Նարինե Մկրտչյանի ժամկետը լրացավ. նա այդպես էլ գումար չգտավ
Այսօր` հունվարի 10-ին ժամը 14:00-ին լրացավ այն ժամկետը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տվել էր առաջադրված մի քանի թեկնածուներին ընտրագրավը վճարելու մասին վկայող անդորրագրերը հանձնաժողով ներկայացնելու համար: Սահմանված ժամկետում միայն «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը կարողացավ վճարել ԸՕ–ով պահանջվող 8 մլն դրամը:
Մյուս յոթ նախագահի պաշտոնին առաջադրված քաղաքացիները` Մհեր Հայրապետյանը, Ռոբերտ Սիմոնյանը, Պավլիկ Սարգսյանը, Նարինե Մկրտչյանը, Ռուբեն Այվազյանը, Ռոբերտ Ահարոնյանը և Տարոն Աբրահամյանը , այդպես էլ չվճարեցին նվազագույն աշխատավարձի 8000-ապատիկի չափով գրավը:
Նրանցից երեքը` Ռոբերտ Ահարանոյանը, Տարոն Աբրահամյանն ու Ռուբեն Այվազյանն մինչ ժամկետը լրանալը հայտարարեցին, որ դուրս են գալիս ընտրական հետագա պայքարից: Թե առաջադրված 15 թեկնածուներից ում որպես նախագահի թեկնածու կգրանցի ԿԸՀ-ն պարզ կլինի հունվարի 14-ին: Հենց այս օրն է ավարտվում թեկնածուների գրանցումը: Այս պահին կարելի է ենթադրել, որ առաջադրվածներից առնվազն յոթը դուրս են մնում ընտրագրավի պատճառով:
Նշենք, որ հունվարի 8-ին «Ա1+»-ին տված հարցազրույցում ՄԱԱ նախագահ, դասախոս Նարինե Մկրտչյանը ասել էր, որ փորձելու է գտնել գումարը: Նրա համոզմամբ, օրենքը, ըստ էության, ունեցվածքային ցենզ է սահմանել, մինչդեռ շատ երկրներում ընտրագրավի մասին վաղուց խոսք չկա:
«Ստացվում է այնպես, որ Հայաստանի պես աղքատ երկրում, որտեղ նվազագույն աշխատավարձը 32 հազար դրամ է, կարելի է սահմանել 8 մլն դրամ ընտրագրավ: Գտնում եմ, որ դա արված է քաղաքական շարժառիթներով, որպեսզի քաղաքական գործունեությունը սահմանփակվի, ինչու չէ նաև սեփականաշնորհվի»,- ասաց Ն. Մկրտչյանը:
Ընտրապայքարից հրաժարված «Ժամանակի էություն սոցիալիստական շարժման» ղեկավար Ռոբերտ Ահարոնյանի կարծիքով` ընտրություններ կարելի է չանցկացնել, այլ «միայն նախապես ստուգել, թե որ թեկնածուն ինչքան գումար ունի»: «Ընտրությունները «կաշիլյոկով» անենք ու որոշենք, թե ով հաղթեց»,- ասաց նա, հայտնելով լրագրողներին , որ թեպետ հավաքել էր անհրաժեշտ գումարը , բայց նպատակահարմար է համարում այն ծախսել իր իսկ ղեկավարած կազմակերպության կարիքների համար:
Նույն դիրքորոշումը ցուցաբերեց նաեւ արևելյան մարտարվեստների վարպետ Տարոն Աբրահամյանը, ով նշեց, որ մտադիր է ծախսել ընտրագրավի համար նախատեսված գումարը արևելյան սպորտաձևերի զարգացման համար:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի մեկնաբանմամբ՝ աշխարհում կան տարբեր մոդելներ, որոնք զերծ են պահում արհեստական թեկնածուներին ընտրապայքարից եւ դրանից մեկը ընտրագրավն է: Նրա խոսքով, օրինակ՝ Ֆրանսիայում թեկնածուն պարտավոր է հավաքել 500 ընտրովի պաշտոն զբաղեցնող անձանց ստորագրություն, որպեսզի կարողանա առաջադրվել: Որոշ երկրներում էլ, դա ընտրողների ստորագրությունների հավաքագրումն է:
Ըստ Հ. Թովմասյանի՝ աստիճանաբար շատ երկրներ հրաժարվում են այս մեխանիզմներից` ներմուծելով ընտրագրավը: «Ընտրագրավը հետ է վերադարձվելու, եթե դու 5 տոկոսը հավաքում ես, այսինքն, եթե դու իրական թեկնածու ես և ընտրապայքարում իրական շանսեր ունես, ապա հետ կստանաս»,- ասաց նախարարը:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 3674