Գենդերային հավասարության խթանման ԵԱՀԿ-ի գործողությունների ծրագիր. 10 տարի անց
Այս տարի ԵԱՀԿ-ն նշում է 2004-ին ընդունված Գենդերային հավասարության խթանման գործողությունների ծրագրի տասնամյակը: Հուլիսի 10-11-ը Վիեննայում կայացած առաջին ամփոփիչ համաժողովում քննարկվեց, թե իրականում ինչ հաջողություններ են գրանցել ԵԱՀԿ-ն ու մասնակից երկրները այս փաստաթղթի իրականացման հարցում:
Շրջադարձային այս փաստաթղթի հիմնական գաղափարը կայանում է նրանում, որ զարգացման բոլոր գործընթացներում կանանց ու տղամարդկանց լիարժեք ու հավասար մասնակացությունն է այն բանալին, որ բերելու է խաղաղության, բարգավաճման ու կայունության: Ըստ այդմ, գենդերային հավասարությունից շահում են և կանայք, և տղամարդիկ, շահում է ողջ հասարակությունը: Փաստաթուղթը բացի գաղափարախոսական մոտեցումներից, նաև քաղաքական պարտավորություն է ենթադրում բոլոր մասնակից պետությունների եւ առաջին հերթին հենց ԵԱՀԿ կառույցների համար` առաջնորդվելու բոլոր գործողություններում գենդերային զգայուն մոտեցումներով: Փաստաթղթում հատկապես շեշտադրվում է այն փաստը, որ գենդերային կոմպոնենտը հանդիսանում է անվտանգության հիմնախնդիրների անբաժան մաս:
Վիեննայում կայացած համաժողովի ընթացքում ԵԱՀԿ-ն ամփոփեց իր իսկ կառույցներում գրանցված հաջողությունները՝ ղեկավար պաշտոններում գենդերային անհավասակշռությունը: Այսպես, 2004-ից առ այսօր կանանց թիվը ԵԱՀԿ կառույցների ղեկավար պաշտոններում աճել է 15 տոկոսից մինչեւ 34 տոկոս:
Դիմելով ներկաներին ԵԱՀԿ խորհրդարանական շվեյցարական պատվիրակության անդամ Մարգարետա Քեդերֆելթը բարձր է գնահատել այն, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղեկավար կազմում գենդերային հավասարակշռությունը պահպանված է: Իսկ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Բաքվում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ (28 հուլիսի-2 հունիսի 2014 ) Վեհաժողովի բյուրոյի կազմում կեսից ավելին կանայք են ընտրվել:
Շվեյցարական պատվիրակության անդամը նկատել է, որ ԵԱՀԿ ԽՎ-ում ինը ղեկավար պաշտոններից յոթը կանայք են զբաղեցնում: Պատգամավորը կարևորել է նաև Բաքվում ընդունած հռչակագրում ՝ գենդերային հավասարության վերաբերյալ առաջարկությունները: Հռչակագիրն ընդգծում է կանանց նկատմամբ բռնության ու խտրականության վերացման, ինչպես նաև քաղաքական ու հասարակական կյանքում, որոշումների կայացման գործում կանանց մասնակցությանն ուղղված ջանքերի անհրաժեշտությունը ԵԱՀԿ երկրների տարածքում:
Ալբանիայի ներկայացուցիչն էլ ներկայացրել է իր հայրենիքում գենդերային հավասարության վիճակը: Նա նկատել է, որ թեև խորհրդարանում կանանց ներկայացվածության ցուցանիշը 7 տոկոսից հասել է 20-ի, սակայն օրենքի պահանջը՝ խորհրդարանում կանանց 30 տոկոս ներկայացվածությունն ապահովելը մնում է խրթին: Ալբանացի խորհրդարանականը նկատել է, որ կին քաղաքապետերի թիվն իր երկրում փոքր է, իսկ դա նշանակում է, որ խնդիրը դեռ լուծված չէ:
Սերբիայի ներկայացուցիչն էլ հայտարարել է, որ քաղաքական ուժերը կարող են առանցքային դեր խաղալ՝ նպաստելով կանանց մասնակցության ընդլայնմանը օրենսդիր մարմիններում: Նա կոչ է արել ԵԱՀԿ մասնակից պետություններին ու դրանցում գործող քաղաքական ուժերին երկխոսել ոչ միայն կառավարությունների, այլև կուսակցությությունների տարբեր օղակների հետ:
Նշենք, որ ԵԱՀԿ անդամ պետություններում կանանց ներկայացվածությունը խորհրդարաններում միջինում 22 տոկոս է: ԵԱՀԿ պաշտոնական կայքում ներկայացված է աղյուսակ, ըստ որի 2010-ին կանանց ներկայացվածությունը օրենսդիր մարմիններում ամենաբարձր ցուցանիշը` 40 %-ից ավելի, եղել է Շվեդիայում, Իսլանդիայում, Ֆինլանդիայում ու Նիդերլանդներում: Երկրների մեծամասնությունում ապահոված չէ կանանց ներկայացվածության 30-տոկոսանոց շեմը՝ այսպես կոչված «կրիտիկական զանգվածը», որի դեպքում , ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, կանայք ռեալ փոփոխությունների են հասնում օրենքներն ու քաղաքականությունը ավելի սոցիալական դարձնելու առումով:
Հայաստանը գտնվում է այդ աղյուսակի ստորին հորիզոնականներում ՝ Մոնտենեգրոյի, Կիպրոսի, Թուրքիայի, Հունգարիայի, Մալթայի հարևանությամբ: Այս երկներում, կանանց ներկայացվածությունը 20%-ի էլ չի հասնում: Հիշեցնենք, որ դրանք 2010-ի տվյալներն են, թեպետ Հայաստանի դեպքում 2012-ի խորհրդարանական ընտրություններից արդյունքներով քիչ բան փոխվեց՝ Ազգային ժողովում կանանց ներկայացվածությունը աճեց ընդամենը երկու կետով՝ դառնալով 10.7 տոկոս:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Օլիվեր Մակքոյ. «Լույսը թունելի վերջում այնուամենայնիվ երևում է»…
Ջյուն Զեյթլին. «Գենդեր» տերմինի միտումնավոր աղավաղումները պետք է վիճարկվեն…»
Դիտումների քանակը` 5053