Երիտասարդությունը աշխարհում և Հայաստանում
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Աշխարհի բնակչության մեկ քառորդը (1.8 միլիարդ մարդ) 10-ից 24 տարեկան է: Նրանց տեսակարար կշիռն ամենաբարձրն Աֆրիկայում է՝ ավելի քան 31%, ամենացածրը Եվրոպայում [2013, UNFPA]: Եվրոպական Միությունում 15-ից 24 տարեկանները կազմում են բնակչության 11.5%-ը [2013, Eurostat]:
Կրթություն․ աշխարհում մոտ 69 միլիոն դեռահաս դուրս է մնում դպրոցից: Այդ ցուցանիշն ամենաբարձրն է Ենթասահարային Աֆրիկայում և Հարավային ու Արևմտյան Ասիայում:
Գործազրկություն․ 2013 թ․-ին աշխարհում կար գրեթե 202 միլիոն գործազուրկ, որոնցից մոտ 74 միլիոնը 15-ից 24 տարեկան էին: Երիտասարդների գործազուրկ մնալու հավանականությունը երեք անգամ ավելի բարձր է, քան չափահասներինը: Որոշ երկրներում երիտասարդների գործազրկության մակարդակը գերազանցում է 50 տոկոսը (օր․՝ Իսպանիայում և Հունաստանում): Եվրամիության երկրներում երիտասարդության շրջանում գործազրկության մակարդակը կազմում է միջինը 23.5 տոկոս [2013, ILO]: Ըստ գնահատականների, գործազրկության տարածումը կասեցնելու համար 2015-ից մինչև 2030 թթ․ համաշխարհային տնտեսությունում պետք է ստեղծվի մոտ 670 միլիոն հավելյալ աշխատատեղ:
Աղքատություն․ աշխարհում 15-24 տարեկան մոտ 515 միլիոն դեռահաս և երիտասարդ ապրում է օրական ԱՄՆ 2 դոլարին համարժեք գումարից պակասով [UNESCO]: Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երեք երկրից երկուսը աղքատության կրճատման ռազմավարությունների կամ զարգացման ազգային ծրագրերի մշակմանը չի ներգրավում երիտասարդներին:
Հղիությունը դեռահասների շրջանում․ ողջ աշխարհում ամեն տարի ավելի քան 15 միլիոն աղջիկ ծննդաբերում է 15-ից 19 տարեկանում:
Բռնություն և մահացություն․ աշխարհում սեռական ոտնձգությունների մոտ 50 տոկոսը կատարվում է 16 տարեկանից ցածր աղջիկների նկատմամբ:
15-ից 19 տարեկանների մեջ մահացության տարածվածությամբ երկրորդ պատճառն ինքնասպանությունն է: Առաջին տեղում են չկանխամտածված վնասվածքները՝ այդ թվում, ճանապարհատրանսպորտային պատահարների, հրդեհների, ջրահեղձության արդյունքում:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ․ 2011 թ․ տվյալներով, մինչև 25 տարեկան երիտասարդները կազմում էին համացանցի օգտատերերի 45 տոկոսը: Ողջ աշխարհում ինտերնետից օգտվում է մինչև 25 տարեկանների 36 տոկոսը (համեմատության համար ինտերնետից օգտվում է 25 և ավելի տարեկանների 34 տոկոսը), սակայն այստեղ մեծ խզում կա զարգացած և զարգացող երկրների միջև: Թեև տոկոսային հարաբերությամբ զարգացող երկրների ցուցանիշները զիջում են երկուսից ավելի անգամ (77 ընդդեմ 30 տոկոսի), սակայն համացանցից օգտվողների բացարձակ թվով գերազանցում են մոտ երեք անգամ:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Հայաստանում 14-ից 24 տարեկանները կազմում են մոտ 500.000 կամ բնակչության 16.5 տոկոսը:
Կրթություն․ Հայաստանում երիտասարդների 99.76%-ը գրագետ է [2011, UNESCO]:
Աղքատություն․ երիտասարդների շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան երկրի միջին ցուցանիշը, որը կազմում է 32.4 տոկոս, և տատանվում է 32.7-ի (25-ից 29 տարեկաններ) և 36.3 տոկոսի (15-ից 17 տարեկաններ) միջև [2013, Աղքատությունը և սոցիալական պատկերը, ՀՀ ԱՎԾ]:
