«Որ մեր երկրում հիասթափված հայացքներ չլինեն»
Ինչի՞ մասին են երազում հայ երիտասարդները
Խորհրդային տարիներին երիտասարդնեը տարված չէին հարստանալու ու բիզնես ստեղծելու մոլուցքով ,այլ երազում էին նախընտրած ոլորտում մեծ հաջողությունների հասնել հայտնի,հարգված,ճանաչված լինել: Ու որևէ մեկի հաջողության պատմությունը վարակիչ էր դառնում բոլորի համար:
Այսօր սակայն փոխվել է երիտասարդներիի երազանքների ձևն ու բովանդակությունը: Նրանց համար երազանքի նման բան է դարձել ապրել օրենքի երկրում: Հարցախույզիս մասնակիցները ինչի՞ մասին եք երազում իմ հարցին ի պատասխան առաջինը ասում էին. «Ուզում ենք ապրել այնպիսի երկրում ,որ օրենքը հավասար լինի բոլորի համար»:
Արսեն Գալստյան 28 տարեկան – Որպես երիտասարդ , կուզեմ մեր երկրում փոխվի ամեն ինչ,բայց ոչ թե հիմնահատակ քանդեն ու սկսեն «կառուցել», այլ ինչ որ անպիտան ձեւով են կառուցել դա փորձեն շտկել եւ նորովի ու ճիշտ փոփոխություններ անեն… Կուզեմ, որ այնպիսի քաղաքականություն վարեն, որ երիտասարդները կարողանան ամուսնանան եւ հույս ունենան, որ իրենց աշխատանքով տանիքի տեր են դառնալու, որ չմտածեն երկիրը թողելու մասին: Կուզեմ, որ թալանը վերանա, ոչ միայն երկրի թալանը այլ մեր սեփական գրպանների հաշվին թալանը, այնպես որ շատ բան կա փոխելու , այլ հարց է թե ո՞վ է փոխելու: Դա է Հարցերի ՀԱՐՑԸ…
Մարինե Հակոբյան 21 տարեկան. Երազում եմ ,որ երկրում գործի սահմանադրության առաջին հոդվածը, երազում եմ արժանավայել ապրել,ունենալ բարձրագույն կրթություն անգլերեն սովորել ու արտասահման մեկնել
Հասմիկ Բոյաջյան 25 տարեկան -Որպես երիտասարդ մեծ է ցանկությունս, որ հավասար պայմաններ ստեղծվեն բոլորի համար, ու առաջ գնալու հնարավորություն լինի, կարծես` խեղդված է ապրում երիտասարդությունը, հնարավորություն չունի ցուցաբերելու իր ողջ ներուժը, եւ բավարարվում է այնքանով, որքանով հնարավորություն է ստեղծում պետութունը: Իսկ դա շատ քիչ է, ու չեմ ուզի, որ այդ ամենի հետևանքը դառնա արտագաղթը: Իսկ առհասարակ երազում եմ , որ գա մի օր որ մեր երկրում հիասթափված հայացքներ չլինեն , ու երիտասարդները ամեն մի թեթև խնդրից չասեն ` գնալու եմ այստեղից:
Լուսինե Սողոմոնյան -27 տարեկան . Երբ ինձ հարց են տալիս երազանքի մասին,ես միանգամից ասում եմ ,որ երազում եմ ,որ Հայաստանը դառնա օրենքի երկիր ու բոլորը հավասար լինեն օրենքի առաջ: Իսկ ավտոմեքենա, սեփական բնակարան ունենալը, որակյալ կրթություն ստանալը ինձ համար պարզապես նպատակներ են ,որոնց ուղղակի հասնել է պետք: Իսկ հասնել կարող եմ միայն օրենքի երկրում:
Արամ – 25 տարեկան– Ես ապրում եմ Արմավիրի մարզի գյուղերից մեկում ու երազում եմ, որ մի օր բոլորը հասկանան, որ գյուղում ապրող երիտասարդն էլ երազանք ունի ,որ գյուղում ապրողն էլ ուզում է ապրել մարդավայել կյանքով: Հայրս ասում է,որ ժամանակին մեր գյուղում Երևանից թատրոն էին բերում ,համերգային ծրագրեր,իսկ հիմա նման բաներ չկան: Հիմա մեզ հիշում են այն ժամանակ, երբ ընտրություններ են լինում: Ես ուղղակի երազում եմ ,որ մեր գյուղը խմելու ջուր ունենա,որ մեզ աղջիկ տան, թե չէ ջուր կրելու համար մեր գյուղի տղաներին աղջիկ էլ չեն տալիս…
Արմինե Գեւորգյան
Լուսանկարը՝ Լիլիան Գալստյանի
Ի դեպ
«Հայաստանի երիտասարդների ձգտումները և ակնկալիքները» 2012-ին լույս տեսած զեկույցի համաձայն երիտասարդներն իրենց առջև ծառացած ամենաարդիական հիմնախնդիրներ են համարում գործազրկությունը (81,5%), ցածր աշխատավարձերը (47,4%) և բնակարանային խնդիրները (35,8%):
Հայաստանյան երիտասարդների գերակշիռ մասն առաջիկա 5 տարիների կտրվածքով լավատեսորեն է գնահատում իր ապագան. կանխատեսումների միջին գնահատականը կազմել է 4,12՝ առավելագույն 5-ից (երիտասարդների 50,7%-ը գտնում է, որ իր կյանքն էականորեն կբարելավվի, իսկ 31,4%-ը կարծում է, որ որոշ չափով կբարելավվի):
Զեկույցի համաձայն հարցվածների գերակշիռ մասը 78.5 տոկոսը կցանկանար հնարավորության դեպքում մեկնել Հայաստանից՝ աշխատելու, սովորելու, մշտական բնակություն հաստատելու կամ շրջագայելու նպատակով: Երիտասարդների 41,8%-ը նշել է, որ առաջիկա 3 տարիներին արտերկիր մեկնելու պլաններ ունի:
Հայաստանից մեկնելու գերակա նպատակն արտերկրում աշխատելն է. հարցված երիտասարդների 44%-ը ցանկանում է Հայաստանից դուրս մեկնել հենց այդ նպատակով: Երիտասարդների շրջանում տարածված է այն ընկալումը, թե արտերկրում աշխատանք գտնելու հնարավորություններն ավելի մեծ են:
Հետաքրքիր է, որ Հայաստանից մեկնելու ցանկացողների թվում աղջիկների եւ տղաների նպատակների տարբերությունները: Արական սեռի հարցվածների գերակա նպատակների եռյակը՝ արտերկրում աշխատելն է (58,0%), շրջագայելը (22,3%) և մշտական բնակություն հաստատելն է (17,1%): Իգական սեռի հարցվածների շրջանում առավել տարածված են շրջագայելու (40,7%), աշխատելու (35,3%) և սովորելու նպատակները (20,3%):
Ընդհանուր առմամբ պարզ է դառնում, որ երիտասարդների միգրացիոն մտադրությունները կրում են հարկադրված բնույթ: Այս հանգամանքը պայմանավորված է Հայաստանում երիտասարդների կենսական պահանջների բավարարման հնարավորությունների սահմանափակության ընկալմամբ, եզրակացնում են զեկույցի հեղինակները:
Դիտումների քանակը` 3315