետ է բախվում կին ոստիկանը: Այս և այլ հարցերի շուրջ WomenNet.am-ի զրույցը Նելլի Դուրյանի հետ:
–Ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ մասնագիտությունը ընտրեցիք: Շատերը այն կարծիքին են, որ ոստիկանի աշխատանքը կնոջ համար չէ:
-Իմ շրջապատն էլ էր դեմ, որ ես այդ մասնագիտությունը ընտրեի: Սակայն, տեսնելով իմ համառությունը, համաձայնվեցին իմ տեսակետի, ցանկության հետ: Իմ ծնողները ոստիկան են եղել: Երևի թե իմ մասնագիտության ընտրության հարցում հենց այդ հանգամանք է մեծ դերակատարում ունեցել: Տեսել եմ իրենց աշխատանքը, նվիրվածությունը: Մայրիկս այս համակարգում աշխատել է 53 տարի՝ 18 տարեկանից, ես՝ 17: Մի խոսքով՝ տեսնելով ծնողներիս նվիրվածությունն իրենց գործին, լսելով իրենց քննարկումները, կարդալով համակարգի աշխատանքների վերաբերյալ գրականություն` իմ մեջ ծնվեց ոստիկան դառնալու մեծ ցանկություն:Իսկ հետո, տարիների ընթացքում հասկացա, որ ոստիկանությունը դա իմն է, ոստիկանը իմ կոչումն է, իմ աշխատանքն է, իմ կյանքը …
–Ձեզ հիմնականում տղամարդիկ են շրջապատում, խտրական վերաբերմունք երբևէ զգացե՞լ եք նրանց կողմից:
-Գնալով փոխվում է այդ մոտեցումը: Ես ինքս շատ խոչընդոտներ եմ հաղթահարել, դժվար ճանապարհ եմ անցել: Այն տարիներին, նախ համակարգ ընդունվելը անչափ դժվար էր: Մատերի վրա կարելի էր հաշվել, թե քանի կին է ընդհանրապես ոստիկանությունում աշխատում: Այսօրվա դրությամբ կանանց թիվը համակարգում շատ է: Միայն անչափահասների գործերով աշխատակիցների ավելի քան 30 տոկոսը, նույնիսկ մոտ 40 տոկոսը, կանայք են: Այն ժամանակ, օրինակ օպերատիվ աշխատանքում, որն այսօր ես եմ իրականացնում, միայն տղամարդկանց էին տեսնում: Չէր կարող այս ծառայությունում կին լինել, դա դիտվում էր որպես տղամարդու աշխատանք: Այդ կարծրատիպն էլ կոտրվեց, խտրականության այդ փուլն էլ անցանք: Իսկ ընդհանրապես, այս աշխատանքի մեջ դու պետք է ապացուցես, որ կարող ես, որովհետև սա դժվար աշխատանք է՝ դու ուսադիր ես կրում, դու զինվոր ես, ամեն օր աշխատում ես հանցագործությունների բացահայտման, կանխարգելման ուղղությամբ: Այդ իսկ պատճառով, պետք է ապացուցես հենց նույն տղամարդկանց, որ դու կարող ես, որ դա քոնն է և կարող ես նրանց հետ հավասար աշխատել:
–Տիկին Դուրյան, ասացիք, որ տարեցտարի կին ոստիկանների թիվն ավելանում է: Ինչ եք կարծում ՝ կանանց ներգրավվածությունը ոստիկանական համակարգում դրական արդյունք տալի՞ս է :