Գործազրկություն․ Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գործազուրկ է 18-30 տարեկանների մեջ՝ 18.7%-ը, 20-24 տարեկանների մեջ՝ 23.4%-ը, այն դեպքում, երբ Հանրապետությունում գործազրկության միջին մակարդակը կազմում է 15.4% [2013, ՀՀ ԱՎԾ]: Միևնույն ժամանակ, ըստ ՄԱԿ-ի տվյալների, 15-24 տարեկանների շրջանում գործազրկության մակարդակը գերազանցում է 40 տոկոսը [2013, UNDP]:
Նվազագույն ամուսնական տարիք․ 18` թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար:
Միջին ամուսնական տարիք․ եթե 2001 թ.-ին ամուսնական միջին տարիքը կանանց համար 22.8 էր, իսկ տղամարդկանց համար 26.9, ապա 2012-ին՝ կանանց համար 25․3 էր, իսկ տղամարդկանց համար՝ 28.8:
Հայաստանում ամուսնացած չեն 27-29 տարեկանների ավելի քան մեկ երրորդը, իսկ 30 տարեկանների մեջ՝ յուրաքանչյուր չորրորդը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]:
Հղիությունը դեռահասների շրջանում․ Հայաստանում 15-ից 19 տարեկանների մեջ ծնունդների ցուցանիշը (1,000 կնոջ հաշվով) 28.3 է [2013, ՄԱԿ ՏՍՀՎ]: Ըստ ՀՀ ԱՎԾ-ի 2011 թ. տվյալների, այս ցուցանիշը կազմում է 26.4 (ներառյալ մինչև 15 տարեկանը), քաղաքային վայրերում՝ 20.3, գյուղական վայրերում՝ 35.1: Ընդ որում, գրեթե բոլոր ծնունդներն այս խմբում բաժին են ընկնում 18 և 19 տարեկաններին [2010, ԺԱՀՀ]:
Ինչու չեն ամուսնանում․ Երիտասարդության շրջանում ավելի տարածված են չամուսնանալու մշակութային, այլ ոչ թե տնտեսական պատճառները, թեև մշակութային պատճառները ավելի բնորոշ են կանանց (ուսում, տարիք, հարմար թեկնածուի բացակայություն), իսկ տնտեսականները՝ տղամարդկանց (աշխատանքի բացակայություն, ֆինանսական/սոցիալական խնդիրներ): Հետաքրքիր է, որ հարմար թեկնածուի բացակայությունը նշած աղջիկները մոտ երեք անգամ գերազանցում են նույն պատճառը նշած տղաներին:
Երեխաներ․ Ամուսնացած երիտասարդ զույգերի մոտ երեխա չպլանավորելու ամենախոշոր պատճառներն են արդեն մեկ կամ երկու երեխա ունենալը, ինչպես նաև տնտեսական և սոցիալական անբարեկեցիկ վիճակը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]:
Անպտղություն․ առողջական խնդիրները երեխա չպլանավորելու պատճառ է համարում երիտասարդների 8.6 տոկոսը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]: Ըստ 2009 թ․ ՄԱԲՀ հետազոտության տվյալների, 20-24 տարիքային խմբում անպտուղ կանանց և ամուլ տղամարդկանց բաժինը կազմել է համապատասխանաբար 8.3 և 10.2 տոկոս, իսկ 25-29 տարիքային խմբում՝ 20.2 և 14.3 տոկոս:
Արտագաղթ․ Հայաստանի երիտասարդության 83.5 տոկոսը հնարավորության դեպքում կմեկներ արտասահման՝ ժամանակավոր բնակության: Մշտական բնակության կցանկանար մեկնել երիտասարդների 36.8 տոկոսը [2011, Հայաստանի երիտասարդների ազգային զեկույց, ՀՀ ՍԵՀՆ]:
Տեղեկատվական տեխնոլոգիաներ․ Հայաստանի երիտասարդներից տանը համակարգիչ ունի 54.6%-ը, իսկ ինտերնետին միացված համակարգիչ` 47.1%-ը: Բջջային հեռախոս ունի երիտասարդների 99.6 տոկոսը: Երիտասարդների 78.4%-ն ընդգրկված է որևէ սոցիալական ցանցում:
Ըստ Հայաստանում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հաղորդագրության
Դիտումների քանակը` 4716