«Ժամանակն է գործել» և դադարեցնել սեռական բռնությունը հակամարտություններում

 

Լոնդոնում   ընթանում է  հակամարտություններում  բռնաբարությունների վերացմանը  նվիրված  գլոբալ գագաթաժողովը:

 

Ցանկացած զինված հակամարտության եւ պատերազմական գործողությունների ընթացքում տեղի են ունենում սեռական հանցագործություններ. բազմաթիվ կանայք, դեռատի տղաներ ու աղջիկներ բռնաբարությունների են ենթարկվում: Հայերը նման ողբերգություն ապրել են հատկապես 20-րդ դարի սկզբին, երբ հազարավոր հայ աղջիկներ պարզապես սեռական ստրկացման ու բռնաբարությունների  են ենթարկվել թուրքերի կողմից: Կանանց ու աղջիկների բռնաբարություններ  արձանագրվեցին նաեւ Սումգաիթյան ջարդերի ժամանակ եւ  90-ականների բոլոր  այլ հակամարտություններում: Ռուանդայում 1994-ի տեղի ունեցած կոտորածի ժամանակ, երբ  100 օրվա ընթացքում սպանվեց 800 հազար մարդ ` բնակչության 20 տոկոսը,   բռնաբարված կանանց թիվը ՄԱԿ-ի տվյալներով   250 հազարի հասավ:

 

Ցավոք խնդիրը արդիական է նաեւ 21-րդ դարում. սեռական բռնությունը բոլոր զինված հակամարտությունների անբաժանելի մասն է կազմում:   Սակայն  միայն վերջերս  միջազգային հանրությունը լրջորեն մտադրվեց  փոխելու այս իրականությունը, դիտարկելով բռնաբարությունը՝ որպես պատերազմական զենք : Անցյալ տարի ապրիլին  Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ մեծ ութնյակի երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարեցին, որ այսուհետ  հակամարտության պայմաններում կատարած բռնաբարությունը  և սեռական բռնությունը  համարվելու են  զինվորական հանցագործություններ և դիտարկվելու են որպես Ժնևյան կոնվենցիայի խախտումներ:

 

 

Պատահական չէ, որ  այս օրերին ՝ հունիսի 10-13-ը հենց Լոնդոնում է  ընթանում հակամարտություններում  սեռական բռնությունը դադարեցնելու խնդրին նվիրված  գլոբալ գագաթաժողովը, որը նախագահում են Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Վիլիամ Հագը եւ դերասանուհի Անջելինա Ջոլին, ով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակն է փախստականների հարցերով:

Գագաթաժողովին մասնակցելու համար Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք են ժամանել մոտ 100 երկրների 900 փորձագետներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հակամարտության ընթացքում սեռական բռնության ենթարկված անձինք եւ կրոնական միությունների առաջնորդներ: Նրանք պետք է միավորեն իրենց ջանքերը  հաստատելու այն կոնկրետ ծրագիրն ու գործողությունները, որոնք վերջ կդնեն բռնաբարության՝ որպես պատերազմական զենքի կիրառմանը:

 

 

Գագաթաժողովի բացման օրը Անջելինա Ջոլին իր ելույթում պատմել է մի բոսնիացի կնոջ պատմություն, ով, տեսնելով իրեն սեռական բռնության ենթարկած տղամարդուն ազատության մեջ, իրեն լքված է զգացել ամբողջ աշխարհի կողմից: «Այդ կինն իրեն այնքան ստորացված է զգացել, որ նույնիսկ չի կարողացել իր հետ պատահածը պատմել սեփական որդուն: Այսօրվա գագաթաժողովը հենց այդ կնոջն է նվիրված»,- հայտարարել է դերասանուհին: Նշենք, որ 2012-ին  էկրաններ բարձրացավ  Բալկաննրում քաղաքացիական պատերազմի ժամանակ  տեղի ունեցած բռնաբարությունների մասին  Անջելինա Ջոլիի «Արյան և մեղրի երկրում» ֆիլմը, որը դերասանուհու  առաջին ռեժիսորական դեբյուտն է հանդիսանում:

 

 

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Վիլիամ Հագն էլ նշել է, որ երկու տասնամյակ առաջ գրեթե 50 հազար բոսնիացի կին է սեռական բռնության ենթարկվել, սակայն նրանցից ոչ ոք չի կարողացել հասնել նրան, որ բռնարարը պատասխանատվության ենթարկվի: «Սեռականն բռնության մասին խոսելը դեռեւս տաբու է, մենք պետք է պայքարենք նաեւ այս տաբուի դեմ»,- հայտարարել է գագաթաժողովը նախագահողը:

 

 

Վերջին երկու տարիներին Վիլիամ Հագն ու Անջելինա Ջոլին բազմաթիվ հակամարտության կետեր են այցելել, որտեղ զրուցել են սեռական բռնության զոհերի հետ: Նրանց եւ բազմաթիվ փորձագետների կողմից հավաքագրված տեղեկատվությունն այս օրերին ներկայացվում է Լոնդոնում ընթացող գագաթաժողովում:

 

 

Գագաթաժողովի ընթացքում մշակվելու է միջազգային համաձայնագիր, որին միացած երկրները պետք է համատեղ ուժերով հետաքննեն եւ հավաքագրեն հակամարտությունների ընթացքում սեռական բռնության դեպքերը՝ հանցավորներին խիստ պատժի ենթարկելու նպատակով: Գագաթաժողովի մասնակիցները հուսով են, որ նման հետեւողական պայքար տանելու դեպքում հակամարտությունների ընթացքում հնարավորինս կնվազեցվեն սեռական բռնության ակտերը: Գագաթաժողովը կոչ է անում աշխարհի բոլոր երկրներին խստացնել սեռական բռնությանը վերաբերող ներքին օրենսդրությունը, որպեսզի բռնարարները արժանի պատժի ենթարկվեն ինչպես միջազգային, այնպես էլ ազգային դատական ատյաններում:

 

 

Հաջորդ քայլը լինելու է զինվորների եւ խաղաղապահների հետ հատուկ դասընթացների անցկացումը, որը կօգնի նրանց ավելի լրջորեն մոտենալ սեռական բռնությանը վերաբերող հարցերին եւ կանխել այն հակամարտության ընթացքում: Բրիտանիայի կառավարությունը 140 միլլիոն ֆունտ ստերլինգ է տրամադրել հակամարտության մեջ սեռական բռնության զոհերին աջակցելու եւ այս խնդրով զբաղվող մարդու իրավունքների պաշտպանների գործունեությունը խթանելու համար:

 

Բայց այս գագաթաժողովի գլխավոր անելիքը հասարակական գիտակցության վրա ազդելն է. մասնակիցները փորձում են գտնել ուղիներ, որով կկոտրեն այն կարծրատիպը, թե պատերազմի ընթացքում սեռական բռնությունն անխուսափելի է կամ պակաս հանցագործություն է, քան խաղաղ պայմաններում   գործած բռնարարքները:

 

Արման Ղարիբյան

 

Դիտեք  «Ժամանակն է գործել»/  Time to Act  քարոզարշավի  տեսահոլովակը.

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Սեռական բռնությունը որպես ցեղասպանության իրականացման միջոց

 

 

«Արյան և մեղրի երկրում». հրավեր ֆիլմի ցուցադրությանը / թրեյլեր

 

Բռնաբարությունը՝ ռազմական հանցագործությունների ցուցակում

 

«1915 թվականի կնոջ դեմքը»

 

Հայոց ցեղասպանությունն ու հայ կանանց կրկնակի ցավը…

 

«Դու պետք է քո պատմությունը պատմես»…/ վիդեո

 

«Ցեղասպանության որբերը» ֆիլմի պրեմիերան` ամերիկյան PBS հեռուստաալիքով/ վիդեո

 

Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վերահրատարակվել է Երևանում

 

Լեսկոն նրա անունը չէր…

 

 

 

Դիտումների քանակը` 4112

Գլխավոր էջ