«Նորարարություն հանուն երեխաների և հավասարության»
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն (ՅՈՒՆԻՍԵՖ) այսօր համախմբեց ներառական կրթության ոլորտի վեց գաղափարակիրների և երեխայի իրավունքների պաշտպանության ոլորտում փոփոխություններ իրականացնողներին` վերհանելու ոլորտի խնդիրներն ու քննարկելու, թե ինչպես է հնարավոր հաղթահարել այն խոչընդոտները, որոնց բախվում են հաշմանդամություն ունեցող երեխաները կրթություն ստանալու ճանապարհին:
Երևանի Այբ դպրոցում կայացած «Activate Talks» TED-ոճի միջոցառումը տարածաշրջանում առաջինն էր և նվիրված էր ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին: Միջոցառման կարգախոսն էր «նորարարություն հանուն երեխաների և հավասարության»:
Հայաստանում և աշխարհի այլ երկրներում տեղի ունեցող «Activate Talks» միջոցառումների ելույթները կարտացոլվեն այս տարվա` «Երեխաների իրավիճակն աշխարհում» զեկույցում, որը կհրապարակվի 2014թ. նոյեմբերի 20-ին ` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի ընդունման 25-ամյակին:
«Միջոցառումների այս շարքի միջոցով ՅՈՒՆԻՍԵՖ-ը կիրառում է իր համախմբող դերը` խրախուսելու կառավարությանը, քաղաքացիական հասարակությանը, ձեռնարկություններին, կրթական հաստատություններին և այլոց՝ գտնելու լուծումներ այն խնդիրներին, որոնց բախվում են ամենախոցելի իրավիճակում հայտնված երեխաները», – ասաց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Հենրիետ Արենսը: Ըստ այդմ, միջոցառման բանախոսների շարքում ընդգրկված էին տարբեր ոլորտների և զբաղմունքի մարդիկ՝ ձեռներեց, մանկավարժ, քաղաքագետ, բժիշկ, մայր և պարուսույց:
Միջոցառմանը ելույթ ունեցավ Զառա Բաթոյանը, ով լայնածավալ աշխատանք է իրականացրել հաշմանդամություն ունեցող մարդկանց և երեխաների իրավունքների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հասանելի միջավայրի ստեղծման խթանման ուղղությամբ: Նա նաև ներկաների ուշադրությունը հրավիրեց հածմանդամ աղջիկների խնդիրներին, նկատելով, որ նրանք հաճախ կրկնակի խտրական վերաբերմունքի են արժանանում հասրակության և նույնիսկ ծնողների կողմից:
«Մարդիկ չպետք է համակերպվեն, երբ ոտնահարվում են իրենց իրավունքները. Հաշմանդամություն ունեցող անձիք հենց իրենք պետք է առաջնորդեն և նախաձեռնեն իրենց խնդիրների վերհանումը», – ասաց նա: ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը քննարկեց կրթության ոլորտի բարեփոխումները և քաղաքականության մշակումը, ինչպես նաև կիսվեց իր փորձով` որպես Հայաստանի առաջին ներառական դպրոցի տնօրեն:
Քաղաքական վերլուծաբան Արտակ Բեգլարյանը ներկայացրեց իր առաջարկները ներառական կրթության կազմակերպման վերաբերյալ: «Շատ հաճախ հարցը ոչ միայն ֆինանսական միջոցների սղությունն է, այլ գործընթացում ներգրավված սուբյեկտների սխալ ընկալումները, որ մարդիկ ունեն հաշմանդամություն ունեցող ուսանողների կարողությունների վերաբերյալ: Երեխաներին պետք է ընդգրկել կրթական գործընթացներում ըստ նրանց կարիքների և կարողությունների՝ ընտրելով անհատական մոտեցում»: Արաբկիր բժշկական կենտրոնի վնասվածքաբանության ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանը նույնպես խոսեց հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ վերաբերմունքի և սիրո` որպես ներառական հասարակության հիմքում ընկած առանցքային գործոնի մասին:
Մասնակիցները նաև լսեցին Մերի Մարտիրոսյանին `միայնակ, գործազուրկ մոր, ում աղջիկը ծնվել է ՄՈՒՊ համախտանիշով, իսկ տղան ունի աուտիզմ: Մերին ընդգծեց իր պես մայրերի ծանր դրությունը, ում լքել են իրենց ամուսինները, և հաշմանդամություն ունեցող երեխաներ մեծացնելու այլ մարտահրավերները: Նա կառավարության և հասարակության կողմից առավել կանոնավոր աջակցության տրամադրման կոչ արեց`ուղղված հասարակությունում երեխաների լիովին ինտեգրմանը և նրանց ներուժի կատարելագործմանը: «Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները շարունակում են բնութագրվել որպես հուսահատ, թշվառ, կորսված և դժբախտ, բայց ես նկարագրում եմ իմ երեխաներին, որպես ուրախության, զարմանքի, հիացմունքի և երջանկության աղբյուր», – նշեց նա:
Միջոցառումն ամփոփվեց Հայաստանի առաջին և նորաստեղծ ներառական պարի խմբի կատարմամբ, որը գլխավորում է միջազգային պարուսույց-մանկավարժ Թենի Մաթյանը: Իր ելույթում Թենին ընդգծեց, որ արվեստը և պարը կարող են լինել հաշմանդամություն ունեցող նոր երեխաների դպրոցներում ինտեգրվելու առաջին քայլը:
Ըստ ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի
երևանյան գրասենյակի հաղորդագրության
Դիտումների քանակը` 4492