-Ես կարծում եմ՝ այո, դա տալիս է դրական արդյունք: Սակայն այս դեպքում եկեք խոսենք ոչ թե քանակի, այլ որակի մասին: Կանայք կան, ինչպես նաև տղամարդիկ, որոնք գալիս են ու հասկանում, որ սա իրենց տեղը չէ: Այստեղ պետք է գան մարդիկ, ովքեր պատրաստ են իրենց կյանքը նվիրաբերել : Ոստիկանն առավոտյան գնում է աշխատանքի և, ցավոք սրտի, չգիտի առավոտյան տուն կվերադառնա, թէ` ոչ: Գալիս են ու զգում, որ սա իրենցը չէ, դուրս են գալիս համակարգից: Ոստիկանը դա կոչում է, չեն լինում նախկին ոստիկաններ: Իսկ այն կինը, ով գտնում է, որ սա իրենն է, ապա, իմ կարծիքով, նրա առջև ճանապարհը բաց է: Ես պետք է փաստեմ, որ ղեկավարությունն էլ այսօր տալիս է կանանց առաջ գնալու հնարավորություն, նշանակում են պաշտոնների, որոնց նախկինում երբեք կանանց չեն նշանակել:
–Ինչպե՞ս եք լուծում ընտանիքի ու աշխատանքի համատեղման խնդիրը: Հարց, որ հուզում է ցանկացած աշխատող կնոջը…
-Եթե ասեմ, որ լիարժեք երկուսն էլ հասցնում եմ՝ մի տեսակ ճիշտ չի լինի: Այո, ես լիարժեք ամեն ինչ անում եմ՝ տնային տնտեսություն, ճաշ, երեխաների դաստիարակություն, ամեն ինչ: Ի դեպ, աշխատող կինը միշտ ավելի ճիշտ է իր ժամանակը դասավորում և ամեն ինչ հասցնում: Բայց, սա գնում է քեզնից, քո անձնականից, քո ընտանիքից: Երբ ես ետ եմ նայում, ապա զգում եմ, որ կուզենայի, կցանկանայի ավելի շատ ժամանակ տրամադրած լինեի իմ ընտանիքին: Աղջիկս մեկ-մեկ ասում է՝ մամ , ես ավելի շատ պապայի հետ եմ եղել: Այդ մասին ինձ ասելու առիթը բաց չի թողել: Իսկապես այդպես է եղել, որոշ ժամանակ քո ընտանիքից ես դու կտրում:
-Անչափահասների գործերով եք զբաղվում, երեխաներին պաշտպանելիս երևի թե հանդիպել եք շատ ծանր դեպքերի…
-Երեխայի թշվառ աչքերից այն կողմ ոչինչ գոյություն չունի: Իսկապես, դա այդպես է: Մեր աշխատանքը շատ կարևոր է, բայց միևնույն ժամանակ՝ շատ ծանր, ամեն օր հոգեկան ապրումներ ես ունենում: Բարեբախտաբար, տարեցտարի վիճակը դեպի դրականը փոխվում է : 1996-ից ես աշխատում եմ անչափահասների գործերով ստորաբաժանումում: Այն ժամանակ շատ ծանր դեպքեր էինք հանդիպում: Երբեք չեմ մոռանա այն դեպքը, երբ մայրը հրաժարվեց իր 10 տարեկան աղջկանից … Աղջկա աչքերը երբևիցե չեմ մոռանա… Միշտ երեխաների աչքերն եմ հիշում, որովհետև նրանց աչքերի մեջ ես տեսնում իրենց հոգեվիճակը: Շատ ծանր տարիներ էին, տա Աստված, որ դրանք այլևս չկրկնվեն: Հիմա նման դեպքեր շատ հազվադեպ են լինում… Երբեք պետք չէ դատել այդ մայրերին, ովքեր լքում են իրենց երեխաններին, նրանք այդ ժամանակ ինչ-որ սարսափելի, ինչ-որ ծանր հոգեհուզական վիճակի մեջ են լինում : Պետք է չէ առանց պատճառն իմանալու պիտակավորել, քննադատել նրանց:
– Ձեր տեսակետը ընտանեկան բռնության մասին, Ձեր գնահատմամբ՝ այն այսօր Հայաստանում լուրջ խնդի՞ր է:
-Բռնություն կա բոլոր պետություններում և բոլոր ժամանակներում: Խնդիրն այն է, որ պետք է անել հնարավորինս՝ այն նվազագույնի հասցնելու համար: Իսկ դրա համար անհրաժեշտ է կատարել համապատասխան կանխարգելման աշխատանքներ՝ քարոզչական, իրազեկման, դաստիարակչական բնույթի՝ սկսած դպրոցից: Այո, այդ առումով խնդիր կա, սակայն այն Հայաստանում լրջագույն չէ: Նույնիսկ ես կարող եմ ասել, որ այն մեզանում, համեմատած որոշ երկրների, ավելի քիչ է, քանի որ մեզ մոտ կին հարգել գիտեն, ընտանիք, մայր, ծնող, երեխա հարաբերությունները պահպանվել են, և մենք ավանդապաշտ ընտանիքներ եև: Այսինքն՝ դա կարելի է խնդիր համարել, բայց ոչ լրջագույն:
–Սակայն մեզանում կա տեսակետ, թե՝ դե մի հատ էլ ապտակեց, դա ինչ բռնություն է, կամ էլ ասենք՝ հոգեբանական բռնությունը առհասարակ որպես բռնություն չի ընկալվում և այլն:
-Դա ուղղակի գիտելիքների, իրազեկվածության պակաս է: Ժամանակն է, որ մարդիկ տեղեկանան և իմանան, թե ինչ է ընդհանրապես բռնությունը, բռնության ինչպիսի տեսակներ կան, կա հոգեբանական բռնության տեսակ, որի հետևանքները կարող են նույնիսկ ֆիզիկական բռնությունից ավելի ծանր լինել: Ուստի, անհրաժեշտ է իրականացնել դաստիարակչական բնույթի աշխատանքներ, որպեսզի այդ կարծրատիպերը կոտրվեն և մարդիկ հասկանան , թե ինչ է բռնությունը և ինչ ծանր հետևանքներ են դրանք ունենում:
–Ինչ կասեք «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ Ձեզ՝ դա անհրաժեշտությո՞ւն է:
-Ես ինքս այդ աշխատաքային խմբի անդամ եմ հանդիսանում: Մենք ունենք Քրեական օրենսգրքում համապատասխան հոդվածներ, որոնք կարգավորում են այդ հարցերը: Սակայն վերջին զարգացումները` ընտանեկան բռնության ակնհայտ դեպքերը՝ սկեսուր, ամուսին, խոշտանգումներ ընտանիքում, մտածելու տեղիք են տալիս: Մենք ունենք պրոֆիլակտիկ հաշվառման ձև, որտեղ հաշվառված են 400 անհաշտ ընտանիքներ: Այս աշխատանքները կատարվում են և կկատարվեն: Սակայն, եթե լինի նման օրենք, կարծում եմ, ավելի զգոն կլինեն նման ընտանիքների անդամները: Աշխարհի տարբեր երկրներում կա նման օրենք, պարզապես այն պետք է տեղայնացնել, որպեսզի լինի մեր ժողովրդին մտածելակերպին ավելի մոտ: Ոստիկանությունն իր առաջարկները ներկայացրել է: Պետք է այնպիսի օրենք ընդունել, որն, իսկապես, կկիրառվի և օգուտ կտա մեր ընտանիքներին, որպեզսի հնարավորինս զերծ մնանք բռնության դեպքերից: Օրենքն ավելի շատ կանանց է ուղղված, չնայած ընտանեկան բռնության մասին է և վերաբերվում է ընտանիքի բոլոր անդամներին, բայց կանայք ավելի շատ են տուժում, որոնք շատ ժամանակ վախից, որը տնտեսական կախվածության պատճառով չեն դիմում համապատասխան մարմինների օգնությանը, և, ցավոք սրտի, դա հանգեցնում է ծանր հետևանքներ…
Ա.Հակոբյան
Լուսանկարները՝՝
Ն. Դուրյանի անձնական արխիվից
Դիտումների քանակը` 11993